Մատչելիության հղումներ

Առաջարկվող միակ այլընտրանքն առայժմ խորհրդարանական կառավարումն է


Առաջարկվող միակ այընտրանքն առայժմ խորհրդարանական կառավարումն է
please wait

No media source currently available

0:00 0:02:07 0:00
Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը Հայաստանում գործող կիսանախագահական համակարգին իբրև միակ այլընտրանք առայժմ առաջարկում է խորհրդարանականը:

Սահմանադարական բարեփոխումների վերաբերյալ այսօր կազմակերպված հանրային քննարկման ժամանակ «Ազատության» հարցին ի պատասխան այդ մասին ասաց Սահմանադրական դատարանի նախագահ, Հանրապետության նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Հարությունյանը:

«Հանձնաժողովն այդ հարցում դեռևս վերջնական եզրահանգման չի եկել: Հանձնաժողովը ներկայացրել է առաջին իր մոտեցումը, որ ինչպես կարելի է բարեփոխել գործող համակարգը բաժանման, հավասարակշռման տեսանկյունից: Այսինքն` առկա կիսանախագահական համակարգի սահմանադրական լուծումների հետագա բարեփոխումները ինչ ուղղություններով և ինչպես կարող են իրականացվել: Եվ հանձնաժողովը նաև փաստել է, որ կան խնդիրներ, որոնք այդ շրջանակներում թերևս այդքան արդյունավետ լուծելի չեն, և կարող է այընտրանք լինել նաև անցումը խորհրդարանական կառավարման ձևին», - նշեց նա:

«Այս հանրային քննարկումները նաև այդ նպատակն են հետապնդում՝ բացահայտել նաև այս հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ», - շարունակեց Հարությունյանը` հավելելով, որ հունիս ամսվա ընթացքում ի մի կբերվեն արդյունքները, և «հանձնաժողովի անդամները քվեարկությամբ իրենց ամբողջական դիրքորոշումը կարտահայտեն այս հարցում». - «Մոտավորապես հունիսի 20-25-ը, որովհետև հուլիսի 1-ին մենք պետք է հանձնաժողովի արդեն լրամշակված, հանրային քննարկումների արդյունքները հաշվի առած փաթեթը ներկայացնենք Հանրապետության նախագահին: Դրանից հետո, եթե հավանության արժանացավ հայեցակարգը, նոր կսկսվի աշխատանքը կոնկրետ փոփոխությունների փաթեթի մշակման ուղղությամբ»:

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում «Իշխանությունների բաժանում և հավասարկշռում» բաժնում որպես այսօր Հայաստանում գոյություն ունեցող կիսանախագահական համակարագին «հնարավոր այլընտրանք» առաջարկվում է միայն խորհրդարանականը:

Նախագծի համաձայն․ Հանրապետության նախագահը ընտրվելու է Ազգային ժողովի կողմից՝ յոթ տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի և նրա հիմնական առաքելությունը լինելու է Սահմանդրության պահպանմանը հետևելը: Գործադիր իշխանության գլխին կանգնելու է վարչապետը, որը պաշտոնը ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքով, ձևավորում է կառավարությունը և պատասխանատու է միայն Ազգային ժողովին:

Փաստաթուղթը ամրագրում է. կառավարման գործող համակարգի պայմաններում լիարժեք չի երաշխավորվում հետևյալ խնդիրների լուծումը՝ «քաղաքական մենիշխանության հաղթահարումը», «պետական իշխանության գերանձնավորման հնարավորությունը»: Իսկ խորհրդարանական համակարգի պայմաններում «կլինի միասնական գործադիր իշխանություն՝ վարչապետի գլխավորությամբ, առանց դուալիստական գործադիր իշխանության վտանգի, «պատահական» անձանց իշխանության գալու վտանգը և իշխանության գերանձնավորումը խիստ կնվազի, չի լինի իշխանության գերկենտրոնացում գործադիր իշխանության ղեկավարի ձեռքում, երկիրը կկարողանա ավելի ճկուն դիմագրավել արտաքին քաղաքական մարտահրավերներին, քանի որ քաղաքական որոշումների ընդունման ամբողջ գործընթացը կլինի ավելի կոլեգիալ և ավիլի նվազ ձափով անձնավորված»:

Փաստենք` Հայաստանի երեք նախագահները Լևոն Տեր-Պետրոյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը հրապարակավ իրենց աջակցությունը չեն հայտնել կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուն, սակայն այսօր առաջարկվող միակ տարբերակը հենց դա է:

Հայ ազգային կոնգրեսը հայտարարեց, որ «կտրուկ դեմ է սահմանադրական փոփոխությունների գործընթացին և ներկայացված նախագծին»: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ասաց, որ կուսակցությունը «սկզբունքորեն դեմ է սահմանադրական փոփոխությունների փաթեթին և դրա քննարկմանը հատկապես այս ժամանակահատվածում, երբ երկրում առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ»։

Սահմանադրական փոփոխություններին դեմ դուրս եկավ նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Բարեփոխման նախաձեռնությունը բխում է բացառապես իշխանություններից, հնչած բացատրությունները համոզիչ չեն, ծայրահեղ հեղհեղուկ են, ինչը և առաջարկվող փոփոխությունների իրական նպատակների վերաբերյալ լուրջ կասկածներ է առաջացրել հասարակության մեջ», - ընդգծել է նա:

Ուշագրավ է ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցումը, որը նա հնչեցրեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ ապրիլի 10-ին կայացած հանդիպման ժամանակ. - «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես` Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»:

«Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում», - հավելել էր Սարգսյանը:
XS
SM
MD
LG