Մատչելիության հղումներ

Ազգային հավաքականը առաջիկայում երեք ընկերական հանդիպում կանցկացնի


Առաջիկա օրերին Հայաստանի ազգային հավաքականը նոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ երեք ընկերական հանդիպում կանցկացնի։

Մայիսի 27-ին Շվեյցարիայում հավաքականը կհանդիպի Արաբական Միացյալ Էմիրությունների, մայիսի 31-ին՝ Ալժիրի, հունիսի 6-ին էլ Գերմանիայում այդ երկրի ազգային հավաքականի հետ։

Երեկ տեղի ունեցավ նոր մարզչի հետ առաջին մարզական հավաքը։ Մեր հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարզումից հետո ասուլիսում ասաց, որ շվեյցարցի Շալանդից գոհ է։

«Շատ լավ տպավորություն թողեց մարզիչը հենց առաջին հանդիպումից՝ ոչ միայն մարզման ժամանակ, այլ նաև մարզումից առաջ` շփումների ընթացքում։ Հուսով եմ՝ իրար ճիշտ հասկացանք և կկարողանանք միասին կատարել այն խնդիրը, որ դրված է մեր առջև։ Կարող եմ ասել, որ մեծ աշխատանք ունենք կատարելու, կփորձենք օգնել մարզչին, և նա էլ միանշանակ կօգնի մեզ, որպեսզի կարողանանք լավ արդյունքի հասնել»,- ասաց Մխիթարյանը։

Մխիթարյանի հետ համաձայնեց նաև հարձակվող Յուրա Մովսիսյանը։ Նոր մարզիչ Շալանդն էլ փոխադարձ գովեստներ հնչեցրեց ֆուտբոլիստների հասցեին։

«Ես շատ լավ տպավորություն ունեմ, ընտրել եմ այս խաղացողներին, դա նշանակում է, որ ես վստահում եմ նրանց։ Շատ հաճելի է նրանց հետ աշխատել։ Կարծում եմ մեր համատեղ աշխատանքը կստացվի»,- ասաց շվեյցարացի մասնագետը։

Նոր մարզիչը հայտարարեց, որ առաջիկա խաղերում հաղթանակը կարևոր է, սակայն դրանից զատ իր համար նաև կարևոր է ծանոթանալ ու ճանաչել նոր թիմի հնարավորությունները։ Հետևելու և ուսումնասիրելու է ֆուտբոլիստներին, որպեսզի առաջիկայում մեկնարկելիք Եվրո 2016-ի ընտրական փուլում ճիշտ որոշումներ կայացնի։ Բեռնար Շալանդը խոսեց նաև առաջիկա երեք խաղերում Հայաստանի մրցակիցների մասին։

«Էմիրատների հավաքականը բավական լավ թիմ է, բայց ոչ հիանալի, դա լավ առաջին թեստ կլինի, հետո Ալժիրի հետ կխաղանք, որը մասնակցելու է աշխարհի առաջնությունը, ինչը նշանակում է, որ շատ լավ թիմ է, և վերջապես Գերմանիայի հետ. հավանաբար մենք գործ կունենանք այն հավաքականի հետ, որը կդառնա աշխարհի չեմպիոն։ Դա նշանակում է, մենք պետք է առաջադիմենք խաղից խաղ»,- ասաց նա։

Այս խաղերում մարզիչը նաև նորեկների է դաշտ հանելու, հնարավոր է նաև մարտավարության փոփոխություն։

«Ես ուզում եմ իմ մարտավարությունը բերել, դա պարզ է, մինչ հիմա թիմը լավ աշխատանք էր անում, բայց արվածը քիչ էր։ Դա նշանակում է, որ մենք պետք է ավելին անենք»։

Մարզիչը ավելացրեց, որ այս խաղերը վերջինն են Եվրո 2016-ի ընտրական փուլի մեկնարկից առաջ։ Արդեն սեպտեմբերի 7-ին տեղի կունենա Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին խաղը, մեր հավաքականը կմրցի Դանիայի հետ։

Բայց մինչ այդ ազգային հավաքականը հետևելու է աշխարհի առաջնությանը։ Բեռնար Շալանդը ասաց, որ ուշադիր են լինելու, քանի որ սովորելու շատ բան ունեն։ Հենրիխ Մխիթարյանն էլ ավելացրեց, որ հաճույքով է դիտելու, թեև դժվարանում է, ասել, թե ով կհաղթի.- «Ֆուտբոլը հիմա անկանխատեսելի է դարձել, ցանկացած հավաքական կարող է դառնալ աշխարհի առաջնության հաղթող»։
XS
SM
MD
LG