Մատչելիության հղումներ

Շարմազանովը հպարտ է, որ Միկոյանի հայրենակիցն է


Իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հպարտանում է, որ բոլշևիկ Անաստաս Միկոյանի հայրենակիցն է. Ալավերդիում իր տունը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է Միկոյաննների տնից:

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչպես է վերաբերում մայրաքաղաքի իշխանությունների որոշմանը՝ Երևանի կենտրոնում կանգնեցնել ստալինյան բռնաճնշումների մասնակցի արձանը` մասնագիտությամբ պատմաբան Շարմազանովը վկայակոչեց Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլի խոսքերը, թե Անաստաս Միկոյանը համաշխարհային մասշտաբի պատմական դեմք է:

Իսկ դիտարկմանը, թե Ստալինն էլ պատմական դեմք է, Հանրապետականի խոսնակն արձագանքեց․- «Պատմական դեմքերի հետևից եթե մենք ընկնենք, ապա իմ մատների վրա կարող եմ գտնել պատմական դեմքեր, ում կենսագրությունը հակասական չէ: Միկոյանը եղել է պետական գործիչ Խորհրդային Միության»:

Շարմազանովն ասում է՝ անկախության կողմնակից է, բայց նիհիլիստական մոտեցումը մեզ որևէ տեղ չպետք է տանի, չի կարելի ամեն ինչ մերժել: Նրա համոզմամբ` պետք է գնահատել կարողանանք: Ադրբեջանում, օրինակ, Միկոյանի թեկուզ տասը տոկոս վաստակն ունեցող գործիչ չունեն:

Ազգային Ժողովի փոխխոսնակը չի տեսել այն փաստաթղթերը, որոնցում Միկոյանն առաջարկել է ավելացնել գնդակահարությունների և ձերբակալությունների ենթակա հայերի թիվը: «Եթե կա, թող հրապարակեն», - հայտարարեց Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, թե Ֆրանսիայում կա Նապոլեոնի արձանը, Մեծ Բրիտանիայում՝ ՕլիվերԿրոմվելինը, - «Նապոլեոնը ֆրանսիացիների համար հերո՞ս է, թե՞ հերոս չի: Օլիվեր Կրոմվելը, որի ձեռքերը մինչև արմունկները արյան մեջ են անգլիական հեղափոխության, հերո՞ս է, թե՞ հերոս չի: Ես ինքս Ալավերդուց եմ, և ես Միկոյան եղբայրների արձանին մշտապես ծաղիկներ եմ տանում: Ե'վ Արտեմ Միկոյանի, և' Անաստաս Միկոյանի: Երրորդ աշխարհամարտի գոյություն չունենալը կապված է եղել մեր հայրենակցի հետ»:

Միաժամանակ Շարմազանովն ընդունում է, որ Միկոյանը զերծ չի եղել թերոթյուններից, գուցե նաև սխալներից, ու իր անձնական կարծիքն ունի՝ Երևանում նրա արձանը կանգնեցնելու նախաձեռնության մասին. - «Ես չէի ուզենա, որ պետական գործիչների արձանները կռիվ-դավով դրվեն»:

«Շարմազանովը շատ բանով կարող է հպարտանալ, բայց դա չի նշանակում, որ այդ արժեքները պետք է արձանի տեսք ստանան», - «Ազատության» հետ ասաց ՀՅԴ Երևանի կոմիտեի անդամ Բագրատ Եսայանը, ում բնորոշմամբ Միկոյանը «պատեհապաշտության ու արյան խորհրդանիշն է»:

