Մատչելիության հղումներ

Հայաստանում «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի ազգային ժյուրիի կազմում ընդգրկված երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյանները «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձան մրցույթում հաղթած Կոնչիտա Վուրստի շուրջ ծագած սկանդալին:

Հիշեցնենք՝ Անուշ Արշակյանը օրերս «Առավոտ»-ին տված հարցազրույցում, բացատրելով, թե ինչու է ցածր գնահատել Կոնչիտա Վյուրստի ելույթը, ասել էր, թե նրան վերջին տեղերում է դրել՝ «ներքին հակակրանքից դրդված», և փոքրամասնություններին համեմատել էին հոգեկան հիվանդների հետ: Ավելի ուշ՝ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում երգչուհի քույրերը հայտարարել էին, թե նման բան չեն ասել, սակայն «Ազատության» եթերում թե՛ Անուշ, թե՛ Ինգա Արշակյանները հավաստիացրեցին, որ որևէ մեկին վիրավորելու մտադրություն չեն ունեցել:

«Իմ ամբողջ նեգատիվ գնահատականը միայն ու միայն վերաբերում էր Կոնչիտա Վյուրստի կերպարին։ Ես գնահատում եմ ոչ միայն երգը, այլև բեմական կերպարը, արտաքին տեսքը, և միայն ես չեմ դա գնահատում, բոլոր պետք է գնահատեն դա, և եթե ինչ-որ մարդիկ վիրավորվել են այն բանից, թե ինչ է հնչել՝ համարելով, որ նրանց եմ վիրավորել, ես ներողություն եմ խնդրում, միտք չունեի վիրավորել ո'չ տրանսվեստիտներին, ո'չ սեռական փոքրամասնություններին, ո'չ էլ առավել ևս հոգեկան հիվանդ մարդկանց։ Մտքի սխալ ձևակերպում է եղել, թյուրիմացություն է եղել, որովհետև մենք գերլարված էինք, ես իսկապես շատ ցավում եմ նման թյուրիմացության համար», - մասնավորապես, ասաց Անուշ Արշակյանը՝ ու հավելեց․ - «Ես չեմ հրաժարվում այդ խոսքերից, որ ինձ համար հակակրելի է Կոնչիտա Վուրստի բեմական կերպարը»:

Նշենք, որ այս տարի հայաստանյան ժյուրիի կազմում ընդգրկված էին Արշակյան քույրերը, հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ասատուր Ասատրյանը եւ քանդակագործ նկարիչ Արման Դավթյանը՝ Նուռը:

Ազգային ժյուրիի գնահատմամբ վերջից 2-րդ տեղում հայտնված Կոնչիտա Վուրստը հայաստանյան հեռուստադիտողների ՍՄՍ քվեարկության արդյունքներով զբաղեցրել էր 2-րդ տեղը, իսկ բուն «Եվրատեսիլում» հենց նա էր դարձել այս տարվա հաղթողը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG