Մատչելիության հղումներ

Ձևավորվող Եվրասիական միություն ներսում «կան չլուծված շատ խնդիրներ»


Ձևավորվող Եվրասիական միություն ներսում «կան չլուծված շատ խնդիրներ»
please wait

No media source currently available

0:00 0:03:01 0:00

Ձևավորվող Եվրասիական միություն ներսում «կան չլուծված շատ խնդիրներ»

Մաքսային միությունում և ձևավորվող Եվրասիական միությունում Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միջև դեռ կան չլուծված շատ խնդիրներ, և մինչև դրանք չկարգավորվեն, միությունը չի ընդլայնվի:

«Ազատությանը» հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց Կրեմլին մոտ կանգնած քաղագագետ Ֆյոդոր Լուկյանովը, ով նաև հանդիսանում է Ռուսաստանի նախագահի հրամանագրով 2011-ին ստեղծված Միջազգային գործերով ռուսաստանյան խորհրդի նախագահության անդամ:

Նշենք, որ Միջազգային գործերով ռուսաստանյան խորհրդի համահիմնադիրներից են Ռուսաստանի արտգործնախարարությունն ու պաշտպանության նախարարությունը, և խորհուրդը զբաղվում է Ռուսաստանի կառավարության համար արտաքին քաղաքականության վերաբերյալ մշակումներ պատրաստելով:

«Այստեղ խնդիրը ոչ թե Բելառուսի ու Ղազախստանի հետ է, այլ խնդիրը հենց Մաքսային միության հետ է, որովհետև այն մի կազմակերպություն է, ուր կան բազմաթիվ չլուծված հարցեր՝ անգամ երեք հիմնադիր-երկրների միջև: Եվ այդ հարցերը պետք է լուծել, որովհետև [Եվրասիական տնտեսական միության հիկմնադրման պայմանագրի] ստորագրումից առաջ՝ վերջին փուլում, բոլորը ցանկանում են ավելի շատ բան ստանալ: Ինտեգրացիայի իմաստը դրանում է կայանում: Ուստի առաջին հերթին Ղազախստանի ու Բելառուսի համար, սակայն Ռուսաստանի համար նույնպես այսօր ամենակարևորը հետևյալն է՝ այնպես կարգավորել ապագա միության մեխանիզմը, որ այն նորմալ աշխատի երեք երկրների միջև: Դա հեշտ գործ չէ, մենք տեսնում ենք, որ տարաձայնությունները շատ են, և գործը դժվար է առաջ գնում: Եթե սրան ավելացնենք ընդլայնման թեման, ապա ամեն ինչ է’լ ավելի է դժվարանում: Ուստի, կարծում եմ խնդիրն այս է՝ նախ հարկավոր է, որ Եվրասիական միությունը ինքնուրույն հստակությունը մտցնի իր դիզայնի մեջ, որից հետո ընդլայնվի», - ասաց Լուկյանովը:

Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ նախատեսվում էր, որ ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Հայաստանը կստորագրի Մաքսային միությանը միանալու մասին փաստաթուղթը: Էլ ավելի վաղ՝ այս հունվարին, լրագրողների հետ կայացած ճեպազրույցում փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ասել էր, որ Երևանը շտապում է Մաքսայինին միանալու հարցում, որպեսզի հասցնի դառնալ Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ:

Սպասվում է, որ մայիսի 29-ին Աստանայում երեք երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, ստորագրելու են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը: Հայաստանը ոչ միայն չկա այդ երկրների շարքում, այլև նախորդ չորեքշաբթի տեսակամուրջի միջոցով հայաստանյան լրագրողների հետ շփման ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջազգային գործակցության գծով պատասխանատու Անտոն Ազարովը հայտարարեց, որ այս տարվա համար ընդհանուր առմամբ խնդիր է դրվում Մոսկվայի, Մինսկի, Աստանայի միջև ստորագրել Եվրասիական միության պայմանագիրը, իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա միայն նպատակ է դրված մինչև այս հունիսի 1-ը նախապատրաստել Եվրասիական միությանը Երևանի անդամակցության պայմանագրի նախագիծը՝ ընդգծելով, որ ցայսօր հայտնի չէ՝ ե՞րբ կկարողանա Հայաստանը ստորագրել այդ պայմանագիրը, «քանի որ այն կողմերի միջև բանակցությունների առարկա է»:

Վերադառնանք Ֆյոդոր Լուկյանովի հետ հարցազրույցին: Ռուսաստանցի ազդեցիկ քաղաքագետը խոստովանեց՝ Մոսկվան ծրագիր ունի Եվրասիական միությունը տնտեսականից աշխարհաքաղաքական միություն դարձնելու. - «Ընդհանրապես Եվրասիական միությունը մտահաղացվել է և զարգացում է ապրել որպես տնտեսական միավորում՝ Ռուսաստանի գործընկերների ազդեցության արդյունքում: Ռուսաստանում կային այդ միությանը ավելի քաղաքական ու ավելի վերազագային գործառույթներ շնորհելու կողմնակիցներ, բայց և՛ Ղազախսատնը, և՛ Բելառուսը չեն ցանկանում նման զարգացում: Ուստի, հիմքում, իհարկե, ընկած է տնտեսական ինտեգրացիան: Անշուշտ, Ռուսաստանն ունի երկրորդ ծրագիրը. դա աշխարհաքաղաքականության և անվտանգության հարցն է և հենց այս պատճառով էլ [միության] ընդլայնմանը Ռուսաստանն ավելի ակտիվ կողմնակից է, մասնավորապես՝ Հայաստանի, Ղրղըզստանի անդամակցության [կողմնակից է]: Մյուս երկրները չունեն նման խնդիր, նրանց համար նախևառաջ սա տնտեսական ինտեգրացիա է, ուստի ո՛չ Ղազախստանը, ո՛չ Բելառուսը իմաստ չեն տեսնում շտապել՝ միության ընդլայնման հարցում»:
XS
SM
MD
LG