Մատչելիության հղումներ

Նալբանդյանը և Օհանյանը Բրյուսելում կքննարկեն Հայաստան - ՆԱՏՕ հարաբերությունները


Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները Բրյուսելում Հյուսիսատլանտյան խորհրդի նիստի ժամանակ, արխիվ

Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները Բրյուսելում Հյուսիսատլանտյան խորհրդի նիստի ժամանակ, արխիվ

Հյուսիսատլանտյան խորհրդի «28+Հայաստան» ձևաչափով նիստին մասնակցելու նպատակով այսօր Բրյուսել են ժամանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` քննարկելու Հայաստան - ՆԱՏՕ հարաբերությունները, ինչպես նաև Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, որը բարեփոխումներ ու համագործակցություն է առաջարկում տարբեր ոլորտներում` ժողովրդավարություն, խաղաղապահ գործողություններ և այլն:

2005 թվականից ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հետ համագործակցությունը ընթանում է երկու ուղղությամբ` ՆԱՏՕ - Հայաստան քաղաքական երկխոսություն և Հայաստանի ժողովրդավարության և պաշտպանության ոլորտի բարեփոխումներ: Սա նշանակում է, որ Հայաստանը ոչ միայն աջակցում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորամիավորումներին, այլև շարունակական խորհրդակցություններ է անցկացնում իր հարևանների հետ հարաբերությունների, օրենքի գերակայության, ժողովրդավարության ոլորտին առնչվող հարցերով` երկու տարին մեկ թարմացնելով համագործակցության ոլորտներն ու ժամկետները:

Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը նպատակ ունի սերտացնել հարաբերությունները երկրների և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև, սակայն՝ առանց ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարի:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, ապա ՆԱՏՕ-ն այստեղ թեև անմիջական դերակատարում չունի, այդուամենայնիվ, հետաքրքրված է խնդրի խաղաղ հանգուցալուծմամբ:

Հարկ է նշել, որ Հայաստանի պաշտպանության նախարարի և արտաքին գերատեսչության ղեկավարի այսօր կայանալիք հանդիպումը համարվում է բարձր մակարդակով խորհրդակցություն և բացառիկ հնարավորություն է ստեղծում կարևորագույն հարցեր քննարկել դաշինքի անդամ երկրների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG