Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում «ուղղակի հորդոր» են որակում Ղարաբաղի հարցով վերջին հայտարարությունները


Լեռնային Ղարաբաղ - Կառավարական գլխավոր շենքը մայրաքաղաք Ստեփանակերտում
Լեռնային Ղարաբաղ - Կառավարական գլխավոր շենքը մայրաքաղաք Ստեփանակերտում

«Կան խնդիրներ, որոնք կարող են միմիայն կարգավորվել լիարժեք ձևաչափի վերականգնման պայմաններում», - ասում է Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակը:

Որպեսզի ղարաբաղյան խնդիրը կարգավորվի, նախևառաջ անհրաժեշտ է, որպեսզի պահպանվի հրադադարի ռեժիմը: Սա, ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի, հակամարտության կարգավորման սկզբնական և կարևորագույն պայմաններից մեկն է:

Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հաստատված զինադադարի 20-ամյակի կապակցությամբ այս ամիս նախ հայտարարություններով հանդես եկավ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ապա համատեղ հայտարարությամբ՝ բոլոր երեք համանախագահները, իրենց մեկնաբանությունները հրապարակեցին Հայաստանում և Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանները: Հայտարարություն տարածեց նաև Եվրոպական միությունը՝ մասնավորապես, մտահոգություն հայտնելով շփման գծում զինված միջադեպերի մեծ թվի պահպանման կապակցությամբ, ինչպես նաև կողմերին կոչ անելով հավելյալ ջանքեր և միջոցներ գործադրել զինադադարի և խաղաղ գործընթացի ամրապնդման ուղղությամբ:

Ի պատասխան «Ազատության» հարցի՝ այս հայտարարությունների շարժառիթը արդյոք միայն զինադադարի 20-ամյա՞կն է, թե՞ կարգավորման գործընթացում ներգրավված գերտերությունները խնդրի լուծման արագացման անհրաժեշտություն են տեսնում, Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակը ասաց․ - «Կարծում եմ, որ կա որոշ շարժ, բայց սա այնպիսի բաղադրամասեր չունի, որ ասենք՝ որակական նոր տարբերություն է լինում: Ճիշտ է, եղել են վերջերս հայտարարություններ և այլն, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, սրանք ուղղակի հորդոր են, որպեսզի ցույց տան նաև, որ հակամարտության կարգավորումը գործընթացի մեջ է, որպեսզի խաղաղ կարգավորվի: Ուրիշ բան է, որ կան խնդիրներ, կան այդ համաձայնության հետ շատ լուրջ հարցեր, որոնք կարող են միմիայն կարգավորվել լիարժեք ձևաչափի վերականգնման պայմաններում»:

Վերլուծաբանները նաև կարծիք էին հայտնում, որ վերջին շրջանում իրար հաջորդող այս հայտարարությունների նպատակներից մեկը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների օրինակով այլ տարածարջաններում հակամարտությունների նոր հնարավոր ակտիվացումները կանխելն է:

Դավիթ Բաբայանը ուկրաինական սցենարը Հարավային Կովկասի տարածաշրջանում քիչ հավանական է համարում:

«Ուկրաինայի դեպքերը, կարծում եմ, այստեղ կապ չունեն: Ճիշտ է, Հարավկովկասյան տարածաշրջանը անմիջապես կապ ունի, ասենք, Հյուսիսկովկասյանի և Արևելյան Եվրոպայում այդ տարածաշրջանների հետ տեղի ունեցող գործընթացների հետ, այնուամենայնիվ, ուղղակի կապ ես չեմ տեսնում: Այս պարագայում, կարծում եմ, որ արմատական որևէ փոփոխություն չի լինի», - հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակը:
XS
SM
MD
LG