Մատչելիության հղումներ

logo-print
Կառավարությունը ուշադրության կենտրոնում է պահելու փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտը և իր ողջ գործիքակազմով աջակցելու է այս բնագավառի զարգացմանը, ուրբաթ օրը կառավարությունում ՓՄՁ ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Աջակցությունն իրականացվելու է հիմնական հետևյալ գործիքներով. սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցություն, վարկային երաշխավորությունների և վարկերի տրամադրում: Որպես նոր գործիքներ՝ աջակցելու ենք տեղական տնտեսական զարգացմանը և առանձին ոլորտային բիզնեսներին», - ասել է վարչապետը։

Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը քննարկում է Ասիական զարգացման բանկի հետ ՓՄՁ-ով զբաղվող կին գործարարների համար 25 միլիոն դոլարի ծրագիր իրականացնելու հնարավորությունը:

Աբրահամյանն ընդգծել է, որ հստակ քայլեր են ձեռնարկվելու ոլորտի համար հարկային արտոնյալ պայմաններ սահմանելու և հարկային բեռի նվազեցման ուղղությամբ, այդ թվում շրջանառության հարկի դրույքաչափերի վերանայման մասով:

Հանդիպմանը մասնակցած «Հայաստանի վաճառականներ» հասարակական կազմակերպության ղեկավար Ցոլվարդ Գևորգյանը խիստ մտահոգիչ է համարում շրջանառության հարկի դրույքաչափերի նախատեսվող փոփոխությունները, որոնք, նրա խոսքով պատճառ կդառնան մեծ թվով փոքր խանութների ու կրպակների փակման:

«Ասում են՝ 58 միլիոնը դարձնում են 30 միլիոն, հարկը դարձնում են 1 տոկոս՝ 3.5 տոկոսի, որովհետև շրջանառության հարկով նախատեսված 3.5-ը շատ բարձր տոկոս է։ Հարկը դարձնում են 1 տոկոս, բայց ասում են՝ «ես պայման ունեմ՝ եթե հանկարծ եկա ու տեսա, որ մի ապրանք փաստաթուղթ չունի, քեզ նույն օրը տանում եմ ավելացված արժեքի հարկի տակ»»,- փոխանցեց Գևորգյանը։

Սա նշանակում է, որ եթե փոքր ու միջին ձեռնարկատերը չի կարողանում փաստաթուղթ ձեռք բերել, ապա պետք է 20 տոկոս հարկ վճարի: Իսկ փաստաթուղթը պետք է տրամադրի խոշոր տնտեսվարողը, ինչը երբեմն չի անում:

«Ամենացավոտ տեղը շաքարավազն է, այլյուրը, որի փաստաթուղթը տալիս են ուրիշ գնով, ձեթը, մի փաստաթուղթ գրվում է, մեկ ուրիշ գումար պահանջվում է... շատ ապրանքներ կան», - ասաց Գևորգյանը։

Հայտնի է, որ շաքարավազի ներկրումը հիմնականում իրականացնում են գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունները: Ցոլվարդ Գևորգյանն ասաց, որ առաջարկել են վարչապետին ՓՄՁ-ի համար վերականգնել պարզեցված հարկը.- «Որովհետև դա լավագույնն էր կոռուպցիայի դեմ պայքարի համար»։

Ըստ Գևորգյանի՝ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն էլ փորձել է համոզել ՓՄՁ ներկայացուցիչներին, որ ավելացված արժեքի հարկի դաշտ անցնելը հօգուտ փոքր ու միջին բիզնեսի է:

«.. Որ իրենց այդքան չի հետաքրքրում ՓՄՁ-ների մուծած այդ միզերային հարկը, որը իրականում մեծ տոկոս է ամբողջ բյուջեի մեջ, որքան որ մեր միջոցով երևակեն մեծ բիզնեսի ապրանքաշրջանառությունը։ Դա նշանակում է «Слон и моська»-ի պատմությունը, մենք պիտի ստիպենք մեծ բիզնեսին, որ փաստաթուղթ տա»,- ասաց Գևորգյանը՝ հավելելով՝ կապրենք, կտեսնենք, թե որքանով է կառավարությունը հետամուտ իր խոստումներին։
XS
SM
MD
LG