Դաշնակցությունը արձանի տեղադրումը որակում է սրբապղծություն ոչ միայն ստալինյան մարդատյաց ռեժիմի կողմից ոչնչացված հազարավոր անմեղ զոհերի հիշատակի և նրանց ժառանգների զգացմունքների, այլև պատմության, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրների առջև: Բագրատ Եսայանը վկայակոչում էր այն փաստաթուղթը, որով Միկոյանը առաջարկել է գնդակահարման ենթակա անձանց թիվը 500-ից դարձնել 1200, իսկ այդ մարդկանց շարքերում էին, օրինակ, Ակսել Բակունցը, Հովհաննես Քաջազնունին. - «Մեզ է հրամցվում մի կուռք, որը տասնամյակներ շարունակ այլ երկրի կուսակցական, պետական գործիչ է եղել, որի օրոք իսկապես Հայաստանի առաջին հանրապետությունը կործանվել է: Հայաստանի խորհրդային հանրապետության օրոք եղել են բազմաթիվ բռնադատվածներ, գնդակահարվածներ, աքսորվածներ: Եվ ավելի մեծ առումով` մարդ, որը մեղսակից է Ղարաբաղի, Նախիջևանի հանձնելուն, նվիրելուն Ադրբեջանին: Եվ մարդ, որը հանդես է եկել Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերադարձնելու դեմ»:

Բագրատ Եսայանը տարակուսած է. ինչպե՞ս է քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդառաջել այս նախաձեռնությանը՝ լինելով բռնադատված այլախոհ գործիչ Անդրանիկ Մարգարյանի որդին․ - «Հովհաննես Թումանյանի կինը տուն-թանգարանի բացման արարողության ժամանակ Անաստաս Միկոյանին չի թողել մտնի Թումանյանի տուն, քանի որ մարդը ուղղակի որևէ ձևով մատը մատին չի տվել Թումանյանի երեք որդիներին փրկելու համար, որոնք ձերբակալվել և գնդակահարվել են այդ տարիներին: Եվ հիմա նույն մի բռնադատվածի էլ զավակ, որ այսօր քաղաքապետի պաշտոնն է զբաղեցնում, հանգիստ պետք է նայի, թե ինչպես է իր ղեկավարած քաղաքում տեղադրվում նման մարդու արձանը»:

Ամենազարհուրելին, ըստ Բագրատ Եսայանի, այն է, որ գուցե քաղաքային իշխանություններին գումար են խոստացել արձանի տեղադրման դիմաց: Դաշնակցությունը Երևանի ավագանուց պահանջում է բեկանել այս որոշումը, իսկ մինչ այդ կուսակցությունը կազմակերպելու է խորհրդաժողով՝ պատմաբանների մասնակցությամբ՝ քննարկելու, թե ինչ է արել Միկոյանը Հայաստանի համար կամ Հայաստանի դեմ. - «Ինչո՞ւ չեն տեղադրում Աղասի Խանջյանի արձանը, որը նույնպես եղել է բոլշևիկյան կուսակցության գործիչ, և որևէ մեկը` դաշնակցական լինի, թե չլինի, այդ որոշման դեմ ոչինչ ասել չէր կարող: Բայց տեղադրվում է մի մարդու արձան, որը վնասից բացի հայ ժողովրդին և Հայաստանին որևէ օգուտ չի տվել»:

Հակադարձելով պատմությունը հանգիստ թողնելու կոչերին` Բագրատ Եսայանն ասաց, թե այդպիսի հայտարարություններ այսօր նաև Անկարայից են հնչում․ - «Ասում են` դե 1915 թվականի ինչ է... Այո, Առաջին համաշխարհային պատերազմ էր, դեպքեր են, եղել են, երկուստեք ցավ է եղել և պետք է դա թողնենք պատմաբաններին: Նույն բանը անում են այսօրվա իշխանությունները, որ` եկեք պատմությունը չքրքրենք»:

Հիշեցնենք Երևանու ավագանու այս որոշումը հաստատել են՝ «Հանրապետական» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները, դեմ է քվեարկել միայն «Բարև Երևան» դաշինքը:

Խորհրդարանական ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը փոխանցեց, որ կոնգրեսը ևս դեմ է այս նախաձեռնությանը:

Կառավարությունը որոշումը դեռ չի հաստատել, արձանը, սակայն, արդեն ձուլարանում է:
XS
SM
MD
LG