Մատչելիության հղումներ

Վերնիսաժի կրակոցներից տուժածներից 3-ի վիճակը մինչ օրս ծանր է


Շաբաթ օրը Վերնիսաժից հրազենային վնասվածքներով Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված 5 քաղաքացիներից 3-ի վիճակը ծանր է, 2-ինը՝ միջին ծանրության: 5-ից 4-ը վիրահատվել են, և միայն 64-ամյա Ալբինա Բադալյանն է, որ վիրահատության կարիք չի ունեցել:

«Հինգն էլ ունեն տարբեր հատվածներում վնասվածքներ», - ասում է հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի ծառայության պատասխանատու Արթուր Առաքելյանը:

27-ամյա Մյասնիկ Հայրապետյանի, 30-ամյա Վալերի Հովհաննիսյանի և 72-ամյա Մնացական Սուքիասյանի վիճակը բժիշկները կայուն ծանր են գնահատում: Բժիշկների փոխանցմամբ, բոլոր հիվանդները գիտակից վիճակում են և այս պահին որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Առաջիկա օրերին նրանք կշարունակեն մնալ վերակենդանացման բաժանմունքում:

Վիրավոր երիտասարդներից մեկի մայրը, ով նոր էր տեսակցել որդու հետ, համաձայնեց խոսել մեզ հետ առանց ներկայանալու: Կինը պնդում էր, թե դեպքի մանրամասներից տեղյակ չէ, բայց միանշանակ կարող է ասել, որ իր որդին պատահաբար է հայտնվել կրակի թիրախում:

«Մենք խուլիգան երկրում ենք ապրում: Նորմալ երկրում որ ապրեինք՝ նման բան չէր կատարվի: Օտարի հողի վրա մենք ավելի լավ ենք մեզ զգում, ավելի ամուր ենք մեր ոտքը դնում, քան այս խուլիգան երկրում: Օլիգարխների երկիր, ինչի՞ մասին է խոսքը: Հիմա միայն իմ երեխայի առողջությունն է ինձ հետաքրքրում, ուրիշ ոչինչ չի հետաքրքրում», - ասում էր մեր զրուցակիցը:
XS
SM
MD
LG