Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ամենահարուստ օլիգարխը կոչ է անում վռնդել զինյալներին Դոնբասից


Ողջ գիշեր մարտական գործողությունները Սլավյանսկ և Կրամատորսկ քաղաքների մերձակայքում շարունակվում էին: Վերջին տեղեկությունների համաձայն, կեսգիշերից հետո մարտեր էին ծավալվել նաև Դոնեցկի և Խարկովի մարզերի սահմանագծին գտնվող ուկրաինական անցակետերի մոտ` Իզյում քաղաքից ոչ հեռու: Մոտավորապես նույն ժամերին «Լուգանսկի Ժողովրդական հանրապետության» զինյալները գրավեցին մարզի Կրասնի Լուչ քաղաքի վարչակազմի շենքը: Այս մասին տեղեկացնում է ուկրաինական UNIAN գործակալությունը:

Ստեղծված իրավիճակում Դոնբասի և ողջ Ուկրաինայի ամենահարուստ մարդը, «Ռեգիոնների կուսակցության» ոչ պաշտոնական հովանավոր, նախկին նախագահ Յանուկովիչի երբեմնի մերձավոր բարեկամ Ռենատ Ախմետովը երեկ երեկոյան հանդես եկավ ևս մեկ տեսաուղերձով` կրկին հայտարարելով թե միանշանակորեն կողմ է Ուկրաինայի միասնությանը:

«Արկածախնդիրների այդ խմբակը, որն իրեն անվանում է «Դոնեցկի Ժողովրդական հանրապետություն», ահաբեկել է ողջ Դոնբասը: Բայց ես վստահ եմ, որ շատ շուտով նրանց այստեղից կվռնդեն: Եթե որևէ մեկին թվում է, թե այդ մարդիկ մեզ դեպի հաջողության են տանում` չարաչար սխալվում են: Իրենց գործողություններով այդ մարդիկ չեն պաշտպանում Դոնբասը, նրանք ոչնչացնում են Դոնբասը», - հայտարարեց Ախմետովը` կոչ անելով երկրամասի բնակիչներին շարունակել բողոքի ակցիաները` ի պաշտպանություն խաղաղության և Ուկրաինայի միասնության:

Երեկ Ախմետովի կողմնակիցները փորձեցին մի շարք ակցիաներ կազմակերպել. մասնավորաբար, մի քանի հարյուր մարդ հավաքվել էր Ախմետովի սեփականությունը հանդիսացող «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում` «Դոնբաս Արենայում»: Ախմետովին պատկանող մի շարք ձեռնարկություններում հանրահավանքերը կազմակերպվեցին հենց արտադրամասերում: Բայց նույնիսկ ուկրիանական լրատվամիջոցները նշում են, որ երկրի ամենահարուստ մարդու համար նման սակավամարդ և ոչ այնքան համոզիչ ակցիաների կազմակերպումը փոքր ինչ տարօրինակ էր:

Մյուս կողմից, ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» զինյալները անում են հնարավորը Ախմետովի կողմնակիցների ակցիաները թույլ չտալու համար: Երեկ մարզադաշտում կազմակերպված հանրահավաքին զուգահեռ անջատական զինյալները արգելափակեցին «Դոնբաս Արենայի» մերձակա մի շարք փողոցները: Երեկոյան կողմ էլ զինված ևս մեկ խումբ կանգնեցրել և խուզարկել էր «Շախտյոր» ակումբին կից գործող ֆուտբոլային ակադեմիայի ավտոբուսներից մեկը: Դրան էլ զուգահեռ «Դոնեցկի ժողովդրական հանրապետության» ղեկավարությունը հայտարարեց, թե օլիգարխի վերջին գործողությունները իրենց ստիպում են ազգայնացնել Ախմետովին պատկանող ձեռնարկությունները:

Նշեմ, որ Ախմետովի սեփականությունը հանդիսացող SKM կոնցեռնի կազմում գործում են մի քանի տասնյակ ձեռնարկություններ, աշխատակիցների ընդհանուր քանակը մոտ 300 հազար է: Անձամբ Ախմետովի կարողությունը, Bloomberg գործակալության պնդմամբ, կազմում է 22 միլիարդ ամերիկյան դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG