Մատչելիության հղումներ

Երևանում տեղադրվելու է Միկոյանի մահարձանի կրկնօրինակը


1 մետր 70 սանտիմետր երկարությամբ բրոնզաձույլ Անաստաս Միկոյանը շուտով կհայտնվի Իսահակյան – Կորյուն փողոցների մերձակա հատվածում․ արձանն արդեն ձուլարանում է:

Այս տեղեկությունը «Ազատության» հետ հեռախոսազրույցում հաստատեց արձանի ձուլման աշխատանքներին հետևող քանդակագործ Գագիկ Ստեփանյանը: Վերջինս, սակայն, հրաժարվեց հարցազրույցից, ասելով, որ ընդամենը որակի համար է պատասխանատու, իսկ արձանի նպատակային լինել-չլինելու մասին կարծիք չունի:

Արձանն, ի դեպ, լինելու է Միկոյանի Մոսկվայում գտնվող գերեզմանոցի վրա տեղադրված մահարձանի կրկնօրինակը:

Քանդակագործ Նուռը, ում հեղինակած գրքի արձանը մեկ տարի առաջ տեղադրվեց Երևանի կենտրոնում, ոչ միայն կարծիք ունի այս երևույթի վերաբերյալ, այլ առհասարակ չի հասկանում արձանի անհրաժեշտությունը: Նա թվարկում է մի շարք հայտնի հայերի անուններ, որոնք մեծ ներդրում են ունեցել մշակույթի, գրականության մեջ և որոնց արձանի տեղադրման հարցն անգամ չի բարձրացվել:

«Մենք ունենք մի մեծ ցուցակ մարդկանց՝ այն հայտնի հայերի, որոնց արձանը արժեր դնել այս քաղաքում: Հանճարեղ քանդակագործ ունենք՝ Երվանդ Քոչար, որի արձանը չունենք մեր քաղաքում և բազում նման դեպքեր ես կարող եմ արձանագրել», - ասում է Նուռը, - «Արձանը նաև պետք է ուսուցանի: Հիմա մենք երեխաների հետ երբ որ անցնում ենք արձանի կողքով և երբ երեխան հարցնում է՝ «սա ո՞վ է»: Ո՞վ է Միկոյանը: Եկեք հիմա պատմենք, թե ով է Միկոյանը և հասկանանք՝ երեխայի մոտ հարց չի՞ առաջանա, թե արդյոք ինչո՞ւ է այս արձանը այստեղ դրված այդ դեպքում»:

Փորձեցինք քաղաքապետարանից ճշտել՝ ինչո՞ւ այսքան շուտափույթ կերպով սկսեցին արձանի տեղադրման աշխատանքները: Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արթուր Գևորգյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այս հարցն այլևս քաղաքապետարանի տիրույթից դուրս է, Երևանի ավագանին իր համաձայնությունը տվել է:

«Ազատության» հարցին՝ կապրի՞ այս արձանը, Նուռը արձագանքում է՝ «դուք ինքներդ պատասխանեցիք այդ հարցին, ասելով, որ դա մահարձան է»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG