Մատչելիության հղումներ

Պյոտր Պորոշենկոն՝ Ուկրաինայի նախագահական ընտրարշավի առաջատար


Ուկրաինա - Նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն Չերկասիում նախընտրական հանդիպման ժամանակ, 20-ը մայիսի, 2014թ․

Ուկրաինա - Նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն Չերկասիում նախընտրական հանդիպման ժամանակ, 20-ը մայիսի, 2014թ․

Ըստ հարցումների երկրորդ տեղը զբաղեցնող Յուլիա Տիմոշենկոյի վարկանիշը մոտ հինգ անգամ զիջում է միլիարդատիրոջ հավանական ընտրողների թվին:

Ուկրաինայում նախագահական ընտրություններից հաշվված օրեր առաջ տեղացի սոցիոլոգներն արձանագրում են` ընտրարշավի միանձնյա առաջատարը միլիարդատեր, նախկին արտգործնախարար և Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Պյոտր Պորոշենկոն է: Օրերս Կիևի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի մասնագետների հրապարակած հարցման արդյունքների համաձայն՝ Պորոշենկոյի օգտին պատրաստ է քվեարկել ուկրաինացի ընտրողների մեկ երրորդը` 33.7 տոկոսը:

Նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն նախագահության թեկնածուների շարքում թեև երկրորդն է, այնուհանդերձ, նրա վարկանիշը մոտ հինգ անգամ զիջում է Պորոշենկոյի հավանական ընտրողների թվին՝ առաջիկա կիրակի Տիմոշենկոյի օգտին, ըստ ամենայնի, կքվեարկի ուկրաինացի ընտրողների ընդամենը 6 տոկոսը: Երրորդ տեղում` 4.1 տոկոս վարկանիշով, մեկ այլ խոշոր գործարար է` Ռեգիոնների կուսակցության նախկին ղեկավար անդամ, Ազգային բանկի նախկին նախագահ Սերգեյ Տիգիպկոն: Հիշեցնենք, որ Տիգիպկոն մասնակցել է նաև 2010 թվականի նախագահական ընտրություններին՝ այն ժամանակ ևս նա երրորդն էր, սակայն վարկանիշն անհամեմատ ավելի բարձր էր` մոտ 13 տոկոս:

Կիևի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի մասնագետները նաև արձանագրում են, որ այսօր բավական ցածր է ծայրահեղ ազգայնական թեկնածուների վարկանիշը: Իր հակասեմական արտահայտություններով հայտնի Օլեգ Տյագնիբոկը` «Ազատություն» կուսակցությունից, առաջիկա կիրակի կարող է հավակնել քվեների մոտ 1․5 տոկոսին ընդամենը: Մայդանի առաջնորդներից մեկի` ազգայնական «Աջ սեկտորի» հիմնադիր Դմիտրի Յարոշի ընտրողների թիվն էլ 1 տոկոսից փոքր-ինչ ավելին է:

Սոցիոլոգների պնդմամբ՝ առավելապես երկրի արևմուտքում կենտրոնացած ազգայնական ընտրազանգվածը կիրակնօրյա քվեարկության ընթացքում նախապատվությունը կտա Պորոշենկոյին: Երկրի արևմտյան մարզերում նրա վարկանիշը 53 տոկոս է` մոտ հինգ անգամ ավելի բարձր, քան Դոնեցկում, Լուգանսկում և Խարկովում, որտեղ Պորոշենկոյի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 11 տոկոսը միայն:

Ընդհանրապես, երկրի արևելյան շրջաններում` մասնավորաբար Դոնեցկում և Լուգանսկում քվեարկության անցկացումը մինչ օրս հարցականի տակ է: Չդադարող փոխհրաձգությունների ֆոնին ընտրությունների նախապատրաստական աշխատանքները մի շարք շրջաններում պարզապես տապալվել են: Բացի այդ, ռուսալեզու այդ մարզերի բնակչության զգալի մասը արդեն որոշել է բոյկոտել մայիսի 25-ի նախագահական ընտրությունները: Կիևի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի փորձագետների պնդմամբ՝ արևելյան մարզերի բնակիչների 32 տոկոսը արդեն իսկ վերջնական որոշում է կայացրել չմասնակցել ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG