Մատչելիության հղումներ

logo-print

Վարչապետը խոստանում է ստուգել պաշտոնյաների ներգրավվածությունը բիզնեսում


Վարչապետ Հովիկ Աբրահամյանին չի անհանգստացնում, որ Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը կողմ չեն քվեարկելու կառավարության ծրագրին:

Նրա կարծիքով` եթե նույնիսկ խորհրդարանական վեց ուժերից հինգը չպաշտպանի ծրագիրը, համագործակցությունը կստացվի:

Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ) վարչապետին հարց էր ուղղել` սա Ձեր կառավարության ծրագի՞րն է, թե՞ հրաժարականի դիմումը: Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրել էր նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը` այն կառավարությունը, որը տարվա ընթացքում չի ապահովի 7 տոկոս տնտեսական աճ, պետք է հրաժարական տա: Մինչդեռ նոր կառավարության ծրագրով ակնկալվում է 5 տոկոս տնտեսական աճ:

«Ես հրաժարական ինչո՞ւ պիտի ներկայացնեմ: Մենք նոր ենք սկսել աշխատել, պիտի աշխատենք, և մեր նպատակն է ոչ թե գալ ու հրաժարական տալ, մեր նպատակն է գալ ու երկար աշխատել և պետության համար, մեր ժողովրդի համար խնդիրներ լուծել», - լրագրողներին ասաց վարչապետը` շարունակելով. - «Տնտեսական աճը մենք փորձելու ենք ապահովել և մենք հասկանում ենք, որ այս տարի մեր գործը պետք է լինի կայունության ապահովումը, և ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ներդրումներ ներգրավենք մեր տնտեսության մեջ: Խնդիրն է նաև ստվերից բերել, եկամուտները ավելացնել, հնարավորության սահմաններում համահունչ աշխատավարձեր բարձրացնել, նպաստներ, թոշակներ»:

«Ազատության» հարցին, թե արդյոք միանշանակ հավատում է, երբ պաշտոնյան ասում է, թե բիզնես չունի, վարչապետը նախ արձագանքեց. - «Դե, եթե նա ասում է... եթե ունի, ուրեմն պաշտոնից կհրաժարվի: Օրենքով ինքը իրավունք չունի զբաղվել գործարարությամբ»: Ապա հավելեց. - «Ես կստուգեմ»:
XS
SM
MD
LG