Մատչելիության հղումներ

Փաստաբան. Ոստիկանները ցանկացել են մեկուսացնել դեկտեմբերի 2-ի ակցիայի մասնակիցներին


Այսօր Վարչական դատարանում տեղի ունեցավ դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի այցի օրը բերման ենթարկված ակտիվիստ Լալա Ասլիկյանի գործով նախնական դատական նիստը։

Ըստ մեղադրողի՝ «Ընդդեմ Մաքսային միության» բողոքի ակցիային մասնակցող Ասլիկյանը չի կատարել ոստիկանության օրինական պահանջը, չի դադարեցրել աղմուկն ու չի հեռացել Հյուսիսային պողոտայի երթևեկելի հատվածից։

Մինչդեռ ակտիվիստը համաձայն չէ այս մեղադրանքին, նրա ընկերներից մեկը տեսանկարահանել է, թե ինչպես են Ասլիկյանին ու մյուս երկու ընկերներին բերման ենթարկում Հյուսիսային պողոտայից՝ միայն թե ոչ երթևեկելի մասից։

Ասլիկյանին են մոտեցել մոտ 10 ոստիկաններ, ովքեր առանց ներկայանալու և բերման ենթարկելու իրավական հիմքը ներկայացնելու, պոկում նրան նստարանից ու տանում դեպի ոստիկանական մեքենա։

Այնուամենայնիվ, ոստիկանության ներկայացուցիչ Դիանա Վարդանյանը դատարանում պնդեց, որ Ասլիկյանը խանգարել է Հյուսիսային պողոտայի խաչմերուկներից մեկի երթևեկությունը՝ չկարողանալով նշել, թե որի։ Բացի այդ նաև պնդեց, որ Ասլիկյանին բերման ենթարկելուց առաջ ոստիկանները ներկայացրել ու բացատրել են բաժին տանելու իրավական հիմքը։ Ինչպե՞ս կապացուցեք, փաստաբանի հարցին Դիանա Վարդանյանը պատասխանեց, որ ոստիկանները վերապատրասվում են ու աշխատանքային պարտականություններին տեղյակ են։

«Ոստիկանության հայցը կեղծ է և անհիմն, իսկ ոստիկանության ներկայացուցիչները դատարանում պարզապես փորձում են արդարացնել Ասլիկյանին բերման ենթարկելը» - ասում է փաստաբան Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ այդ օրը ոստիկանները պարզապես ցանկացել են ֆիզիկապես մեկուսացնել ակցիայի մասնակիցներին։

«Այստեղ մենք նաև համակարգային խնդիր ունենք։ Այդ օրը քաղաքից հավաքվել է ոչ պակաս, քան 110 հոգի։ Եթե դատարանը ունենար այդ փաստերը, այլ կերպ կարող էր գնահատել, որ այս մարդիկ չէին կարող պատահականորեն բերման ենթարկվել, հետևաբար հետապնդվել են իրենց հայացքների համար»,- ասաց փաստաբանը։

Այսօրվա նիստի ընթացքում դատավորը թույլ չտվեց տեսանկարահանում իրականացնել, քանի որ նկարահանմանը դեմ էր ոստիկանության ներկայացուցիչը։ Ըստ Դիանա Վարդանյանի՝ լրատվամիջոցները, լուսաբանելով դեկտեմբերի 2-ին բերման ենթարկվածների գործերը, բացասական վերաբերմունք են ստեղծում ոստիկանության և նաև դատարան եկած ոստիկանության ներկայացուցիչների հանդեպ։

Լալա Ասլիկյանը մինչդեռ վստահ է՝ ոստիկանության հանդեպ բացասական վերաբերմունք ստեղծում է վերջինիս գործելաոճը, և ոչ թե դատական նիստերի լուսաբանումը։
XS
SM
MD
LG