Մատչելիության հղումներ

Թուրքական հանքի վթարը` քաղաքական նոր ճգնաժամի պատճառ


Լուսանկարը, որում պատկերված է Թուրքիայի վարչապետի խորհրդականի՝ ցուցարարին ոտքով հարվածելը

Լուսանկարը, որում պատկերված է Թուրքիայի վարչապետի խորհրդականի՝ ցուցարարին ոտքով հարվածելը

Ստամբուլի Թաքսիմ հրապարակը կրկին կատաղի բախումների թատերաբեմի է վերածվել:

Թուրքական Սոմա քաղաքի հանքերից մեկում առնվազն 280 մարդու կյանք խլած վթարը հերթական ծանր փորձությունը դարձավ վարչապետ Ռեջեփ Էրդողանի համար:

Մարտի 30-ի տեղական ինքնակառավարման ընտրություններում տարած համոզիչ հաղթանակից հետո թվում էր, թե իշխող իսլամիստները հաղթահարել են ներքաղաքական բոլոր խոչընդոտները: Վարչապետի երեկվա այցը Սոմա, սակայն, եկավ վկայելու` նրա հեղինակությունը լուրջ անկում է արձանագրել:

Էրդողանին Սոմա ժամանելուն պես դիմավորեցին սուլոցներով ու վիրավորական վանկարկումներով: Տեղացիների դժգոհությունը գագաթնակետին հասավ այն պահին, երբ վարչապետը որոշեց քաղաքապետարանի աստիճաններից դիմել զոհված և անհետ կորած հանքափորների հարազատներին:

«Հանքերում նման վթարները միայն Թուրքիային չէ, որ բնորոշ են: Նման դեպքեր նաև այլ երկրներում են տեղի ունենում` Մեծ Բրիտանիայում, Միացյալ Նահանգներում, Չինաստանում, Բելգիայում, Ֆրանսիայում, Հնդկաստանում: Իսկ զոհերի առումով մենք նույնիսկ ավելի լավ վիճակում ենք, քան մյուս պետությունները», - հայտարարեց Էրդողանը:

Նրա այս հայտարարությունից հաշվված րոպեներ անց Սոմայում զանգվածային անկարգություններ սկիզբ առան: Տեղացիները հարձակվեցին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակի վրա: Իրավապահներից մոտ մեկ ժամ պահանջվեց բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու համար: Ողջ Թուրքիան, սակայն, ցնցվեց, երբ մի շարք լրատվամիջոցներ մի լուսանկար տարածեցին, որտեղ հստակ երևում էր, թե ինչպես է Էրդողանի խորհրդական Յուսուֆ Յերքելը ոտքով հարվածում ցուցարարներից մեկին:

Այս դրվագը, թերևս, այն վերջին կաթիլն էր, որ լցրեց երկրի խոշորագույն երկու քաղաքներում` Ստամբուլում և Անկարայում բնակվող ընդդիմադիրների համբերության բաժակը: Երեկոյան կողմ Ստամբուլի Թաքսիմ հրապարակը կրկին կատաղի բախումների թատերաբեմի վերածվեց:

Այս դժգոհությունները է՛լ ավելի են սաստկանում նաև այն պատճառով, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ թուրքական ընդդիմությունը երկրի խորհրդարանում շրջանառության մեջ էր դրել մի օրինագիծ, որը միտված էր հանքարդյունաբերության մեջ ներգրավված բանվորների անվտանգության մակարդակի բարձրացմանը: Օրենքի այդ նախագիծը, սակայն, մերժվեց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG