Մատչելիության հղումներ

Մոսկվան բողոքում է արքայազն Չարլզի հայտարարության կապակցությամբ, Լոնդոնը չի մեկնաբանում


Արքայազն Չարլզը ելույթ է ունենում Կանադայում, 21-ը մայիսի, 2014թ․
Արքայազն Չարլզը ելույթ է ունենում Կանադայում, 21-ը մայիսի, 2014թ․

Բրիտանական արտգործնախարարությունը և Ուելսի արքայազնի գրասենյակը ընդգծում են, որ Չարլզը Պուտինին Հիտլերի հետ համեմատել է մասնավոր զրույցի ժամանակ:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հինգշաբթի օրը հրաժարվել է մեկնաբանել արքայազն Չարլզի արտահայտությունը, որը վերջինս արել է մասնավոր զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինի մասին՝ Ռուսաստանի նախագահին համեմատելով Ադոլֆ Հիտլերի հետ:

Բրիտանական արտգործնախարարության Արևելյան Եվրոպայի դեպարտամենտի տնօրենի պաշտոնակատար Շոն ՄըքԼեոդը հինգշաբթի երեկոյան հանդիպել է Միացյալ Թագավորությունում Ռուսաստանի դեսպանի տեղակալ Ալեքսանդր Կրամարենկոյի հետ՝ ռուսական կողմի խնդրանքով: Կրամարենկոյի բողոքին ի պատասխան՝ բրիտանացի դիվանագետը հայտարարել է, որ պետք չէր ակնկալել, թե Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանելու է մասնավոր զրույցների ժամանակ արված հայտարարությունները, ասված է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության երեկ երեկոյան տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, Կանադայում գտնվող Ուելսի արքայազն Չարլզը, 88-ամյա Մարիենն Ֆերգյուսոնի հետ մասնավոր զրույցում մեկնաբանելով Ռուսաստանի քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ և Ղրիմի բռնակցումը, Վլադիմիր Պուտինին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ: «Աժմ նա անում է գրեթե նույնը, ինչ Հիտլերն էր անում», - բրիտանական Daily Mail-ի փոխանցմամբ՝ ասել է արքայազն Չարլզը:

Հոլոքոսթի ժամանակ Մարիենն Ֆերգյուսոնը կորցրել է իր հարազատներին, սակայն նրան հաջողվել է Լեհաստանից մեկնել Կանադա: Այժմ կանադական Հալիֆաքս քաղաքում Ֆերգյուսոնը Հոլոքոսթի թանգարանի կամավորներից է, և Բրիտանիայի թագաժառանգի հետ հանդիպման ժամանակ նրանք խոսել են նաև Հոլոքոսթից:

BBC-ի հետ զրույցում Ֆերգյուսոնը հաստատել է, որ արքայազնը Պուտինին համեմատել է Հիտլերի հետ: «Եվ ես նրա հետ համաձայն եմ, տեսեք՝ ինչ է անում այսօր Պուտինը Ուկրաինայում», - ասել է տարեց կանադուհին:

Արքայազն Չարլզի մամուլի ծառայությունը ևս հրաժարվում է մեկնաբանել արքայազնի այս հայտարարությունը՝ նկատելով, որ այն արվել է մասնավոր զրույցի ժամանակ:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Արևմուտքում, և ոչ միայն, Պուտինին համեմատում են Հիտլերի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG