Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն որոշել է ժամանակ տալ Հովիկ Աբրահամյանի կառավարությանը


Այլընտրանքային «Բարգավաճ Հայաստան»-ը որոշել է ժամանակ տալ Հովիկ Աբրահամյանի կառավարությանը և տեսնել, թե նա ինչպես է աշխատում։

Նշենք, որ Լևոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան երեկվա հանդիպման ժամանակ քննարկվել են ոչ միայն երկու քաղաքական ուժերի, այլև խորհրդարանական քառյակի անելիքների հետ կապված հարցեր: Թե որն է քառյակի անելիքը այս փուլում, առայժմ պարզ չէ:

Հիշեցնենք, մինչև Տիգրան Սարգսյանի հրաժարականը, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե իրենց գործընկերների հետ համաձայնել են իշխանափոխության փուլ առ փուլ տարբերակին, սկզբում պահանջել կառավարության հրաժարականը, որից հետո արդեն մտածել խորհրդարանական և նախագահական ընտրությունների մասին:

Սակայն Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո ՀԱԿ-ի գործընկեր ԲՀԿ-ն այդպես էլ ամբողջական իշխանափոխության հարց չի բարձրացնում: Ինչպես «Ազատության» հետ զրույցում բացատրեց ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը, իրենք որոշել են ժամանակ տալ Հովիկ Աբրահամյանի կառավարությանը։

«Պիտի սպասենք, տեսնենք ինքը ինչ է անում, որովհետև դեռ չսկսած ծրագիրը, ասել, որ իշխանությունը կամ հատկապես կառավարությունը, չի կարողանալու, կարծում եմ, կոռեկտ չէ։ Կոռեկտը այն է, որ մենք որոշ ժամանակ սպասենք, տեսնենք, թե ինչ է անում, դրանից հետո նոր անդրադառնանք դրան»,- ասաց Մարգարյանը։

Ստեփան Մարգարյանին հարցրեցինք, թե արդյոք երեկվա հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը իրենց այս մոտեցումները փոխանցե՞լ է Տեր-Պետրոսյանին առ այն, որ ԲՀԿ-ն այս փուլում իշխանափոխության հարց չի դնելու:

«Երեկվա հանդիպման ժամանակ այնպես չէր, որ որևէ մեկը ներկայացրել է, մյուսը լսել է։ Մենք քննարկել ենք, փորձել ենք ընդհանուր իրավիճակը վերլուծել»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։

Մարգարյանն ասում է, թե քառյակի խնդիրն այս պահին միասնական օրակարգի ձևավորումն է , որի մասին առաջիկայում կհայտարարեն: Ի պատասխան մեր հարցի, որ ՀԱԿ-ը ամբողջական իշխանափոխության հարց է դնում, ԲՀԿ պատգամավորն ասաց, թե քառյակն անում է այն, ինչին բոլորն են համաձայնում, այսինքն կոնսենսուսով են աշխատում: Հարցին, թե ի՞նչ խնդրի շուրջ են համագործակցելու, եթե ոչ իշխանափոխության, Մարգարյանն ասաց՝ քառյակում կքննարկեն, հետո կհայտարարեն։

«Առաջիկա մի քանի օրվա ընթացքում մենք փորձելու ենք կազմել միասնական քաղաքական օրակարգ։ Դա և ամենաբարդն է, և ամենակարևորն է։ Եթե այդ օրակարգը ձևավորվեց, ապա սկսում ենք քայլ առ քայլ իրականացնել»։

Ուշագրավ է, որ թեև Ծառուկյանն ու Տեր-Պետրոսյանը երեկ քննարկել են ոչ իշխանական ուժերի անելիքները, սակայն հանդիպմանը չեն մասնակցել քառյակի մյուս երկու անդամները՝ «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը: Թե ինչո՞ւ, Ստեփան Մարգարյանն ասաց՝ առանձին երկկողմանի հանդիպումներ միշտ են եղել՝ հրաժարվելով բացահայտել հանդիպման վայրը:

Չնայած, որ ըստ տարածված հաղորդագրության, Տեր-Պետրոսյանն ու Ծառուկյանը երեկ քննարկել են քառյակի անելիքները, քառյակի անդամ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը այդ մասին տեղյակ էլ չէր:

«Քննարկումների մեջ ես չեմ տեսել, որ քառյակի հետագա գործունեության մասին է ընդհանուր խոսք եղել, այլապես քառյակը իր ձևաչափով կհանդիպեր»,- ասաց Ռուբեն Հակոբյանը։

Հակոբյանին հարցրեցինք, թե ի՞նչ պետք է անի քառյակը այս փուլում, երբ փուլ առ փուլ իշխանափոխության հասնելու ծրագիրը Տիգրան Սարգսյանի հրաժարականից այն կողմ չանցավ: Հակոբյան ասաց, թե չորս քաղաքական ուժերը իրենց համագործակցության ժամանակ երբեք անձերի փոփոխության հարց չեն դրել, դրված է եղել համակարգային փոփոխության հարցը, որը ենթադրում է նաև ամբողջական իշխանափոխություն:

«Թե Տիգրան Սարգսյանը իր կառավարությամբ պետք է փոխվի Հովիկ Աբրահամյանով՝ իր նոր կառավարության նույն համակարգի շրջականում, ես չեմ գտնում, որ որևէ բան է փոխվել այս պետության մեջ։ Շատ հստակ երևում է, որ ոչինչ չի փոխվել։ Կշարունակենք նայել մեր խնդիրների իրականացումը, այսինքն համակարգային ամբողջական փոփոխությունների մասին է խոսքը»,- ասաց նա։

Քառյակի մյուս անդամ Դաշնակցությունը նույնպես Հովիկ Աբրահամյանի ներկայացրած կառավարության ծրագրից գոհ չէ: Ծրագիրը լավը չէ, ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ միաժամանակ ընդգծելով, թե Դաշնակցությունն առայժմ Հովիկ Աբրահամյանի կառավարությանը գործելու ժամանակ կտա:

«Բնականաբար, եթե այդ տրամաբանության մեջ գործի կառավարությունը, թեև հիմա ծրագիրը դրան չի համապատասխանում, բայց եթե գործողությունները դառնան ավելի ընդունելի և հակաճգնաժամային բնույթ ունենան, մենք կողջունենք։ Եթե ոչ, ուրեմն մենք պետք է շարունակենք մեր պայքարը, մինչև երկիրն այս վիճակից դուրս բերելու համար ամբողջական փոփոխություն կատարվի»,- ասաց Ռուստամյանը։
XS
SM
MD
LG