Մատչելիության հղումներ

Ուկրաինական բանակը Դոնբասում ծանր կորուստներ է կրում


Որքան մոտենում է մայիսի 25-ը՝ Ուկրաինայում կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների օրը, այնքան իրավիճակը երկրի արևելքում ավելի է սրվում:

Անցած գիշեր Դոնեցկից 20 կիլոմետր հարավ գտնվող Վոլնովախա բնակավայրի մոտ ծավալված կատաղի մարտերի արդյունքում զոհվել է 8 և վիրավորվել 17 ուկրաինացի զինծառայող:

«Ուկրաինացի զինվորականները զոհվել են Դոնեցկի մարզում գտնվող անցակետերից մեկի վրա գիշերային հարձակման: Անջատականները նռնակակետից կրակել են հետևակի մարտական մեքենայի վրա, ինչի արդյունքում այն պայթել է»,- գիշերային մարտի մանրամասներն է լրագրողներին փոխանցել Ուկրաինայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչները պնդել են, որ իրենց կողմից ևս տուժածներ կան՝ առնվազն 25 վիրավոր: AP գործակալությունը պնդում է, որ ուկրաինական կողմի կրած կորուստները ավելի լուրջ են:

«Դոնեցկից հարավ գտնվող անցակետերից մեկում լրագրողները առնվազն 11 ուկրաինացի զինվորականների դիակներ են տեսել»,- պնդում է գործակալության թղթակիցը:

Պաշտոնական աղբյուրները այս տեղեկատվությունը դեռ չեն հաստատում:

Իրավիճակը բավական լարված է նաև Սլավյանսկ քաղաքի մերձակայքում: Այստեղից ուկրաինական «Վեստի» ռադիոկայանին տեղի բնակիչներից մեկը հաղորդել է.- «Այժմ դատարկ արկերով կրակում են քաղաքի ուղղությամբ: Քաղաքում խոսում են, որ դա ուկրաինական ստորաբաժանումներն են, քանի որ կրակում են Կարաչուն լեռան ստորոտից: Այդ տարածքը գտնվում է ուկրաինական ստորաբաժանումների հսկողության ներքո»,- նշել է Սլավյանսկի բնակչուհին:

Լուսադեմին մարտական գործողությունները տեղափոխվել են Լուգանսկի մարզի հյուսիսում գտնվող Ռուբեժնոե և Լիսիչանկս քաղաքների մերձակայք: Այստեղ ուկրաինական զորքերի ևս կորուստներ են կրել` առնվազն մեկ սպանված և երկու վիրավոր:

«Լուգանսկի ժողովրդական հանրապետության» զինյալները պայթեցրել են Սեվերսկի Դոնեց գետի վրա գտնվող կամուրջներից մեկը:

Աճող լարվածության ֆոնին հակասական տեղեկություններ են ստացվում Ուկրաինայի հետ սահմանին տեղակայված ռուսական զորքերի խոստացված հետքաշման մասին: BBC-ի տեղեկություններով ամերիկյան հետախուզությունը հաստատել է, որ զորքերի տեղաշարժը սահմանից դեպի Ռուսաստանի կենտրոնական շրջաններ մեկնարկել է: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ զինամթերքով և անձնակազմով բեռնված մի քանի գնացքներ արդեն իսկ լքել են Ուկրաինային սահմանակից Ռոստովի, Բելգորոդի և Բրյանսկի մարզերը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, սակայն, պնդում է, որ ռուսական զորքերի ակտիվությունը սահմանին սահամանփակ բնույթ է կրում:

«Չի բացառվում, որ սա տեղակայման մշտական վայրեր վերադառնալուն ուղղված գործողությունների նախապատրաստությունն է»,- նշել է Ռասմուսենը:
XS
SM
MD
LG