Մատչելիության հղումներ

Վերնիսաժի կրակոցների գործով կասկածյալը կալանավորվեց


Շաբաթ օրը Վերնիսաժում տեղի ունեցած արյունալի միջադեպի կապակցությամբ ձերբակալված Գոռ Առաքելյանն այսօր կալանավորվեց երկամսյա ժամկետով:

Նման որոշում չորեքշաբթի երեկոյան կայացրեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:

Ավելի վաղ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Ազատությանը» հայտնել էին, որ Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի, 1, 6, 10 կետերով (սպանության փորձ երկու կամ ավելի անձանց նկատմամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով խուլիգանության դրդումներով), որը պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով:

Մեղադրանք է առաջադրվել նաև 235-րդ հոդվածի առաջին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), որը պատժվում է կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:

Դատական նիստից հետո քննիչ Աշոտ Մինասյան չցանկացավ որևէ հարցի պատասխանել։ Փոխարենը լրագրողների հետ շփվեց Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Կփորձեմ նախաքննության գաղտնիքի հետ կապված որևէ հրապարակում չանել, սակայն այն հանգամանքները, որոնք հայտնի են հանրությանը, բուն դեպքի վայրի զննությունը, որ այդ գնդակը հետացատկ է կատարել և կպել է ասֆալտին, որից հետո նոր հետացատկ է կատարել, կամ ասենք այն հանգամանքը, որ բոլոր տուժողների մոտ վնասվածքները գոտկատեղից ներքևի հատվածում են, սակայն այս պահին մեղադրանքը առաջադրված է երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելը շատերի համար վտանգավոր եղանակներով խուլիգանական դրդումներով հանցագործության փորձի հատկանիշներով։ Արդեն իսկ մի քանի տեղեկությունները, որ տվեցի, ցույց են տալիս, որ սպանության փորձի մասին բացարձակապես խոսք չի կարող գնալ, որովհետև այդ հանգամանքներում, որ կրակոցները կատարվել են, յուրաքանչյուր անձ կարող է անմիջականորեն կենսականորեն վիրավորվել»,- ասաց փաստաբանը՝ չմանրամասնել, թե ինչ հանգամանքներում են կրակոցները կատարվել։

«Կարող եմ հստակ նշել, որ այս հոդվածներով առաջադրված մեղադրանքը անհիմն է, գոնե այս պահին դատարան ներկայացված նյութերով չեն հիմնավորվում»,- ասաց Սարգսյանը։

Փաստաբանը նշեց նաև, որ Գոռ Առաքելյանը ինքնակամ է ներկայացել վարույթը իրականացնող մարմին.- «Սակայն ինքնակամ ներկայանալը դեռ չի նշանակում, որ ինքը խոստովանել է, որ հանցագործություն է կատարել»։

Անդրադառնալով միջադեպից տուժածների բողոքներին՝ Երեմ Սարգսյանն ասաց. - «Այս պահին տուժողներից միայն մեկի մասով գիտեմ, որ դատարան ներկայացված նյութ կա, գիտեմ, որ բողոք չունի»։

«Մեր տեղեկություններով այս պահին Գոռ Առաքելյանը միակ կասկածյալն է։ Մենք իրավունք ունենք ծանոթանալու այլ անձնանց առաջադրված մեղադրանքներին, որևէ այլ մեղադրանքի մասին մեզ չեն տեղեկացրել», - եզրափակեց փաստաբանը։
XS
SM
MD
LG