Մատչելիության հղումներ

«Դ!եմ եմ»-ը հակադարձում է պարտադիր բաղադրիչի վերաբերյալ իշխանական պնդումներին


Պարտադիր կուտակային դեմ բողոքի ցույց Երևանում, 8-ը մայիսի, 2014թ․
Պարտադիր կուտակային դեմ բողոքի ցույց Երևանում, 8-ը մայիսի, 2014թ․

«Մենք ձեռքներս ծալած մինչև այդ պայմանական սեպտեմբերի 30-ը չենք սպասելու», - վստահեցնում է քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչը:

Եթե կենսաթոշակների կուտակային համակարգը շարունակի կրել պարտադիր բնույթ, ապա այն կհակասի Սահմանադրությանը: «Ազատության» հետ զրույցում այդ մասին հայտարարեց «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը՝ արձագանքելով արդեն երկու օր Ազգային ժողովի ամբիոնից հնչող իշխանական պնդումներին, որ պարտադիր բաղադրիչը կուտակային համակարգից դուրս չի գալու:

«Եթե կա կուտակային, սահմանադրականության դեպքում նա պետք է լինի միայն կամավոր, եթե նա պարտադիր է, ուրեմն՝ նա հակասում է Սահմանադրությանը: Սա անմիջականորեն բխում է Սահմանադրական դատարանի որոշումից, և Կառավարությունը կամ Կենտրոնական բանկը միայն դա պետք է ընդունի և գործի դրան համապատասխան», - ընդգծեց Խաժակյանը:

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը ներկայացնելով Կառավարության ծրագրային դրույթները՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «ամբոխահաճո» էր որակել կուտակային համակարգի կասեցման գաղափարները և ընդգծել, որ այն, միևնույն է, ունենալու է պարտադիր բաղադրիչ: Իսկ ավելի վաղ Կենտրոնական բանկի վերընտրված նախագահ Արթուր Ջավադյանը ասել էր, որ առանց այդ բաղադրիչի օրենքի շարժիչ ուժը կորչում է: «Ռեֆորմն անհրաժեշտ է, վերջնական դիզայն կանենք, կներկայացնենք ձեր դատին», - հայտարարել էր Ջավադյանը:

«Դ!եմ եմ»-ի անդամը, սակայն վստահ է, որ կոսմետիկ լուծումներին չէ այսօր սպասում հանրությունը, այլ՝ բովանդակային:

«Կարելի է համապատասխանեցնել սեփականության իրավունքի մասով, դա տանել բյուջե, բայց դա ընդամենը կլինի կոսմետիկ լուծում: Պետք է հաշվի առնենք, որ կա նաև տարիքային խտրականությունը, որի մասին, չգիտես ինչու, վերջերս շատ քիչ է խոսվում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դավիթ Խաժակյանը:

Շարժման անելիքներին վերաբերող հարցին «Դ!եմ եմ»-ի անդամը արձագանքեց․ - «Պետք է շարունակել պայքարը, այստեղ միայն դա է: Մարդկանց պետք է շարունակել իրազեկել, նաև ասել, որ դիմումներ գրվեն, բայց միևնույն ժամանակ շարունակել պայքարել, որպեսզի և՛ միջանկյալ այս փոփոխությունը վերանայվի, և՛ այդ հետագա օրենքը, որը պետք է գործի դրվի, արդեն համապատասխանի հասարակության պատկերացումներին և Սահմանադրությանը»:

«Այսինքն, ես կարծում եմ, որ մենք պետք է պարբերաբար տեղեկանանք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում օրենքում», - նշեց Խաժակյանը՝ մանրամասնելով․ - «Քանի որ արդեն ինչ որ օրենքը կա, ըստ էության՝ դա կմախքն է, այն մասերը, որոնք իրենք կփորձեն, էսպես ասած, դիզայնավորել և համապատասխանեցնել Սահմանադրությանը, այդ լուծումները, կարծում եմ, պետք է պարբերաբար հրապարակվեն, իսկ եթե չէ, ուրեմն՝ մենք պետք է հասկանանք, որ այնտեղ տեղի է ունենում փոփոխություն, որը պետք է նորից հակասի հասարակության շահերին»:

«Այսինքն՝ մենք ձեռքներս ծալած մինչև այդ պայմանական սեպտեմբերի 30-ը չենք սպասելու», - վստահեցրեց «Դ!եմ եմ»-ի ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG