Մատչելիության հղումներ

Գյումրեցի ուսանողները դեմ են Տնտեսագիտականի մասնաճյուղի «հանրապետականացմանը»


Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ուսանողներին այսօր հաջողվեց տապալել բուհի ուսխորհրդի նախագահի ընտրությունը, որը, նրանց համոզմամբ, ուսումնական հաստատությունը կուսակցականացնելու, մասնավորապես, «հանրապետականացնելու նպատակ ունի»։

«Համաքաղաքային տագնապ», «Գյումրի, ոտքի», «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհուրդը ՀՀԿ-ի հերթական բնակատեղի չէ». այսպիս կարգախոսով երեկվանից սոցիալական ցանցում բուհի ուսանողները տեղեկացնում էին, որ այսօր ուսխորհուրդ ընտրություններ են կայանալու:

Ժամը 13-ին նախատեսված նիստը, սակայն, ավելի վաղ էր սկսվել և ուսանողները դասերն ընդհատել ու բողոքում էին, որ բուհի ղեկավարությունը անօրինական հիմունքներով է կազմակերպել ուս խորհրդի ընտրությունները՝ փորձելով նախագահ դարձնել իշխող Հանրապետական կուսակցության հարող ուսանողներից մեկին, ինչին և դեմ էին ուսանողները:

«Մենք դեմ ենք պարտադիր կուսակցականացմանը։ Օրենքով սահմանված է, որ բուհերը, ուսումնական հաստատությունները պետք է լինեն ապակուսակցական կառույցները, մենք ուղղակի հետևում ենք օրենքին»,- փոխանցեց ուսանողներից մեկը.- «Ուսխորհուրդները ինքնակառավարվող, անկախ մարմիններ են համարվում, ու այսպիսով եթե կուսակցական դառնա ուսխորհուրդը, ինչպես Հայաստանում շատ ուսխորհուրդների դեպքում, ապա այդ դեպքում ուսխորհուրդը կդառնա ոչ թե ուսանողի շահերի պաշտպանը, այլ ինչ-որ կամակատար»։

«Խնդիրը այդ կուսակցությունը չէ, խնդիրը կուսակցականացվելն է, մենք ուզում ենք ընդհանրապես քաղաքականությունից հեռու մնալ, օրենքը մեր կողմից է, քանի որ ուսխորհուրդները ապաքաղաքական կառույցներ են, մենք չենք ուզում ինչ-որ մարդկանց խնդիրների պատճառով դառնալ կուսակցական և առնչվել այն հարցերին, որոնք մեզ ուղղակի չեն հետաքրքրում»,- ասաց մեկ այլ ուսանող։

Ուսանողներն ասում էին՝ մի քանի օր է բուհում իրարանցում է, քանի որ բուհի ղեկավարությունն ու հատկապես հանրապետական դասախոսները ուսանողներին կանչել ու համոզել էին, որ ընտրեն իրենց նախընտրած թեկնածուին:

Բուհի ռեկտոր Սամսոն Դավոյանը ամեն կերպ փորձում էր արդարանալ, որ ինքը կապ չունի այս ամենի հետ, սակայն ուսանողները հակառակն էին պնդում:

Բուհի ղեկավարությունը ամեն կերպ փորձում էր այսօր անցկացնել ուսխորհուրդի նիստն ու նախագահի ընտրությունը՝ փորձելով այն գաղտնի կազմակերպել։ Ավելի ուշ գյումրեցի ուսանողներին միացավ նաև մայր բուհի ուսխորհուրդի նախագահը, ով առաջարկեց հետաձգել ընտրությունները.- «Այստեղ ցանկությունը պետք է լինի բացառապես ուսանողներինը և վերջ»,- ասաց նա։

Ուսանողները հավաքվեցին, քննարկեցին և որոշեցին, որ ի սկզբանե նշանակված օրը՝ մայիսի 19-23-ին է կկայանա բուհի ուսխորհրդի նախահագի ընտրությունը: Այսօր նշանակված ընտրությունը փաստորեն ուսանողներն իրենց բողոքով կարողացան ձախողել:

Ի դեպ, ուսանողները նաև բաց նամակով դիմել էին կրթության նախարար Արմեն Աշոտյանին՝ խնդրելով կանխել բուհի հանրապետական դասախոսների կողմից ուսանողական խորհուրդը հանրապետականացնելու քայլերը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG