Մատչելիության հղումներ

Հիվանդանոցներում ընդլայնվելու է համավճարով բուժծառայությունների ցանկը


Թեև Առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը վերջերս չեղյալ էր հայտարարել պոլիկլինիկաներում համավճարի կիրառումը, սակայն նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի փոխանցմամբ`նախարարը մտադիր է ընդլայնել այն բուժծառայությունների ցանկը, որոնց դիմաց հիվանդները ստիպված կլինեն պետության հետ համատեղ վճարել հիվանդանոցներում:

«Համավճարային ծրագրերը շարունակվելու են և ընդլայնվելու են և դրանք լավ և գործուն գործիք են առողջապահության ֆինանսավորման մեջ, բայց ամբուլատոր, պոլիկլինիկական հաստատություններում այդ համավճարը չի տարածվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քրմոյանը:

Ոլորտում կատարված հետազոտությունները, մինչդեռ, փաստում են, որ այսօր համավճար մուծող հիվանդներից յուրաքանչյուր երկրորդը չունի այդ գումարը: «Օքսֆամ» հասարակական կազմակերպության հետազոտության համաձայն, համավճարներ մուծած մարդկանց կեսը պարտք է արել կամ ունեցվածք վաճառել:

Կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Լիլիթ Չիթչյանն ասում է. - «Պետք է մտածել այն մասին, որ չնայած համավճարներին, լրացուցիչ վճարների պրակտիկան շարունակվում է: Մոտ յուրաքանչյուր հինգերորդը կատարում է կամավոր կամ պարտադրված լրացուցիչ, այսինքն ոչ պաշտոնական վճարի լրումն պաշտոնական հավելավճարի»:

Հետազոտությունը նաև փաստել է, որ 2011-ին ներդրված այս համակարգը մինչև օրս չի կայացել: Թեև կառավարությունը պնդում էր, թե դրա օգնությամբ կօրինականացվեն ոչ պաշտոնական վճարները, դրանք համակարգում այսօր էլ առկա են:

Չիթչյանի խոսքով` անապահով խմբերում ընդգրկված մարդկանց նկատմամբ անօրինական կերպով համավճար է կիրառվել. - «Սոցիալական հատուկ խմբերում ընդգրկված մարդկանց 34 տոկոսը, որոնք պիտի օգտվեին բուժծառայություններից անվճար հիմունքներով, վճարել են այդ ծառայությունների համար: Այս մարդկանց մեծ մասը տեղեկացված չի եղել դրա մասին: Նշված 34 տոկոսի մեջ մեծամասնություն են կազմել 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամները»:

Մայրաքաղաքի փողոցներում «Ազատության» անցկացրած հարցախույցը ևս վկայեց, որ շատերի համար առողջապահական ծառայություններն անհասանելի են, նրանք բուժհիմնարկներ դիմում են միայն ծայրահեղ դեպքերում:
XS
SM
MD
LG