Մատչելիության հղումներ

ՀՀ վարչապետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի (ՀՊՏՀ) նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի անդամներին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:

Կառավարության ղեկավարն ընդունել է ուսանողներին՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահի ընտրության առնչությամբ ստեղծված իրավիճակին ծանոթանալու և խնդրին լուծում տալու նպատակով:

Հիշեցնենք, մայիսի 15-ին բուհի ուսանողները տապալել էին ուսխորհրդի նախագահի ընտրությունը, որը, նրանց համոզմամբ, բուհը «հանրապետականացնելու նպատակ ուներ»։ Ուսանողները պնդում էին, որ բուհի ղեկավարությունը անօրինական հիմունքներով է կազմակերպել ուսխորհրդի ընտրությունները՝ փորձելով նախագահ դարձնել իշխող Հանրապետական կուսակցության հարող ուսանողներից մեկին։

Կառավարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ուսխորհրդի անդամները տեղեկացրել են վարչապետին, որ ընդհանուր առմամբ գոհ են բուհի աշխատանքից, սակայն ընտրության կարգի հետ կապված որոշակի առարկություններ ունեն: Մասնավորապես, դժգոհությունը պայմանավորված է մասնաճյուղի տնօրինության կողմից կանոնադրությունում ընտրության ընթացակարգի փոփոխությամբ, ինչի արդյունքում ուսխորհրդի նախագահի ընտրության իրավունքը վերապահվում է պրոֆեսորադասախոսական կազմին, այլ ոչ թե ուսանողներին (ինչպես նախկինում է եղել): Այդ պատճառով ուսանողները երկու օր առաջ բոյկոտել են ուսխորհրդի նախագահի ընտրությունը, և տնօրինությունը համաձայնվել է այն կազմակերպել ուսանողների նախընտրած կարգին համապատասխան:

Վարչապետը հանձնարարել է Կորյուն Աթոյանին բացատրություն պահանջել բուհի տնօրինությունից նման մոտեցման համար և անհրաժեշտ համարել ուսխորհրդի նախագահի ընտրության անցկացումն ուսանողների նախընտրած կարգով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG