Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, այս տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից հայկական սահմանի վրա 6 դիվերսիոն փորձ է եղել։

Վերջին փորձը անցած գիշեր էր։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ հայկական կողմը ժամանակին կարողացել է կանխել հակառակորդի առաջխաղացումը և, պատճառելով նշանակալի կորուստներ, հետ է շպրտել: Արդյունքում ադրբեջանական կողմից երեք զինծառայող է վիրավորվել:

«Հայկական կողմը կորուստներ չի ունեցել», - ասում է Հասրաթյանը: - «Պարզապես ադրբեջանական կողմը անընդհատ ուզում է շփման գիծը լարված պահել` միջազգային հանրությանն անընդհատ հիշեցնելով, որ ղարաբաղյան հակամարտությունը դեռևս գտնվում է անավարտ փուլում, և անընդհատ փորձում է միջազգային հանրության տեսադաշտում Պաշտպանության բանակը ներկայացնել որպես նախահարձակ»:

Նա նշում է, որ դիվերսիոն փորձից մեկ օր առաջ նույն ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի կողմից դիպուկահարի արձակված գնդակից զոհվել է 20-ամյա Արթուր Օհանջանյանը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ինչպես փոխանցում են տեղական լրատվամիջոցները, հերքել է իր առնչությունը շփման գծում հայ զինծառայողի մահվանը:

Մինչ հայկական կողմը պնդում է, թե ադրբեջանական կողմն է դիվերսիոն փորձ ձեռնարկել, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն է տարածել` պնդելով, որ մայիսի 22-ին հայկական կողմից դիվերսիոն հարձակում է տեղի ունեցել Ֆիզուլիի դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով Ադրբեջանցի երեք զինծառայող է վիրավորվել:

Հայկական կողմը, սակայն, հերքում է այս մեղադրանքը:

Հայաստանի պաշտպանության նախարար մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշում է, որ տարեցտարի հակառակորդի կողմից սահամանագծում լարվածությունը մեծանում է. - «Հերթական ապացույցն է, որ հակառակորդի նման բոլոր ոտնձգությունները դատապարտված են: Ըստ էության` ծանր հետևանքներով: Դա մենք տեսանք նաև հունվարին, հայտնի դեպքով, Արմեն Հովհաննիսյանենց ստորաբաժանման վրա հարձակվելու ժամանակ: Եվ տեսանք հիմա, գիտենք նաև մյուս դեպքերը, որոնք ընդհանրապես հետ եմ մղվել առանց որևէ հետևանքի»:

Հիշեցնեմ, որ վերջերս Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանն անդրադարձել էր հակառակորդի ակտիվությանը, նշել էր, որ ադրբեջանական զինվորը որ դիրքից կրակի հայ զինվորի վրա, այդ դիրքը կարճ ժամանակում կգրավվի:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կապ է տեսնում ղարաբաղյան կողմի այս հայտարարության և վերջին միջադեպի միջև` չբացառելով, հայ հայ զինվորի սպանությանը հետևել են հայկական բանակի պատժիչ գործողությունները. - «Միգուցե այդ տրամաբանությունը բացատրում է նաև այսօրվա իրադարձությունը: Այսինքն, տեղի է ունեցել ինչ-որ կրակոց, սպանվել է հայ զինվոր, դրանից հետո ինչ-որ մի բան տեղի է ունեցել երկրորդ օրը, որի պատճառով առնվազն երեք ադրբեջանցի զինվոր վիրավորվել է»:
XS
SM
MD
LG