Մատչելիության հղումներ

Դեմիրճյանը հույս ունի՝ ՀԺԿ-ն կմասնակցի առաջիկա համապետական ընտրություններին


ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյան

ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյան

Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) այսօր կայացած 8-րդ համագումարում կուսակցության նախագահ վերընտրվեց Ստեփան Դեմիրճյանը:

Իր ելույթում ՀԺԿ-ի առաջնորդն ասաց՝ երկիրը գտնվում է ճգնաժամի մեջ, և ՀԺԿ-ի համար առաջնային է օրինական իշխանության ձևավորումը, իսկ դրա համար անհրաժեշտ է հասարակական և քաղաքական համախմբում, և կուսակցությունը ամեն ինչ անելու է ժողովրդավարական ընտրությունների միջոցով երկրում օրինական իշխանության հասնելու համար:

Ըստ ՀԺԿ ղեկավարի, ձևավորվել է կոռուպցիոն մի համակարգ, առանց որից ձերբազատվելու հնարավոր չէ ապահովել երկրի զարգացումը:

«Գործող վարչախմբի գործունեության հետևանքով երկիրը հայտնվել պարզապես աղետալի վիճակի մեջ։ Երկիրը գտնվում է համակարգային ճգնաժամի մեջ»,- ասաց Դեմիրճյանը։

Կառավարության փոփոխությամբ իրավիճակը երկրում էապես չի կարող փոխվել, հայտարարում է ՀԺԿ ղեկավարը.- «Ավելորդ է խոսել աղքատության հաղթահարման, տնտեսության առողջացման մասին, քանի դեռ տնտեսական լծակները գտնվում են մի խումբ մարդկանց ձեռքում, քանի դեռ իշխանությունը սերտաճած է բիզնեսի հետ, քանի դեռ բարձրաստիճան պաշտոնյաները իրենց դիրքը օգտագործում են իրենց կամ իրենց մերձավորների բիզնես շահերը սպասարկելու համար»։

Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին՝ Դեմիրճյանն ասաց, որ դրանք պետք է իրականացնի միայն օրինական իշխանությունը:

«Ոչ թե Սահմանադրությունն է պետք անվերջ փոփոխությունների ենթարկել, այլ պետք է փոխել Սահմանադրությունը խախտող իշխանություններին»։

Տարիներ շարունակ ընդդիմությանը չի հաջողվում իշխանափոխություն իրականացնել, հնարավո՞ր է, որ ՀԺԿ-ն այսուհետ պայքարի կտրուկ միջոցների դիմի, հարցրեցինք կուսակցության ղեկավարին:

«Տարիներ շարունակ եթե արդյունքի չի հասել, ես միշտ ասել եմ, դա ընդդիմության ձախողումը չէ, դա երկրի ձախողումն է, իշխանությունը բռնազավթվել է և իշխանությունը չի ձևավորվել ընտրությունների միջոցով։ Դա ընդդիմության ձախողումը չէ, իսկ ընդդիմությունը, մասնավորապես, ՀԺԿ-ն շարունակելու է պայքարը՝ բոլոր հնարավոր խաղաղ միջոցներով։ Չի ստացվել տարիներ շարունակ, ի վերջո ստացվելու է»,- ասաց նա։

Դեմիրճյանը նշեց, որ իրենք շարունակելու և ընդլայնելու են համագործակցությունը մյուս ընդդիմադիր և ոչ իշխանական ուժերի հետ: ՀԺԿ նախագահը հույս հայտնեց, որ իր ղեկավարած կուսակցությունը կմասնակցի առաջիկա համապետական ընտրություններին:

Ստեփան Դեմիրճյանն իր ելույթում անդրադարձ կատարեց նաև արտաքին քաղաքականությանը և ընդգծեց՝ որքան ներսում ամուր լինենք, այնքան ավելի կդիմակայենք արտաքին ճնշումներին, որոնք, ըստ Դեմիրճյանի՝ ուժեղանալու միտում ունեն:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին, ապա Ղարաբաղը պետք է դառնա բանակցային կողմ, և միայն այդ դեպքում բանակցությունները կարող են արդյունավետ լինել, համոզված են ՀԺԿ-ում:

Կուսակցության համար անընդունելի են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից օրերս ներկայացված այն վեց կետերը, որոնք կյանքի կոչելու դեպքում, ըստ ամերիկացի համանախագահի, կարելի կլինի հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

ՀԺԿ-ի համար անընդունելի է նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու դեպքում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետի տեղադրումը:

Այսօրվա համագումարին այլ կուսակցություններից հրավիրյալներ չկային: ՀԺԿ-ի ավելի քան 15 հազար անդամներից այսօր համագումարին մասնակցում էր 142 պատվիրակ:
XS
SM
MD
LG