Մատչելիության հղումներ

logo-print

Տեխզննում՝ առանց տեխզննման. Տուրքի իմաստը անհասկանալի է վարորդների համար


Վարորդների համար անհասկանալի է՝ ինչու են ամեն տարի 10 հազար դրամ մուծում մեքենայի տեխզննության համար, եթե իրականում մեքենան որևէ մեկը չի ստուգում, կտրոնն էլ տրամադրվում է առանց մեքենան ներկայացնելու։

Անվտանգ մեքենա ունենալու մասին հավաստագիր ստանալու համար բավական է այցելել թաղապետարան, բանկում 10 հազար դրամ մուծել, վերջում էլ կտրոնը խնամքով փակցնել մեքենայի դիմապակուն։

Մի քանի ամիս առաջ մայրաքաղաքում կառուցված տեխնիկական զննության կենտրոններից մեկը մեր այցելության պահին դատարկ էր։ Տեխզննման հսկիչ Արա Հակոբյանը պատմեց, որ մի քանի օր է որևէ կտրոն չեն կնքել։

Ամայի տեխզննման կայանների փոխարեն այս գործն ամբողջությամբ իրենց վրա են վերցրել համակարգի հետ որևէ կապ չունեցող թաղապետարանները։ Իզաբելլա Աբգարյանը, օրինակ, բանկ, իսկ այնուհետև տեխզննման կենտրոն այցելելու փոխարեն, բոլոր վճարումները կատարել է Արաբկիրի թաղապետարանում։ Ի դեպ, նրա մեքենան այդ ժամանակ տեխնիկական խնդիրներ է ունեցել, մինչդեռ դա որևէ մեկին չի հետաքրքրել։

«Թաղապետարան եկել եմ առանց մեքենայի՝ կատարելով բոլոր վճարումները. մի քանի ժամից ստացել եմ տեխզննման կտրոնը»,- պատմեց Աբգարյանը։

Արաբկիրի թաղապետարանում անգամ առանձին սենյակ է բացվել, որտեղ աշխատում են այսպես կոչված տեխզննման խորհրդատուներ։ Մեր այցելության պահին սենյակում մի քանի տղամարդ էր նստած, մեկի ձեռքում կտրոններ կային։ Մեզ տեսնելուն պես նա անմիջապես թաքցրեց դրանք, հրաժարվեց, թե կտրոններ է տրամադրում՝ պնդելով, թե պարզապես խորհուրդ են տալիս մարդկանց։
Վարորդ Արսեն Կարապետյանը թաղապետարանում ստեղծված այս մեկ պատուհանի փոխարեն որոշել է տեխզննման կենտրոն գնալ ու, այդուամենայնիվ, ինչ-որ ծառայություն ստանալ՝ մուծած 10 հազար դրամի դիմաց։

«Ուղղակի մոտեցել եմ, էդ մարդուն հարցրեցի, թե «չեք ստուգելո՞ւ արգելակները», շատ տխրեց, որովհետև ուզում էր ինձ շատ լավ տրամադրությունով բաց թողներ, գնայի, ու չստուգեց իհարկե։ Ասաց՝ դե նորմալ կլինի, էլի, լավ մեքենա է»,- ասաց Կարապետյանը։

Դեռևս 3 տարի առաջ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե այս ոլորտում բարեփոխումներ են անհրաժեշտ, փաստեց, որ տեխզննման կայանները գումարը վերցնում են, բայց զննում չեն իրականացնում, և հիշեցրեց՝ որևէ պետական մարմին իրավունք չունի ստուգել տեխզննման կտրոնի վրա կնիքի առկայությունը։

«Կատարելով իրենց ֆինանսական պարտավորությունները պետության նկատմամբ, այդ կտրոնը հանգիստ կերպով կարող են փակցնել մեքենայի վրա: Սա է մեր պահանջը»,-հայտարարել էր վարչապետը։

Ավտովարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Աքիլլես» հասարակական կազմակերպության ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը, մինչդեռ այլ պահանջ ունի. նա արդեն մի քանի տարի է փորձում է պարզել՝ ո՞րն է տուրքի իմաստը և որտե՞ղ են ծախսվում վարորդների մուծած հազարավոր դրամները։ Տրանսպորտի նախարարությանն այս հարցով ուղղված բազմաթիվ նամակները, սակայն, այդպես էլ պատասխան չեն ստացել։

«Իրենք էլ են հասկացել, որ ձևական բնույթ է կրում։ Դա արվում է, որ բյուջեն լցվի»,- կարծում է Հովհաննիսյանը։

Էդուարդ Հովհաննիսյանի կարծիքով՝ ոլորտում կոռուպցիան վերացնելու ամենալավ տարբերակը տեխզննման կտրոնը վերացնելն է, քանի որ այն այսպես թե այնպես ոչ մի խնդիր չի լուծում։

«Օրենքով ասվում է հետևյալը՝ սեփականատերն ու վարորդն են պատասխանատու մեքենայի՝ սարքին վիճակում լինելու համար։ Վե՛րջ»,- ասաց նա։
XS
SM
MD
LG