Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարարը այցելել է Վարդան Պետրոսյանին


Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյան, դերասան Վարդան Պետրոսյան

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյան, դերասան Վարդան Պետրոսյան

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շաբաթ օրը աշխատանքային շրջայց է իրականացրել մի շարք քրեակատարողական հիմնարկներ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ այցի ընթացքում հանդիպել է այնտեղ պահվող ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանին:

Արդարադատության նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ նորանշանակ նախարարը բազմաթիվ դիմումներ և հարցադրումներ է ստացել, որոնք վերաբերում են հայտնի դերասանի պահման պայմաններին, նրա առողջական վիճակին և քրեակատարողական հիմնարկում նրա իրավունքների պահպանության հարցերին: Նշված խնդիրներին անձամբ տեղեկանալու համար «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ այցելած նախարարը հետաքրքրվել է դերասանի առողջական վիճակով, ուսումնասիրել վերջինիս պահման պայմանները:

Վարդան Պետրոսյանը հատուկ շեշտել է, որ քրեակատարողական հիմնարկների ծառայողներից և ընդհանուր պահման պայմաններից բացարձակապես որևէ բողոք չունի: Նա ընդգծել է նաև, որ անչափ կարևորում է մարդկային ջերմ վերաբերմունքը, որ տածում են իր հանդեպ խցակիցները, ավելին՝ հայտնել է, որ իր հաջորդ ներկայացման մեջ անպայման անդրադառնալու է դատապարտյալների կյանքին:

«Իմ աչքերից չի հեռանում այն տեսարանը, երբ ինձ կիսամեռ, սպիտակած տեղափոխեցին Դատապարտյալների հիվանդանոց: Փարիզի ամենահայտնի հիվանդանոցը՝ Ամերիկյան կոչվող, չէր կարող ինձ վերադարձնել կյանք, ինչպես դա արեցին այն դատապարտյալները, որոնք մի վայրկյանում շրջապատեցին ինձ իրենց հոգատարությամբ», - պատմել է դերասանը՝ հավելելով, որ հենց նրանց մարդկային մոտեցման արդյունքում է րոպեներ անց ուշքի եկել:

Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել նաև քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հոգատար վերաբերմունքի համար:

Հայտնի դերասանը որոշակի դժգոհություն է հայտնել դատավարության ընթացքից, ինչին ի պատասխան՝ Հովհաննես Մանուկյանն ասել է, որ դատական քննության ընթացքին որևէ մեկը, այդ թվում՝ արդարադատության նախարարը, միջամտելու իրավասություն չունի, և համոզմունք է հայտնել, որ դատարանը կկայացնի օրինական և արդար որոշում:

Նախարարը ասել է, որ Վարդան Պետրոսյանի երկրպագուներից է, նրան է նվիրել Սերգեյ Փարաջանովի կյանքի մասին պատմող գիրք:

Դերասանը շնորհակալություն է հայտնել նախարարին այցի համար՝ նշելով, որ իր ցանկությունը միայն մեկն է՝ արդար դատավարություն:

Վարդան Պետրոսյանը անազատության մեջ է գտնվում անցած տարվա նոյեմբերից՝ հոկտեմբերի 20-ին Երևան - Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել են երկու երիտասարդներ՝ հորեղբորորդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները: Դերասանը մեղադրվում է ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 4-10 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG