Մատչելիության հղումներ

Ֆինանսների նախարարն ասում է՝ իրեն վերագրվող բիզնեսները «հորինված են»


Ֆինանսների նորանշանակ Գագիկ Խաչատրյան այսօր մի խումբ լրագրողների հետ հետ զրույցում հայտարարեց, որ իրեն վերագրվող բիզնեսները «հորինված» են։

«Ազատություն». - Պարոն Խաչատրյան, ի՞նչ կարող եք ասել ձեր բիզնեսների մասին հնչած բազմաթիվ հարցադրումների առնչությամբ։

Խաչատրյան. - Նորից եմ կրկնում, ձեր հորինած բիզնեսները որևէ կապ չունեն իմ հետ։

«Ազատություն». - Օրինակ, UCom-ը, «Մեգամոթորս»-ը, «Խրոնոգրաֆ» խանութների ցանցը կապ չունե՞ն Ձեզ հետ։

Խաչատրյան. - Իհարկե, չունեն։ Լևոն Զուրաբյանին հարցրեք, ասեք, թող հետաքրքրվեն, ճշտեն, թե ումն են այդ բիզնեսները, և ինքը ազնվություն ունենա խորհրդարանի հաջորդ նիստին հրապարակի։ Ես ոչ մի բիզնես չունեմ։

«Ազատություն». - Իսկ Ձեր բարեկամնե՞րը։

Խաչատրյան. - Մեր բարեկամները, իհարկե, կունենան, գնացեք հարցրեք։

«Ազատություն». - Այդ դեպքում ինչո՞ւ է մամուլը այդքան Ձեր բիզնեսների մասին գրում։

Խաչատրյան. - Տարիներ առաջ շատ «լավ» ընկերներ, որպեսզի ինձ դարձնեին խոցելի, իսկ խոցելի մարդը նաև կառավարելի է, հորինեցին այս բիզնես հետաքրքիր աշխարհը և ձեր միջոցով տարածեցին ի լուր ամբողջ հանրապետության։ Հիմա էլ դուք նույն կերպ շարունակում եք։ Կարող եք շատ հեշտությամբ ճշտել, թե ում բիզնեսներն են, փորձեք ճշտել։ Դրանցով հետաքրքրվել են նաև պատկան մարմինները, նաև Էթիկայի հանձնաժողովը։ Էթիկայի հանձնաժողովը ինչո՞ւ չէր կարող իմ դեմ որոշում կայացնել։ Ինչո՞ւ եք գերագնահատում իմ ուժերը։

Ֆինանսների նորանշանակ նախարարը նաև մեկնաբանեց նախկինում իր ղեկավարած Պետեկամուտների կոմիտեի միավորումը ֆինանսների նախարարության հետ, ասաց՝ օպտիմալացման ծրագրերը կիրառվում են ողջ աշխարհում։

«Էս սուպերնախարար բառից ես էդքան չեմ ոգևորվում և չեմ էլ անհանգստանում, սուպերնախարար նշանակում է սուպերպատասխանատվություն: Պետք է նայել գործերին։ Հարկային, մաքսային մարմինները, ֆինանսների նախարարությունը հո միա՞յն ՀՀ-ում չեն միացված։ Բայց առաջ էլ էր օպտիմալ, որովհետև երբ կառույցները աշխատանքի ընթացքում կայանում են, արդեն խնդիր է առաջանում, որպեսզի ավելի արդյունավետ աշխատանք կազմակերպվի»,- ասաց նա։

Գագիկ Խաչատրյանը անդրադարձավ տնտեսությունում ներդրումային իրավիճակին, մասնավորապես, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե այն խայտառակ վիճակում է. - «Ներդրումային իրավիճակը միայն հարկային, մաքսային մարմիններից կախված չէ, եղա՞վ»։

Խոսելով տնտեսության ստվերի մասին՝ ֆինանսների նախարարն ասաց.- «Դժվար է ասել, տարբեր գնահատականներ կան։ Մենք հաշվարկելու մեթոդիկա չունենք և մեր գործառույթի մեջ չի մտնում դա։ Մենք գիտենք որտեղ ստվեր կա, բայց ստվերի գնահատականը շատ դժվար է տալը»։
XS
SM
MD
LG