Մատչելիության հղումներ

logo-print

Աֆրիկյանների շենքը առաջիկայում կապամոնտաժվի


Անցյալ ամիս Երևանում «ինքնափլուզվեց» ՀԱՊԿ-ի ակադեմիային տրված Աճառյանի անվան դպրոցի շենքը, որը ներառված էր Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Այդ ցանկից մեկ այլ հուշարձան՝ Տերյան փողոցի վրա գտնվող Աֆրիկյանների տունը, առաջիկայում կապամոնտաժվի:

Մշակույթի նախարարությունը այժմ հետաքննում է, թե ինչու ապրիլին Երևանում փլուզվեց Մարկ Գրիգորյանի հեղինակած Աճառյանի անվան դպրոցի շենքը։ ՀԱՊԿ-ի ակադեմիան, որին դպրոցի շենքը տրվել էր կառավարության որոշմամբ, վստահեցրեց, որ վերակառուցման ընթացքում փորձում էին պահպանել դիմապատը, բայց չհաջոողվեց, քանի որ շենքը թույլ էր։

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ասաց, որ վարչապետից հանձնարարություն են ստացել նախ ուսումնասիրել, թե ինչու է քանդվել հուշարձանը, ապա` վերականգնել։

Նախարարից հետաքրքրվեցինք, թե ինչու կասկածելի «ինքնափլուզումների» դեպքերում նախարարությունը չի դիմում իրավապահ մարմիններին։ Ի դեպ, նման դեպքերում, Մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունից հայտնում են, որ իրավապահ մարմիններին դիմելու իրավունքը նախարարինն է։

«Միշտ դիմել ենք, բոլոր դեպքերում դիմել ենք, զարմանալին այն է, որ ոչ ոք չի ուզում տեսնել դիմումների այդ փաստաթղթերը։ Հիմա որ ավարտենք մեր զեկույցը ՀԱԿՊ-ի վերաբերյալ, որոշում կկայացնենք (դիմենք թե ոչ), առայժմ այդ շենքի վերաբերյալ մենք եզրակացություն չունենք, թե ինչ է կատարվել», - ասաց Հասմիկ Պողոսյանը։

Ինչ վերաբերում է Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների տանը, այն դեռ չի քանդվել, բայց տարածքի ծառերն արդեն կտրվել են և շենքն ամեն պահի կարող է քանդվել։ Շենքը տեղափոխելու մասին Կառավարության որոշումը կայացվել է դեռ 2004-ին, պարզապես տարածքը ձեռք բերած գործարարները հետաձգել էին Տերյան 11, 13 հասցեների կառուցապատումը։ Նոր սեփականտերը՝ «Միլենիում» ՍՊԸ-ն առաջիկայում պատրաստվում է Աֆրիկյանների տունը հեռացնել ու տեղում 16 հարկանի շենք կառուցել։

Լուսանկարիչ Հայկ Բիանջյանը Տերյան 11 է այցելում ամեն օր, որպեսզի լուսանկարի շենքի ապամոնտաժումը ու այդպիսով եզրափակի Աֆրիկյանների տան մասին ֆոտոպատմությունը։ 19-րդ դարի վերջին կառուցված տունը, ըստ Հայկի, կարևոր նշանակություն ուներ Երևանի պատմության համար. այն կառուցվել է և պատկանել է մեծահարուստ ընտանիքներից մեկին՝ Աֆրիկյաններին, որոնք մեծ ներդրում են ունեցել քաղաքի զարգացման գործում։

«Հիմա ստիպված եմ լինելու տեսնել, թե ինչպես է քանդվում շենքը», - ասում է Հայկը։ Նա թերահավատ է, որ Աֆրիկյանների տունը երբևէ որևէ տեղում կվերականգնվի, քանի որ հին Երևանի տասնյակ շենքեր քանդվել են ու դեռ չեն վերականգնվել։

«Ասում են, որ այն պետք է վերահավաքվի «Հին Երևան» նախագծում, բայց հիմա քանի որ այդ ծրագրի պոչն էլ չի երևում, ես չգիտեմ՝ ուր են տանելու և ինչ են անելու շենքի քարերը։ Հետո շենքը միայն քարերը չեն, ներսում շատ հետաքրքիր պատշգամբ կար, որ քանդվեց», - ասում է Հայկը։

«Հին Երևան» նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանից հետաքրվեցինք, թե ինչ նորություն կա այդ ծրագրից։ Նա, ինչպես հայտնել էր «Ազատությանը» ամիսներ առաջ, այս անգամ էլ ասաց, որ ամեն ինչ պատրաստ է, բայց թե երբ կսկսվի իրականացումը, կրկին հայտնի չէ։ Մինչ այդ ակտիվիստները նկատում են, որ եթե հարևան Թբիլիսին ամեն ինչ անում է հին քաղաքը պահպանելու համար, Երևանում տարեցտարի ավելանում են քանդված ու այդպես էլ չվերականգնված շենքերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG