Մատչելիության հղումներ

Գնդապետի գործով չորս վկաները չներկայացան դատարան


Հայաստան - Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը (ձախից) և ղարաբաղյան պատերազմի այլ վետերաններ բողոքի ակցիա են անցկացնում Երևանում, արխիվ, 13-ը մայիսի, 2013թ․

Հայաստան - Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը (ձախից) և ղարաբաղյան պատերազմի այլ վետերաններ բողոքի ակցիա են անցկացնում Երևանում, արխիվ, 13-ը մայիսի, 2013թ․

Ազատամարտիկների խնդիրներով բողոքի ակցիաներ նախաձեռնելուց հետո խարդախության մեջ մեղադրված ու ազատազրկված Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանը պատահական չի համարում վկաների բացակայությունը Հայաստանից:

Պահեստազորի գնդապետ, խարդախության համար մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանի գործով անցնող վերջին 4 վկաները այսօր այդպես էլ չներկայացան դատարան։ Նրանք գրություններ են ուղարկել, որ գտնվում են հանրապետությունից դուրս։

Արդյունքում հրապարակվեցին նրանց նախաքննական ցուցմունքները։

«Հրապարակեցի՞ք՝ ապահովեիք նրա ներկայությունը այստեղ, որպեսզի ես կարողանամ հարցեր տալ: Ես չեմ կասկածում, որ եթե դատարանը իրականում ցանկություն ունենար, վայրկենական վկայի ներկայությունը դատարանում կապահովեր», - դատարանում հայտարարեց Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը:

Մինչդեռ դատավոր Լևոն Ավետիսյանը հայտարարում էր, թե ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները՝ Ռուսաստանում ու Վրաստանում գտնվող վկաներին դատարան բերելու համար:

Վկաների բացակայությունը Հայաստանից ազատամարտիկի պաշտպան Արա Զաքարյանը պատահական չի համարում։ Պնդում է, որ հենց դատախազության ու դատարանի իմացությամբ են նրանք Հայաստանից հեռացել, որպեսզի այս գործով արդեն իսկ դատարան եկած 5 վկաների նման հակասական ցուցմունքներ չտան և հնարավորություն չտան պաշտպանական կողմին հիմնավորել պնդումները, թե ազատամարտիկը հետապնդվում է քաղաքական հայացքների համար։

Հիշեցնենք, Վոլոդյա Ավետիսյանի դեմ քրեական հետապնդումը սկսվեց այն բանից հետո, երբ Ավետիսյանը և նրա աջակիցները բողոքի ակցիաներ սկսեցին՝ իշխանություններից պահանջելով բարելավել ղարաբաղյան պատերազմի վետերանների սոցիալական պայմանները:

«Նախաքննության մարմնի ու դատարանի համար մեծ անակնկալ եղավ, երբ Մաթոսյանները եկան դատարան ցուցմունք տալու, որովհետև նրանք ասացին այնպիսի բաներ, որը ուղղակիորեն վկայում էր այն մասին, որ նրանց վրա հոգեբանական ճնշումներ են գործադրվել քննության ընթացքում, որ ի վերջո դա էապես ազդել է նախաքննության ընթացքում տրված ցուցմունքների վրա և դրա արդյունքում մեղադրանք է առաջադրվել», - մեկնաբանեց փաստաբանը:

Այսօրվա դատական նիստն անցնում էր աղմկոտ դահլիճում՝ Ավետիսյանին աջակցելու եկածները բարձրաձայն դժգոհում էին դատավորից ու դատախազից, պնդում, որ այս գործը շինծու է։ Դատավորն էլ իր հերթին, փորձում էր լռեցնել նրանց․ ոմանց դահլիճից հեռացրեց, ոմանց էլ նկատողություն արեց:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ներկայացած առանցքային վկա Հենրիկ Զաքարյանը ևս հակասական ցուցմունքներ էր տվել՝ պնդելով, թե Ավետիսյանը թոռանը բանակից ազատելու համար չէ իրենցից գումար վերցրել, մինչդեռ նախաքննության ժամանակ նա հենց նման պնդումներ է հնչեցրել, ինչի արդյունքում Ավետիսյանին խարդախության մեջ են մեղադրում։ Իսկ Զաքարյանի թոռը, ում բանակից ազատելու համար Ավետիսյանը ըստ մեղադրանքի, գումար է վերցրել, դատարանում հայտարարել էր, թե ոչինչ չի հիշում, նույնիսկ իր ցուցմունքների մասին էր նման կարծիք հայտնել։ Այժմ նա գտնվում է Ռուսաստանում, ընդ որում՝ ազատվել է ծառայությունից հիվանդության պատճառով։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 23-ին։
XS
SM
MD
LG