Մատչելիության հղումներ

Հյուսիսային պողոտայի վերակառուցումը վերսկսվել է


Երաժիշտներ Հյուսիսային պողոտայում, հունիս, 2013թ․

Երաժիշտներ Հյուսիսային պողոտայում, հունիս, 2013թ․

Հյուսիսային պողոտայի վերակառուցման գործընթացը, որը մեկնարկել էր անցած տարվա հոկտեմբերի վերջին և ժամանակավորապես ընդհատվել եղանակային պայմանների վատթարացման պատճառով, կրկին վերսկսվել է: Այդ մասին այսօր հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ արձագանքելով զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներին:

Ըստ քաղաքապետարանի՝ Հյուսիսային պողոտայում համալիր փոփոխություններ են իրականացվելու, պողոտայի բետոնե ծածկը գրանիտե բազմագույն սալաքարերով փոխարինելու գործընթացը, որ 2013-ին սկսվել էր, այսօր շարունակվում է: Սալիկապատման աշխատանքներն իրականացվելու են մի քանի փուլով: Վերջերս կատարված շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացվել է, որ սալիկապատման ընթացքում նոր նյութերի և տեխնոլոգիաների շնորհիվ պողոտան հնարավոր կլինի շուրջ 4-5 տասնամյակ օգտագործել:

Որպես Հյուսիսային պողոտայի վերակառուցման վերջնաժամկետ նախանշվում է այս տարվա օգոստոսը:

«Հյուսիսային պողոտայի վերակառուցման նպատակը պողոտայի արտաքին տեսքն ավարտին հասցնելն է: 2006-07 թվականներին, որպես ժամանակավոր լուծում այն պատվել էր գունավոր բետոնով, իսկ սալիկապատումը հետաձգվել էր մինչև Հյուսիսային պողոտայի ամբողջական շահագործումը (մինչ օրս պողոտայի լուսավորության, շենքերի գեղարվեստական լուսավորության, կանաչապատ և ծաղկապատ հատվածների, ջրային լուծումների հարցը լուծված չէ, և դրանք նույնպես ներկա փուլում պիտի իրականացվեն): Ընդհանուր առմամբ Հյուսիսային պողոտայում սալիկապատման ենթակա է մեկ հեկտար (10 հազար քմ) տարածք», - նշված է հաղորդագրությունում:

Հյուսիսային պողոտայի սալահատակի վերակառուցմամբ զբաղվում է «Դալմա Շին» ընկերությունը, ներդնող ընկերությունն է «Տաշիր Գրուպ»-ը, վերակառուցման աշխատանքների համար ներդրվել է 5 միլիոն դոլար, քաղաքապետարանի բյուջեից Հյուսիսային պողոտայի վերակառուցմանը ֆինանսական միջոցներ չեն ուղղվելու, ասված է հաղորդագրությունում:

Քաղաքապետարանը հավաստիացնում է նաև, որ վերակառուցման ընթացքում զգալի չափով՝ ավելի քան չորս անգամ կավելանան Հյուսիսային պողոտայի կանաչ հատվածները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG