Մատչելիության հղումներ

ԼՂ արտգործնախարարը որևէ ճնշում չի տեսնում ղարաբաղյան կողմի վրա


Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը չի կիսում վերջին շրջանում բարձրաձայնվող կարծիքները, թե ղարաբաղյան կարգավորման ողջ ընթացքում այսչափ ճնշումներ չեն եղել` հաշվի առնելով միջնորդների, միջազգային հանրության կոչերը, որոնք ըստ էության հակասում են ղարաբաղյան կողմի դիրքորոշումներին:

«Միանշանակ չեմ կիսում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Միրզոյանը: - «Ես չեմ տեսնում որևէ ճնշում ղարաբաղյան կողմի վրա: Խոսքը գնում է նորմալ բանակցային գործընթացի, զարգացումների վերաբերյալ: Երբ որ գնում է բանակցային գործընթաց, ակնհայտ է, որ թե' կողմերը, թե' համանախագահողները պետք է արտահայտեն իրենց տեսակետները, իրենց մոտեցումները: Եվ այստեղ օգտագործել ճնշում բառը, ես կարծում եմ, տեղին չէ»:

Հարցին, թե ինչով է բացատրվում այն, որ ԼՂ արտգործնախարարությունը, ի տարբերություն պաշտոնական Երևանի, բավականին կոշտ արձագանքեց ամերիկացի համանախագահ Ջեյմս Ոուրլիքի հրապարակած` հակամարտության կարգավորման վեց սկզբունքներին, նախարարն արձագանքեց. - «Ես բնական եմ գտնում, որ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը, այսինքն ոչ թե դիրքորոշումը, այլ որդեգրած ուղին որոշակի տարբերություններ են ունենում: Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ մենք միակարծիք ենք նպատակի վերաբերյալ, բայց բնական է, որ յուրաքանչյուր կողմը որոշակի ճանապարհ է նախընտրում այդ միասնական ընդհանուր նպատակին հասնելու համար»:

Կարեն Միրզոյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության հակամարտության կարգավորման բոլոր փուլերին, որևէ լուրջ առաջընթացի հասնել հնարավոր չէ:

Հարցին, թե ինչ ասելիքով է Ղարաբաղը գնալու այդ բանակցություններին, Միրզոյանը պատասխանեց. - «Ներկայացնելու մեր դիրքորոշումը: Դա Հանրապետության նախագահի կողմից մշակված, որդեգրած արտաքին քաղաքական կուրս է, որի իրագործման վրա մենք աշխատում ենք: Դա այն քաղաքականությունն է, որը հաշվի է առնում մեր ժողովրդի մտորումները, մոտեցումները և կամքը»:
XS
SM
MD
LG