Մատչելիության հղումներ

«Ռուսաստանը մեծապես ներքաշված է Ուկրաինայի արևելքում ընթացող զարգացումներում»


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում խոսել է Ուկրաինայի ճգնաժամի մասին։ 19 մայիսի, 2014թ.
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում խոսել է Ուկրաինայի ճգնաժամի մասին։ 19 մայիսի, 2014թ.

Մոսկվան կվերանայի հարաբերությունները ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ։

«Ռուսաստանը ճնշում է բանեցնում հարևանների վրա»

Այսօր Բրյուսելում մամլո ասուլիս էր հրավիրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ով նախապես հայտնել էր, որ խոսելու է Ուկրաինայի ճգնաժամի մասին։

«Մեզ հայտնի է Ռուսաստանի ռազմական վարդապետությունը, ըստ որի Մոսկվան իրեն վերապահել է հարևան երկրների գործերին միջամտելու իրավունք` ռուսախոս համայնքներին պաշտպանելու նպատակով։ Մեր եվրոպացի դաշնակիցներն ունեն մտահոգության ակնհայտ առիթներ և այդ մտահոգությունները չափազանցված չեն», - ասել է Ռասմուսենը։

Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ն Ուելսում սեպտեմբերին 4-5-ը կայանալիք գագաթնաժողովում պետք է ընդունի գործողությունների ծրագիր, որը կարտահայտի Եվրոպայում անվտանգության հետ կապված իրավիճակի փոփոխություններին հակազդելու և պատրաստ լինելու մտադրություն։

«Այդ առումով մենք պետք է հաշվի առնենք մի քանի գործոններ, արդիականացնենք մեր պաշտպանական ներկայիս ծրագրերը, մշակենք պաշտպանության նոր ծրագրեր, ընդարձակենք զորավարժություններն ու ռազմական ստորաբաժանումների անհրաժեշտ տեղակայումները», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի փոխանցմամբ, Ռուսաստանն ակնհայտ ճնշում է գործադրում հարևան երկրների վրա` այդպես փորձելով խափանել Եվրոպական միության հետ Ասոցացման պայմանագրերի կնքումը։

«Հենց դա է ինձ ստիպում ենթադրել, որ Մոսկվան նույն գործողությունները կանի նաև Եվրամիության հետ համաձայնագրերի հարցն ավարտին հասցնող Մոլդովայի և Վրաստանի նկատմամբ», - ասել է Ռասմուսենը։

Դեռ մի քանի շաբաթ առաջ Կրեմլը հայտնել էր, թե բանակն ավարտել է զորավարժություններն Ուկրաինայի սահմանների մոտակայքում և վերադառնում է մշտական տեղակայման հենակետեր։ Ռուսները, իհարկե, պնդում էին, թե այդ զորավարժությունները նախապես էին ծրագրված և ոչ մի կապ չունեն Ուկրաինայի ճգնաժամի հետ։

Սակայն ՆԱՏՕ-ն ընդգծել է, որ չնայած ռուսական կողմի հավաստիացումներին, ոչ մի էական տեղաշարժ չկա, և մոտ 40 հազարի հասնող ռուսական զորքը մնում է Ուկրաինայի սահմանների մոտ։

Այսօր Կրեմլը տարածել է նոր հաղորդագրություն, որի համաձայն նախագահ Վլադիմիր Պուտինը ստորաբաժանումներին կարգադրել է վերադառնալ Դոնի Ռոստովի, Բելգորոդի և Բրյանսկի կայազորներ։

«Պուտինի հրամանի վերաբերյալ պետք է ասել, որ, դժբախտաբար, նման հայտարարություններ եղել են, սակայն զորքերը մնացել են սահմանների մոտ, սա այդ հարցով Պուտինի արդեն երրորդ հայտարարությունն է, բայց այս պահին դեռ տեղաշարժ չկա», - ասել է Ռասմուսենը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի համոզմամբ, Ռուսաստանը Ղրիմն ապօրինաբար է բռնակցել։

«Կասկած չկա, որ Ռուսաստանը մեծապես ներքաշված է Ուկրաինայի արևելքում այսօր ստեղծված իրավիճակում», - ասել է Ռասմուսենը։


«Պատժամիջոցները չեն համապատասխանում այսօրվա իրողություններին»

Ռասմուսենի ասուլիսից առաջ այսօր լրագրողներին է հանդիպել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ով այսօր Մոսկվայում բանակցել է իր սլովակ պաշտոնակից Միրոսլավ Լայչակի հետ։

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է, թե Մոսկվան Ուկրաինայի ճգնաժամի համատեքստում մտադիր է լրջորեն վերանայել հարաբերությունները Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ։

Խոսելով արևմտյան պատժամիջոցների մասին` Լավրովն ասել է, թե դրանց տրամաբանությունը չի համապատասխանում ո'չ մայրցամաքի և ո'չ էլ Ուկրաինայի իրողություններին և միայն խոչընդոտում է Ուկրաինայի պետական խորը ճգնաժամը հաղթահարելու ջանքերը։


Մանկապարտեզը` ռուս անջատականների հենակետ

Մինչդեռ, Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով, այսօր լուսադեմին Սլավյանսկի արվարձանում անջատականների տեղակայած անցկատետի մոտակայքում ռուսական կողմի արձակած արկերի պայթյուններից սպանվել է 1 և վիրավորվել է 3 ուկրաինացի զինծառայող։

Ուկրաինական կողմը պնդում է, որ ռուսները կրակը բացել են մանկապարտեզի տարածքում տեղադրած թնդանոթից, և դա բացահայտ սադրանք է, որը պետք է ուկրաինացիներին դրդեր ոչնչացնել մանկապարտեզն ու ռուսական պրոպագանդայի կողմից ներկայացվել որպես անգութ բարբարոսներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG