Մատչելիության հղումներ

Մեդվեդև. Ռուսաստանը չի պատրաստվում երաշխավորել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը


Դմիտրի Մեդվեդևը հարցազրույց է տալիս Bloomberg հեռուստաընկերությանը: 19-ը մայիսի, 2014 թ.
Դմիտրի Մեդվեդևը հարցազրույց է տալիս Bloomberg հեռուստաընկերությանը: 19-ը մայիսի, 2014 թ.
«Ռուսաստանը չի երաշխավորել և չի երաշխավորում Ուկրաինայի տարածքային ամբողջկանությունը», - Bloomberg հեռուստաընկերությանը տված հարցազույցում հայտարարում է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Պատասխանելով ամերիկացի լրագրողի հարցին, թե արդյոք Մոսկվան պատրաստ է երաշխավորել, որ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում չի կրկնվի Ղրիմի հետ կատարվածը, Մեդվեդևը նշում է. - «Մենք որևէ մեկին որևիցե բան երաշավորել չենք պատրաստվում, քանի որ նախկինում էլ ոչ մի պարտավորություն մեզ վրա չենք վերցրել: Ավելի ճիշտ կլիներ, եթե մեր գործընկերները, այդ թվում Եվրամիությունն ու ԱՄՆ-ն, իրենք հանդես գային երաշխիքներով: Լավ կլիներ, եթե նրանք երաշխավորեին, որ չեն խառնվի Ուկրաինայի ներքին գործերին, Ուկրաինան չի ներքաշվի Հյուսիսատլանտյան դաշինքի կազմի մեջ, որ երկրի արևելքում ապրող մարդիկ չեն կորցնի ռուսերեն խոսելու հնարավորությունները, որ ինչ որ խենթ «Աջ սեկտոր» հանկարծ չի գա ու չի սկսի նրանց կոտորել»:

Ռուսաստանի կառավարության ղեկավարի այս հայտարությունը հնչեց մեկ օր անց այն բանից, երբ նրա անմիջական ղեկավարը` նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինային սահմանակից շրջաններից զորքերի դուրսբերման մասին: Արևմուտքում առայժմ թերահավատորեն են վերաբերում Պուտինի այս հայտարարությանը` հիշեցնելով, որ սա զորքերի դուրսբերման մասին Պուտինի արդեն թվով երրորդ հայտարարությունն է: Ռուսաստանցի ամենահայտնի ռազմական փորձագետներից մեկը` Պավել Ֆելգենգաուերը երեկ Дождь հեռուստաընկերությանը տված հարցազույցում, սակայն, նշում էր, թե այս անգամ հակված է հավատալ Պուտինի պնդումներին:

«Ամեն դեպքում զորքերը հարկավոր է դուրս բերել: Այն հարվածային-մարտավարական գումարտակային խմբերը, որ վերջին երկու ամիսներին գտնվում էին Ուկրաինայի հետ սահմանագծին, այլևս չեն կարող այնտեղ մնալ: Նախևառաջ հարկավոր է անցկացնել այն ժամկետային զինծառայողների զորացրում, ում ծառայության ժամկետը մոտենում է ավարտին: Այդ ստորաբաժանումները առաջիկայում պետք է համալրվեն պայմանագրային զինծառայողներով և աշնանը զորակոչվող ժամկետային զինծառայողներով: Այնպես որ, սա պարզապես հայտարարություն չէր, հատկապես եթե հաշվի առնենք, որ զորքերը հետ քաշելու որոշումը կայացվել է Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում: Այս ամենը նշանակում է, որ լայնածավալ ռազմական գործողությունը Ուկրաինայում հետաձգվում է», - նշում էր Ֆելգենգաուերը:

Եվ քանի դեռ Մոսկվան հայտարարում է զորքերը սահմանագծից հետ քաշելու մասին, բուն Դոնբասում իրավիճակը շարունակվում է բավական լարված մնա: Կրամատորսկ և Սլավյանսկ քաղաքների մերձակայքում փոխհրաձգությունները տեղացի զինյալների և ուկրաինական ստորաբաժանումների միջև շարունակվում են:

Իրավիճակը բավական անորոշ է Դոնբասի խոշրագույն քաղաքներում` մասնավորաբար Դոնեցկում և Մարիուպոլում: Այստեղ գործող արդյունաբերական ձեռնարկությունների մեծամասնության սեփականատերը, նախկին նախագահ Յանուկովիչի ամենամերձավոր օլիգարխը` Ռենատ Ախմետովը, երեկ երեկոյան հանդես եկավ անսպասելի մի հայտարարությամբ, որից պարզ դարձավ, որ Ուկրաինայի երբեմնի ամենաազդեցիկ գործարարը որոշել է անցնել նոր իշխանությունների կողմը: «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» ղեկավարներին Ախմետովը մեղադրեց Դոնբասի կործանման և նույնիսկ ցեղասպանության մեջ:

«Սա պայքար է ընդդեմ մեր երկրամասի բնակիչների, սա Դոնբասի դեմ ուղղված պայքար է, սա Դոնբասի ցեղասպանությունն է: Այսպես կոչված «Դոնեցկի ժողովրդական հանրապետությունն» այսօր գրավել է երկաթուղին: Բեռնափոխադրումները դադարեցված են, իսկ դա նշանակում է մեր երկրամասի արդյունաբերության մահը: Արդյունաբերության մահը Դոնբասի մահն է», - հայտարարեց Ախմետովը:

Ուկրաինացի օլիգարխը կոչ արեց Դոնբասի բնակիչներին այսօր կեսօրին դուսր գալ փողոց` աջակցություն հայտնելով խաղաղությանն ու Ուկրաինայի միասնությանը: Վերջին տեղեկությունների համաձայն, սակայն, Դոնեցկում «Խաղաղության երթ» անվանումը ստացած ակցիային մասնակցեցին մի քանի տասնյակ մարդիկ, որոնք իրենց ավտոմեքենաներով`ազդանշանները միացրած, շրջել են քաղաքի փողոցներով: 52 հազարանոց «Դոնբաս Արենա» մարզադաշտում էլ հավավքել էին Ախմետովին պատկանող «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի շուրջ 400 երկրպագուները`«Հանուն խաղաղ Դոնբասի» կարգախոսներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG