Մատչելիության հղումներ

Վրաստանի պատվիրակությունը հանդիպումներ կունենա Եվրահանձնաժողովի պաշտոնյաների հետ


Բելգիա - Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրահանձնաժողովի կենտրոնակայանում ասուլիսի ժամանակ, Բրյուսել, 3-ը փետրվարի, 2014թ․
Բելգիա - Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրահանձնաժողովի կենտրոնակայանում ասուլիսի ժամանակ, Բրյուսել, 3-ը փետրվարի, 2014թ․

Վրաստանի փոխարտգործնախարարի վկայությամբ՝ սա աննախադեպ ձևաչափ է ԵՄ - Վրաստան հարաբերություններում:

Վրաստանի կառավարության բավականին ընդգրկուն պատվիրակությունը չորեքշաբթի օրը Բրյուսելում հանդիպումներ է ունենալու Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Եվրամիությանը Վրաստանի ինտեգրումը, երկկողմ համագործակցությունը ակտիվացնելու հարցերը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Դավիթ Զալկալիանին նախօրեին ասել է, որ նման կարգի հանդիպում առաջին անգամ է անցկացվելու: «Սա աննախադեպ ձևաչափ է Եվրամիություն - Վրաստան հարաբերություններում, որը կոչված է խորացնելու երկխոսությունը՝ ակտիվացնելու համար ապագա համագործակցությունը», - նշել է նա:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են կառավարության առանցքային նախարարությունների ղեկավարները՝ արտաքին գործերի, էկոնոմիկայի, էներգետիկայի, արդարադատության, գյուղատնտեսության, եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման, հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով նախարարները:

Բրյուսելում Վրաստանի վարչապետը հանդիպելու է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ: Եվրահանձնաժողովի պաշտոնյաների ու Վրաստանի պատվիրակության անդամների մասնակցությամբ լիագումար նիստ է անցկացվելու: Նախատեսված է Վրաստանի վարչապետի և Եվրահանձնաժողովի նախագահի համատեղ ասուլիսը:

Եվրամիության և Վրաստանի միջև ասոցացման համաձայնագրի ստորագրումը նախատեսված է հունիսի 27-ին:

Մինչ փաստաթղթի վերջնական ստորագրումը Եվրամիությունը ակտիվացնում է շփումները Արևելյան գործընկերությանը հավատարիմ մնացած երկրների հետ:

Եվրահանձնաժողովը մայիսի 13-ին և 15-ին նման լայն հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի և Մոլդովայի կառավարությունների հետ:

Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպոյը անցած շաբաթվա ընթացքում այցելություններ կատարեց Ուկրաինա, Մոլդովա և Վրաստան: Իսկ հունիսի կեսերին նախատեված է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի այցը Մոլդովա և Վրաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG