Մատչելիության հղումներ

logo-print

Հովիկ Աբրահամյան․ Կառավարությունն աջակցելու է ՓՄՁ-ների զարգացմանը


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում հանդիպել է փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչներին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարներ՝ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Ճշմարիտյանը, հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Դիմելով ներկաներին՝ վարչապետ Աբրահամյանը հայտարարել է, որ կառավարությունը ուշադրության կենտրոնում է պահելու ՓՄՁ ոլորտը և իր ողջ գործիքակազմով աջակցելու է այս բնագավառի զարգացմանը:

«Աջակցությունն իրականացվելու է հիմնական հետևյալ գործիքներով. սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցություն, վարկային երաշխավորությունների և վարկերի տրամադրում: Որպես նոր գործիքներ՝ աջակցելու ենք տեղական տնտեսական զարգացմանը և առանձին ոլորտային բիզնեսներին», - կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ասել է Աբրահամյանը:

Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը քննարկում է Ասիական զարգացման բանկի հետ՝ ՓՄՁ-ով զբաղվող կին գործարարների համար 25 մլն դոլարի ծրագիր իրականացնելու ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ հստակ քայլեր են ձեռնարկվելու՝ ոլորտի համար հարկային արտոնյալ պայմաններ սահմանելու և հարկային բեռի նվազեցման ուղղությամբ, այդ թվում շրջանառության հարկի դրույքաչափերի վերանայման մասով:

«Հետևողականորեն բարելավելու ենք բիզնես միջավայրը՝ կրճատելով բիզնեսով զբաղվելու խոչընդոտները, լիցենզիաները, թույլտվությունները: Ներդրվելու են էլեկտրոնային նոր համակարգեր, նվազելու է տեսչական ստուգումների քանակը»,- տեղեկացրել է վարչապետը:

ՓՄՁ-ների ներկայացուցիչները ողջունել են Հովիկ Աբրահամյանի կողմից ներկայացված մոտեցումները և շնորհակալություն հայտնել խնդիրներին հետևողական լինելու պատրաստակամության համար:

Կողմերը պայմանավորվել են, որ նման հանդիպումները կկրեն պարբերական բնույթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG