Մատչելիության հղումներ

«Ոչ պուտինիզմին» ակցիայից բերման ենթարկված ակտիվիստների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել


Երեկ Մաշտոցի պողոտայից «Ո'չ պուտինիզմին» ակցիայի ժամանակ բերման ենթարկված երկու ակտիվիստները մինչև օրս չեն հասկանում՝ ինչու են իրենց Ոստիկանություն տարել:

Վարուժան Բերտիկյանը նրանցից մեկն է: «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ իրավապահները մինչև բերման ենթարկելը ոչ մի պահանջ չեն ներկայացրել, ինքն էլ քայլելիս է եղել մայթով, ոչ թե փողոցի երթևեկելի մասով:

«Մի ոստիկան մոտեցավ, ձեռքս ոլորեց, ասաց՝ ապեր, արի մի հատ խոսանք, նույնիսկ չհասցրի նրան ասել, որ չդիպչի ինձ, երբ 6-7 ոստիկաններ ինձ բարձրացրին և տարան դեպի ոստիկանական մեքենա», - պատմենց Բերտիկյանը:

Ակցիայի մասնակից Վրեժ Զատիկյանը ևս պնդում է, թե իրավապահները խաղաղ ցույցի ժամանակ որևէ պահանջ չեն ներկայացրել և կարգը պահպանելու փոխարեն սադրել ու քաշքշել են ակտիվիստներին:

Ցույցի մասնակիցները բողոքում էին ռուսական զավթողական քաղաքականության դեմ ու կոչ էին անում իշխանություններին Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին «պերսոնա նոն գրատա» հայտարարել:

Վերջինս, հիշեցնենք, հայտարարել էր, որ պետք է Հայաստանում չեզոքացնել բոլոր այն ՀԿ-ները, որոնք սեպ են խրում ռուս-հայկական հարաբերությունների մեջ: Ակցիայի մասնակից, լրագրող Գայանե Առուստամյանը վստահ է՝ իրավապահները իրենց նկատմամբ խիստ ու կոպիտ էին՝ նախևառաջ Ռուսաստանի դեսպանատանը հաճոյանալու համար:

Ոստիկանությունից տեղեկացրին, որ ակցիայի մասնակիցները բաժին են տարվել ոստիկանի իրավական պահանջին չենթարկվելու համար, ինչի համար վերջիններս կարող են տուգանվել՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսունապատիկի չափով:

Բերման ենթարկված Վարուժան Բերտիկյանը համաձայն չէ Ոստիկանության կազմած այս արձանագրության հետ, և եթե գործը հասնի դատարան, պատրաստվում է վիճարկել տուգանքը:

Նշենք, որ անցած դեկտեմբերին՝ Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինի այցի օրերին ևս իրավապահները 100-ից ավելի ակտիվիստների էին բերման ենթարկել, սակայն մի շարք գործերով նույնիսկ չփորձեցին հիմնավորել բերման ենթարկելու անհրաժեշտությունը և հրաժարվեցին ակտիվիստների դեմ հայցադիմումներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG