Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարը Ռուսաստանին. «Թողեք Ուկրաինան քվեարկի»


Դոնեցկի անջատականների զինված խմբի հրամանատար Սերգեյ Զդրիլյուկ, 14 մայիսի, 2014թ.
Դոնեցկի անջատականների զինված խմբի հրամանատար Սերգեյ Զդրիլյուկ, 14 մայիսի, 2014թ.
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Մոսկվան կենթարկվի առավել խիստ պատժամիջոցների, եթե շարունակի միջամտել Ուկրաինայի ներքին գործերին և փորձի խոչընդոտել մայիսի 25-ի ընտրությունները։

Պետքարտուղարը երեկ Լոնդոնում եվրոպացի պաշտոնակիցների հետ հանդիպումից հետո ասել է, թե նոր պատժամիջոցներն արդեն «ոլորտային» կլինեն և կսահմանվեն Ռուսաստանի արդյունաբերության ամենախոշոր ոլորտների` հանքարդյունաբերության և գազի արդյունահանման նկատմամբ։

«Այս առավոտ մենք համաձայնեցինք, որ եթե Ռուսաստանը և նրա կամակատարները խոչընդոտեն ընտրությունները, ապա Միացյալ Նահանգներն ու դաշնակիցները կգործադրեն ոլորտային պատժամիջոցներ։ Մեր ուղերձն իսկապես շատ պարզ է` «Թողեք Ուկրաինան քվեարկի», - ասել է Ջոն Քերրին։

Մինչդեռ Ուկրաինայի արևելքում` Սլավյանսկ քաղաքի մոտակայքում ընթանում են մարտեր ուկրաինական բանակի և ռուս անջատական զինյալների միջև։

Անջատականների ներկայացուցիչն ասել է, որ Անդրեևկա և Սեմյոնովկա գյուղերի, Կրասնի Լիման ավանի և Կարագուն լեռան շրջանում բախումները սկսվել են մայիսի 15-ին և մինչև հիմա շարունակվում են։ Կողմերն օգտագործում են ոչ միայն թեթև հրազեն, այլև հրետանի ու գնդացիրներ։

Դոնեցկի անջատականների զինված ստորաբաժանումների հրամանատար Սերգեյ Զդրիլյուկը Ուկրաինայի բանակին ներկայացրել է վերջնագիր` պահանջելով հետ քաշել Դոնեցկի, Մարիուպոլի և այլ քաղաքների մոտ տեղակայած ստորաբաժանումները և սպառնալով հակառակ դեպքում անցնել վճռական գրոհի ու ոչնչացնել հակառակորդին։

Կիևի իշխանությունները հայտնում են, որ մայիսի 15-ին բանակը Սլավյանսկի մոտակայքում ոչնչացրել է անջատականների հենակետը և գրավել է 5 կիլոմետրանոց գոտին Կրամատորսկի հեռուստաաշտարակի շուրջը։ Հիմա այդ հեռուստաաշտարակը նորից հեռարձակում է Կիևի հեռուստատեսության ծրագրերը։

Կիևը հայտնել է, թե պատրաստ է բանակցել անջատականների հետ` պայմանով, որ նրանք զենքը վայր դնեն։ Համազգային երկխոսությունը, որը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրությունների համար, ԵԱՀԿ-ի կազմած ճանապարհային քարտեզի կարևոր կետերից կեն է, սակայն անջատականները բանակցությունների սեղանի շորջ դեռ չեն նստել։

Այսօր Կիևում հանդիպել են Ուկրաինայի և Լեհաստանի արտգործնախարարներ Անդրիյ Դեշիցյան և Ռադոսլավ Սիկորսկին։

«Ուկրաինայի կառավարությունն ունի անհրաժեշտ լծակներ ռուսական ագրեսիայի դեպքում Ուկրաինայում էթնիկ լեհերին, ինչպես նաև ռուսախոս մարդկանց պաշտպանելու համար, եթե կրկնվի այն, ինչ եղավ Ղրիմում։ Հետևաբար, մեզ պետք չի Ռուսաստանի օգնությունը մեր ազգային քաղաքականությունն իրագործելու հարցում», - ասել է Դեշիցյան։

Սիկորսկին, իր հեթին, ընդգծել է, որ Լեհաստանը չի ճանաչում ո'չ Ղրիմի, և ո'չ էլ Դոնբասի հանրաքվեները։

«Դրանք ապօրինի են թե' Ուկրաինայի և թե' միջազգային իրավունքի տեսակետից», - ասել է Սիկորսկին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG