Մատչելիության հղումներ

ԵՄ․ «Հրադադարը վերջ դրեց պատերազմին, բայց չլուծեց հակամարտությունը»


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ
Եվրոպական միությունը լիովին աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում զինադադարի 20-ամյակի կապակցությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների մայիսի 12-ի հայտարարությանը: Այդ մասին ասված է Եվրամիության հայտարարությունում, որը հրապարակվել է անցած շաբաթավերջին Վիեննայում՝ ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում:

«Ինչպես ընդգծում են համանախագահները, այս համաձայնագիրը վերջ դրեց բաց պատերազմին, սակայն չլուծեց հակամարտությունը: Վերջնական կարգավորման բացակայությունը խորապես զգալի է նախևառաջ բնակչության համար», - շեշտում է Եվրամիությունը:

Հայտարարությունում, որի տեքստը տեղադրված է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Եվրամիության պատվիրակության պաշտոնական կայքէջում, խորը մտահոգություն է արտահայտված շփման գծում զինված միջադեպերի վերաբերյալ հաղորդումներով և զոհերի մեծ թվի պահպանմամբ: Եվրամիությունը դատապարտում է ուժի կիրառումը և կոչ անում կողմերին խուսափել լարվածությունը մեծացնող բոլոր գործողություններից: «Այդ նպատակով կողմերին կոչ ենք անում խստորեն պահպանել իրենց կնքած հրադադարը, վերջ տալ շփման գծի հակառակ կողմը ներխուժումներին և զսպվածություն պահպանել ինչպես հրապարակային հայտարարություններում, այնպես էլ տեղում», - ասված է փաստաթղթում:

Կողմերին կոչ անելով հավելյալ ջանքեր և միջոցներ գործադրել զինադադարի և խաղաղության գործընթացի ամրապնդման ուղղությամբ, Եվրամիությունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական, արդարացի և տևական կարգավորմանը հասնելու ջանքերում, որը կենսական կարևորություն ունի տարածաշրջանի ապագայի համար:

«Մենք հրավիրում ենք կողմերին կառուցողական երկխոսության ուղի և խրախուսում նրանց` առավելագույն օգուտը քաղել համանախագահների ջանքերից», - հայտարարում է Եվրամիությունը, վերահաստատելով իր աջակցությունը առանց բացառության բոլոր սկզբունքներին` առաջարկված Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների կողմից 2009-2013 թվականներին արված հայտարարություններում:

«Ամենաբարձր մակարդակով երկխոսության վերականգնման համատեքստում աջակցում ենք անցած նոյեմբերին համանախագահների` կողմերին արված կոչին` զբաղվելու դեպի խաղաղության համաձայնագիր տանող կառուցողական և բարեխիղճ բանակցություններով: Եվրոպական միությունը պատրաստ է ավելի ակտիվ ջանքեր ներդնել հակամարտության կարգավորման համար` վստահության միջոցների զարգացմամբ և ստեղծմամբ` ի աջակցություն Մինսկի խմբի և նրա հետ լիակատար
համագործակցությամբ», - ասված է հայտարարությունում:

Եվրամիությունը նաև ողջունում է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի և նրա թիմի կողմից երբեմն բարդ պայմաններում կատարվող աշխատանքը և կարևորում շփման գծում հրադադարի ռեժիմի դիտարկման շարունակումը առանց խոչընդոտների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG