Մատչելիության հղումներ

logo-print

Պետությունը փորձում է միջազգային կառավարիչներին «երկրում պահել»


Պետությունը ավելի քան 20 միլիարդ դրամ է վճարելու կենսաթոշակային ֆոնդերին. տնտեսագետները կարծում են՝ այդ գումարով կարելի է լուծել մի շարք այլ հրատապ խնդիրներ։

Չնայած Սահմանադրական դատարանը ապրիլի 2-ին կուտակային կենսաթոշակային օրենքի մի շարք հոդվածներ հակասահմանադրական ճանաչեց, կառավարությունը չի հրաժարվում այս օրենքից, և արդեն հստակ է, որ իր մասով պետությունը շարունակելու է գումարներ փոխանցել միջազգային ֆոնդերին: Այդ նպատակով միայն այս տարի պետական բյուջեից կհատկացի ավելի քան 20 միլիարդ դրամ։

Օրենքին ընդդիմացող «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները վստահ են, որ պետությունը այս քայլին դիմեց միջազգային կառավարիչների երկրում պահելու համար:

«Դեռ չգիտենք նոր օրենքով ինչ է նախատեսված, բայց այս պահին, այս փուլում կարող եմ ասել՝ ակնհայտ ստացվում է, որ ամեն կերպ ուզում են ֆոնդերը աշխատեցնել»,- ասաց նախաձեռնության անդամ Լուսինե Վատյանը։

«Ստացվում է, որ կառավարությունը փորձում է աշխատեցնել ֆոնդերը այն մեխանիզմներով, որոնք արդեն ճանաչվել են հակասահմանադրական՝ տնտեսական ոչ նպատակահարմար պայմաններում, որովհետև եթե Կենտրոնական բանկի դերը չափազանցված է, բնականաբար, առաջանելու են բազմաթիվ խնդիրներ»,- հավելեց նախաձեռնության մեկ այլ անդամ Դավիթ Խաժակյանը։

Պետությունը ֆոնդերին այս գումարները ֆոնդերին կփոխանցի մինչև սեպտեմբերի 30-ը՝ այնքան ժամանակ, մինչև հին օրենքը ուժը կորցրած ճանաչվի և գործի նոր օրենքը։ «Դեմ եմ»-ի անդամները կարծում են, որ այսօր կառավարությունը իրավունք չունի թույլ տալ այսպիսի շքեղություն, երբ երկրի սոցիալ-տնտեսական խնդիրներն անհամար են, յուրաքանչյուր երրորդն էլ աղքատ է։

«Ազատությունը» գրավոր հարցում է ուղարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ պարզելու, թե մինչ օրս ինչքա՞ն գումար է արդեն փոխանցել ֆոնդերին, ինչո՞ւ է պետությունը շարունակում վճարել այդ 5 տոկոսը: Պատասխան նամակ դեռ չենք ստացել նախարարությունից:

Կոնկրետ պատասխաններ չստացանք նաև ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանից.- «Հարց եք տալիս, որի պատասխանը շատ դժվար է։ Արդեն որոշումը ընդունված է, օրենքի ճիշտ ու սխալի մեկնաբանելը ճիշտ չէ»։

Մինչդեռ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը, ինչպես նաև Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը թվարկում են մի շարք խնդիրներ, որոնք կարելի է լուծել կենսաթոշակային բարեփոխումների համար առանձնացված գումարով։

«Հիմա մենք քննարկելու ենք ֆինանսական ռեսուրսների արդյունավետությունը։ Տարեկան փոքր և միջին բիզնեսից 21 միլիարդ դրամ շրջանառության հարկ և արտոնագրային վճար է հավաքվում։ Եկեք էդ 20.6 միլիարդ դնենք իր տեղը և փոքր ու միջին բիզնեսին ազատենք այդ հարկերից։ Մենք կունենանք մեծ էֆեկտ, եթե փոքր ու միջին բիզնեսի 60-65 հազար սուբյեկտներից մեկ հարկը հանելու արդյունքում լրացուցիչ աշխատատեղ ունենանք, միայն այդ լրացուցիչ աշխատատեղերի եկամտային հարկով մենք երկու անգամ ավելի գումար կբերենք բյուջե։ Սա կլինի իմաստուն կամ հիմնավորված տնտեսական քաղաքականությունը»,- ասաց պատգամավորը։

«Ենթադրենք, կարող են տասը տոկոսով բարձրացնել կենսաթոշակները, կարող էին տալ գյուղատնտեսությանը, և կարող եմ էլի թվարկել։ Որտե՞ղ են ներդրել այդ գումարները այն հիմնադրամները, որոնք այստեղ աշխատում են։ Պարզվում է՝ իրենք գումարները ներդրել են հիմնականում ավանդների մեջ։ Այդդ դեպքում ես կառաջարկելի պետությանը, որպեսզի ինքը այդ 20 միլիարդը դներ բանկերում ավանդների մեջ»,- ասում է Վահագն Խաչատրյանը։

Տնտեսագետները եզրակացնում են՝ կառավարությունը հերթական անգամ ուզեց կիրառել ժամանակակից, աշխարհին հայտնի բարեփոխում, սակայն իշխանությունների հանդեպ անվստահության և ֆինանսական շուկաների հանդեպ անկատարության պատճառով այն հայտնվեց ձախողման եզրին։

«Այն, ինչ ներկայացվել է, իրականությանը չի համապատասխանում։ Այսօր ՀՀ տնտեսությունը պատրաստ չէր այսպիսի այսպիսի բարեփոխումների, քաղաքացին պատրաստ չէր մասնակցել այս բարեփոխմանը, որովհետև նախ և առաջ մենք աղքատ երկիր ենք»,- ասաց Խաչատրյանը։

«Ես նախկին վարչապետին ասել էի, որ դա մասնագիտական հարց չէ, քաղաքական հարց է, դուք պետք է համարձակություն ունենաք նահանջելու։ Եթե մի ռեֆորմ չեն պաշտպանում բնակչության 90 տոկոսը, ուրեմն այդ ռեֆորմը չի կարող [իրականություն դառնալ]»,- ասաց Մելքումյանը։
XS
SM
MD
LG