Մատչելիության հղումներ

Մարզահամերգայինի փաստաբանն ասում է՝ ԴԱՀԿ-ն ապօրինի է գործել


Մարզահամերգայինի փաստաբանն ասում է՝ ԴԱՀԿ-ն ապօրինի է գործել
please wait

No media source currently available

0:00 0:04:23 0:00
Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը ապօրինի կերպով է աճուրդի հանել մարզահամերգային համալիրը՝ պնդում է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի փաստաբան Արմինե Հակոբյանը:

Այսօր «Ազատության» հետ զրույցում նա ընդգծեց, որ դիմելով նման քայլի՝ ԴԱՀԿ-ն խախտել է մի քանի օրենքներ:

Ըստ փաստաբանի, ընկերությունը ժամանակին վարկ է վերցրել Հայաստանի կառավարությունից: Թե որքա՞ն է եղել վարկի չափը, ի՞նչ պայմաններով է տրամադրվել և ինչի՞ համար, փաստաբան ասաց, որ իրավասու չէ պատասխանել:

Տեղեկացնենք, որ մինչ այս պահը կառավարությունից էլ որևէ պատասխան չենք ստացել վարկային այս մութ պատմության վերաբերյալ:

Արդյունքում, ընկերությունը մոտ 10 միլիարդ 200 միլիոն դրամ է պարտք Հայաստանի կառավարությանը: Գործը մտել է դատարան, [որը կառավարության պահանջով փակ է եղել] և առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել ընկերությանը պատկանող Մարզահամերգային համալիրի վաճառքի միջոցով մարել նշված պարտքը: Սակայն ընկերությունն իր հերթին է դիմում դատարան՝ համալիրը գրավից հանելու և համալիրի նկատմամբ դատարանի սահմանած արգելանքը վերացնելու հայցով, և Արմինե Հակոբյանի խոսքով՝ դատական այս գործընթացը դեռ չավարտված ԴԱՀԿ-ն համալիրը ներկայացրել է աճուրդի:

«Քանի դեռ օրինական ուժի մեջ չի մտել այս որոշումը, չէր կարող որևէ գործողություն կատարվել հարկադիր կատարողի կողմից։ Այն ամենը, ինչ կատարվել է այդ ընթացքում, օրենքի շրջանակներից դուրս է»,- հայտարարեց փաստաբանը։

Հակոբյանի խոսքով, մինչ իրենց հայցը քննվում էր դատարանում, ԴԱՀԿ-ն դիմել է դատարան՝ պարզաբանում ստանալու, թե այդ պայմաններում իրավունք ունի՞ աճուրդի հանել համալիրը, թե՞ ոչ: Դատարանը իր որոշմամբ դրական պատասխան է տալիս:

Մինչդեռ, փաստաբանը պնդում, որ ԴԱՀԿ-ն իրավունք չուներ նման պարզաբանմամբ դիմել դատարան, քանի որ ԴԱՀԿ մասին օրենքի 35-րդ հոդվածը ծառայությանը նման իրավունք է տալիս, եթե անհասկանալի է կատարողական թերթի պահանջը կամ այնտեղ լինում են վրիպակներ:

Փաստաբան Հակոբյանը նշեց, թե ԴԱՀԿ-ին ներկայացրած դատարանի որոշում-պարզաբանումը իրենք բողոքարկել են Վերաքննիչ դատարանում, և քանի դեռ իրենց այս բողոքի քննությունը չի ավարտվել, սա էլ երկրորդ պատճառն է, որ ԴԱՀԿ-ն իրավունք չունի համալիրը աճուրդի ներկայացնել:

Այստեղ, սակայն, ի հայտ ե եկել մեկ այլ ուշագրավ հանգամանք. Վերաքննիչ դատարանից Արմինե Հակոբյանը գրություն է ստացել. - «...որ Վճռաբեկ դատարանի պահանջագրի համաձայն, գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում և չեն կարող մեր դիմումին պատասխանել։ Մենք, բնականաբար, բողոք ենք տարել Վերաքննիչ դատարան, բայց երեկվա դրությամբ դեռևս Վերաքննիչ դատարանը գործը չի ստացել»,- ասաց փաստաբանը՝ չկարողանալով բացատրել, թե ինչպես է ստացվել, որ գործը առաջին ատյանից միանգամից փոխանցվել է Վճռաբեկ դատարան, մինչդեռ ըստ օրենքի, պետք է Վերաքննիչ ատյանում քննվեր։

Ապօրինությունների շարքը, ըստ փաստաբանի, այսքանով չի ավարտվում: Պատմամշակութային հուշարձան Մարզահամերգային համալիրը օֆշորային սեփականություն հանդիսացող «Բեստ ռեալթի» ՍՊԸ-ն գնահատել է 28.5 միլիարդ դրամ, մինչդեռ պատմամշակութային հուշարձանի գնահատման համար չափորոշիչներ գոյություն չունեն, բացի այդ հուշարձանի շուկայական արժեքը գնահատելու համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան մասնագիտական հանձնաժողով, ինչը չի արվել:

ԴԱՀԿ-ն մինչդեռ պնդում է, որ իր գործողությունները օրինական են և իրավաչափ:

«Եթե պարտապանի կարծիքով, տեղի է ունեցել որևէ օրենքի խախտում, ապա ճիշտ կլինի մատնանշել այն օրենքները և հոդվածները, որոնք, ըստ իրենց, խախտվել են», - ի պատասխան հայտարարում է հարկադիր ծառայությունը։

Չնայած մեր գրավոր հարցումներին, ո՛չ պաշտպանության, ո՛չ էլ ֆինանսների նախարարությունից որևէ արձագանք չստացանք: Այս պահին անպատասխան են մնում հարցերը, թե պետական միջոցների հաշվին ի՞նչ վարկ է տրամադրվել ընկերությանը, ի՞նչ պայմաններով, ինչու՞ ընկերությունը չի կարողացել մարել վարկը, այս ամենի հետ ի՞նչ կապ ունի պաշտպանության նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG