Մատչելիության հղումներ

Վարչապետը ողջունում է Տեր-Պետրոսյան-Ծառուկյան հանդիպումը


Հովիկ Աբրահամյանը, սակայն, նաև չի բացառում, որ Ծառուկյան-Տեր-Պետրոսյան համագործակցությունը կարող է իր դեմ աշխատել։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունում է Լևոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը։

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե իրեն չի մտահոգո՞ւմ, որ Ծառուկյան-Տեր-Պետրոսյան համագործակցությունը կարող է իր դեմ աշխատել, Աբրահամյանն ասաց, թե ոչինչ չի բացառում։

«Եթե ես իմ գործն եմ անելու, ով ուզում է դեմ լինի, ով ուզում է կողմ լինի։ Ի՞նչ է տալիս, եթե ես իմանամ՝ ինձ դեմ են, ասե՞մ՝ «իմ դեմ մի խոսե՞ք»։ Ես ոչ մի բան չեմ բացառում, [որ Ծառուկյան-Տեր-Պետրոսյան համագործակցությունը կարող է իր դեմ դուրս գալ], հիմա դրա համար ի՞նչ է պետք... որ ես լավ աշխատեմ, ազնիվ, թափանցիկ աշխատեմ, ինչքան ուզում են դեմ լինեն, կարևորը փաստ չլինի, որ ինձ մեղադրեն, և որևէ սխալ որոշում չկայացնենք։ Հնարավոր է նաև սխալ որոշում կայացնենք, բայց ես համոզված եմ, որ նոր թիմի մեջ կա եռանդ, և բոլորը համերաշխ ձևով փորձում են գործը առաջ տանել։ Դա շատ կարևոր հանգամանք է ինձ համար։ Իսկ ով չի աշխատի, կամ վատ կաշխատի, մենք իրենից կբաժանվենք։ Ես էլ համոզված եմ, որ ինձ մոտ հաջողվելու է»,- ասաց վարչապետը։

Անդրադառնալով ԲՀԿ-ի այն հայտարարությանը, որ կառավարությանը ժամանակ են տալու, որպեսզի տեսնեն, թե որքանով իրականություն կդառնան նոր կառավարության խոստումները, և եթե չկատարվեն դրանք, ապա կպահանջեն նաև այս կառավարության հրաժարականը, Աբրահամյանն ասաց.- «Ասում են՝ տեսնենք, եթե ծրագրերը կիրականացնի, նորմալ կաշխատի, հրաժարականը չենք պահանջի, չի աշխատի, կպահանջենք, շատ նորմալ գնահատական է, ես գոհ եմ»։

Դիտարկմանը, թե Տիգրան Սարգսյանը չէ՞ր աշխատում, դրա համար պահանջեցին նրա հրաժարականը, վարչապետն ասաց՝ «ինչո՞ւ եք ուզում, որ Տիգրան Սարգսյանի աշխատանքին գնահատական տամ»։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք քառյակին կհաջողվի՞ հասնել իշխանափոխության, Հովիկ Աբրահամյանը զարմանքով արձագանքեց.- «Տենց նպատակ ունե՞ն... ես չգիտեի»։

Հաջորդ հարցին, թե կարելի՞ է ասել, որ ինքը խափանել է քառյակի գործունեությունը, վարչապետն պատասխանեց, որ ինքը որևէ գործ խափանելու տրամադրություն ու մտադրություն չունի։

«Իմ բոլոր մտադրությունները, տրամադրությունները լավ գործեր անեն է, ոչ թե որևէ գործ խափանելը»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG