Մատչելիության հղումներ

Արամ արք. Աթեշյանը հուսով է, որ հայ-թուրքական սահմանը առաջիկայում կբացվի


Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ մայիսի սկզբին մոտ 1.5 ժամ տևած հանդիպումից հետո Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հույս է հայտնում, որ հայ-թուրքական սահմանն առաջիկայում կբացվի:

Այս մասին արքեպիսկոպոս Աթեշյանը հայտնեց «Ազատությանն» այսօր տված հարցազրույցի ժամանակ՝ հավելելով, որ Էրդողանի հետ հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման հարցը:

Հիշեցնենք, Թուրքիայի վարչապետի ու Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդի մայիսի 1-ին կայացած հանդիպմանը հաջորդել էր Էրդողանի աննախադեպ հայտարարությունը:

Թուրքիայի վարչապետը պատմության մեջ առաջին անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին հանդես եկավ անսպասելի հայտարարությամբ, որում, մասնավորապես, Թուրքիայի պետության անունից ցավակցություն հայտնեց այն հայերի թոռներին, ովքեր «կորցրել են իրենց կյանքը 20-րդ դարի սկզբին»։

Սակայն Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը Ռեջեփ Էրդողանը ձևակերպեց որպես «1915 թվականի իրադարձություններ» և որակեց իբրև «ընդհանուր ցավ»:

«Իր գրության մասին խոսենք, մեր պատասխանի մասին խոսեցինք: Ասացինք, որ փոխադարձ քայլեր անել ենք ուզում... Բայց ժամանակի մեծամասնությունը մեր ցավերը լուծելու համար էր: Կալվածքների հարցը, պաշտոնապես որպես համայնք ճանաչվելու հարցը», - փոխանցեց արքեպիսկոպոսը:

«Օրինակ, սահմանի բացման հարցը... Ադրբեջանն է, որ խնդրո առարկա կդառնա»,- շարունակեց Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: - «Ադրբեջանին ինչ որ պետք է թող անեն, որպեսզի սահմանը բացվի: Որովհետև քանի անգամ հայտարարել էր, որ մինչև Ադրբեջանի հարցը չլուծվի, Ղարաբաղի հարցը չի լուծվի: Հրապարակավ ասաց դա: Խոչընդոտ է Ղարաբաղը սահմանի [բացման] համար... Բայց ես հավատում եմ մինչև գալիք տարի սահմանի բացմանը: Հույս ունեմ»:

Արքեպիսկոպոսի խոսքով, ապրիլի 24-ի նախօրեին նման հայտարարություն անելով՝ Էրդողանը նպատակ ունի հայերին ընդառաջ քայլ անել, կամ, ինչպես սրբազանն ասաց, «ձիթենու ճյուղ մեկնել»:

Էրդողանի հայտարարության կապակցությամբ Հայաստանում և սփյուռքում քննադատության ալիք բարձրացավ․ շատերի գնահատմամբ` Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ Էրդողանի կողմից նման հայտարարությամբ հանդես գալը, Հայաստանի ու հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ Թուրքիայի շփումների ակտիվացումը ընդամենը նպատակ ունեն Անկարայի նկատմամբ թուլացնել միջազգային ճնշումը և բացասաբար ազդել Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման վրա:

Հարցին, թե ինչ նպատակ են հետապնդում Թուրքիայի իշխանությունները` միջազգային ճնշումից խուսափելո՞ւ, թե՞ հարցը կարգավորելը, Ցեղասպանության փաստը ճանաչելը, Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելը, Աթեշյանն արձագանքեց. - «Կարծում եմ, Ձեր նշած բոլորն էլ դեր կատարում եմ: Լինի դա արտաշխարհի բոլոր երկրների աչքի առջև ավելի արդար կառավարությունը երևալը, լինի դա Եվրոպական միության պահանջները.... Ուզում են լավ թվացություն հաստատել: Բայց այդ լավ թվացության մեջ ինքը պիտի ընդունի՞ Ցեղասպանությունը, այդ առումով ոչինչ չեն կարող ասել: Միշտ ընդունում են, որ, այո, ինչ-որ բան պատահել է, հարյուր հազարավոներ վնասվել են, մեռել են, չկան... Բայց ինչո՞ւ է այդպես եղել, անունը ցեղասպանությո՞ւն է, թե՞ ուրիշ բան: Դա է, որ իրեն նեղում է»:

Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդը նաև հերքեց վերջերս լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունը, որ Էրդողանի կառավարությունը խնդրել է իրեն միջնորդ հանդես գալ պաշտոնական Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում և որ իր հայաստանյան այս այցի ժամանակ Թուրքիայի վարչապետից նամակ է բերել Հայաստանի նախագահին:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG