Մատչելիության հղումներ

Ի՞նչ կառաջարկի Հայաստանը ԵՄ-ին. Նոր պայմանագրի հիմքը պակաս ծանրակշիռ կլինի


Լիտվա -- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը (աջ) ԵՄ առաջնորդների հետ, Վիլնյուս, 29-ը նոյեմբերի, 2014
Լիտվա -- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը (աջ) ԵՄ առաջնորդների հետ, Վիլնյուս, 29-ը նոյեմբերի, 2014
Պատգամավոր, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը դժվարանում է պատկերացնել, թե ինչ համագործակցության օրակարգ կարող է Հայաստանը առաջարկել Եվրամիությանը։

Հիշեցնենք, հինգշաբթի Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Պիտեր Սթանոն «Ազատությանը» տված հարցազրույցում ասել էր, որ Եվրոպական միությունը սպասում է Հայաստանի արձագանքին` հասկանալու, թե ինչպես կարելի է զարգացնել հարաբերությունները Ասոցացման համաձայնագրի ձախողումից հետո:

«Եվրամիությունը այստեղ պարտնյորի դերում է հանդես գալիս, ոչ թե ուզում է թելադրել իր կամքը, պարտադիր կամ ցուցում տա, ինչպես այլ երկրներ, այլ ասում է՝ դուք ճշտեք ձեր հարաբերությունները, ձեր կարգավիճակը հստակեցրեք և մեզ առաջարկ արեք։ Մենք ենք տվել մեր սուվերենությունը Ռուսաստանին, մենք ենք զիջում մեր սուվերենությունը, մենք ենք թույլատրել Ռուսաստանին մեր անունից խոսելու»,- ասաց Արզումանյանը։

Ֆրանսիայի նախագահ Օլանդի խոսքերը, թե Հայաստանի համար կարելի է գտնել խելամիտ մոդել Եվրամիության հետ ասոցացվելու համար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամը անիրական է համարում։

«Դա զուտ դեկլարատիվ հայտարարություն է բարեկամ երկրի ղեկավարի կողմից, որը չի արտացոլում Եվրամիության միասնական տեսակետը»,- նկատում է Արզումանյանը։

Նոր ասոցացման պայմանագիր այլևս անհնար է կնքել. այս հարցում Արզումանյանի հետ համամիտ է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։ Նա նաև հավելում է, որ, այնուամենայնիվ, Եվրոպան բացահայտ ասում է, որ տարիներ շարունակ բանակցված համաձայնագիրը ձախողելուց հետո դուռը չի կողպել Հայաստանի առջև։ Եվ հիմա գնդակը հայերի դաշտում է, ովքեր պետք է որոշեն, թե ինչպիսի հարաբերություններ են ուզում Եվրոպական միության հետ, ասում է Կիրակոսյանը՝ հավելելով, որ նոր պայմանագիրը կամ իրավական հիմքը, որի մասին երկու օր առաջ խոսեց նաև Ֆյուլեի խոսնակը, պակաս ծանրակշիռ կլինի։

«Հայաստանն ու Եվրամիությունը կունենան հարաբերությունների նոր իրավական հիմք, որը կվերաբերի մարդու իրավունքների հարցերին, օժանդակություն կտրվի օրենքի գերակայություն հաստատման ուղղությամբ և այլն։ Համագործակցության ոլորտներն ավելի պարզ կդառնան, երբ Հայաստանն արդեն միանա Մաքսային միությանը»,- ասում է Կիրակոսյանը։

Այս անգամ Հայաստանի հետ հարաբերությունների հարցերում Եվրամիությունը շատ ավելի մեծ դերակատարում կտա քաղաքացիական հասարակությանը, ասում է Կիրակոսյանը, ում ղեկավարած կազմակերպությունը արդեն աշխատում է Հայաստանի կառավարության և Բրյուսելի հետ նոր հարաբերությունների իրավական հիմքի մշակման ուղղությամբ։

«Հայաստանի կողմից ասոցացման համաձայնագրի ձախողումից հետո հիմա եվրոպացիները շատ ավելի մեծ ուշադրություն կդարձնեն Հայաստանի կառավարության ամենաթույլ կողմերին՝ ժողովրդավարության, կուռուպցիայի, օրենքի գերակայության խնդիրներին։ Շատ խիստ կլինեն նաև Հայաստանի կառավարության աշխատանքը գնահատման չափանիշները»,- ասաց Կիրակոսյանը:

Փորձագետն ասում է՝ ամեն դեպքում գործընթացը կձգձգվի, քանի որ մայիսի վերջին Եվրամիությունում ընտրություններ են, իսկ հունիսին պետք է ի վերջո որոշվի Հայաստանի կարգավիճակը Մաքսային միությունում։

Ըստ Կիրակոսյանի՝ այս ողջ գործընթացի լավ լուրն այն է, որ Եվրոպան, այնուամենայնիվ, որոշեց չպատժել Հայաստանին մեկ օրում ասոցացման համաձայնագրից ետ կանգնելու համար, իսկ վատ նորությունն այն է, որ Հայաստանի նոր կառավարության կազմը ո՛չ փորձառու է, ո՛չ էլ լավ պատրաստված, որ գլուխ հանի Եվրամիության հետ բանակցություններից:

Կիրակոսյանն անվստահությամբ է վերաբերում, մասնավորապես, Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարություններին, որոնք մեծ դեր կունենան Եվրամիության հետ բանակցություններում։
XS
SM
MD
LG