Մատչելիության հղումներ

Լավրով․ «Ուկրաինան մոտ է քաղաքացիական պատերազմին»


Ուկրաինա - Հսկիչ անցակետ արևելյան Սլովյանսկ քաղաքի մերձակայքում, մայիս, 2014թ․

Ուկրաինա - Հսկիչ անցակետ արևելյան Սլովյանսկ քաղաքի մերձակայքում, մայիս, 2014թ․

Ուկրաինայում մեկնարկել են ճգնաժամի հաղթահարմանն ուղղված կլոր սեղան-քննարկումները, Մոսկվան փոխում է շեշտադրումները մայիսի 25-ի ընտրությունների հարցում:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Bloomberg TV-ի հարցազրույցում հայտարարել է, թե Ուկրաինան մոտ է քաղաքացիական պատերազմին: Նա ասել է, որ երկրի հարավ-արևելքում իրական պատերազմ է ընթանում, և որ դժվար կլինի ազատ ու արդար անցկացնել այս ամսվա վերջին նշանակված Ուկրաինայի նախագահական ընտրությունները:

Չնայած Դոնեցկի ու Լուգանսկի այսպես կոչված հանրաքվեներին՝ Ուկրաինայի արևելյան շրջանները Ռուսաստանին միացնելու հարցը Լավրովը հիպոթետիկ է որակել, պատասխանելով ուղիղ հարցին՝ արդյոք կարո՞ղ է երաշխավորել, որ Ռուսաստանը չի բռնակցի Ուկրաինայի արևելյան շրջանները:

Նա նաև հավաստիացրել է, որ Ռուսաստանը ոչ մի տեղ զորք ուղարկելու որևէ մտադրություն չունի: Ուկրաինայի արևելքում վերջին շրջանում իրավիճակը հատկապես լարված է Խարկովի և Դոնեցկի միջև ընկած Սլովյանսկ (Սլավյանսկ) ու Կրամատորսկ քաղաքներում: Զինված բախումները այստեղ չեն դադարում: Օրեր առաջ Կրամատորսկի արվարձանում ռուսամետ զինյալները ուկրաինացի յոթ զինվորների են սպանել: Մինչ այդ իրադարձությունները Ուկրաինայի պաշտոնական աղբյուրները հաղորդել էին հակաահաբեկչական գործողությունների ընթացքում անջատողականների կողմից ընդհանուր թվով ինը զինվորի սպանության մասին:

Ինչ վերաբերում է լարվածությունը երկխոսության միջոցով թուլացնելու, խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորություններին, ապա Ռուսաստանի արտգործնախարարը Bloomberg TV-ի հարցազրույցում ասել է, թե համազգային երկխոսությունը հաջողություն կունենա, եթե Ուկրաինայի բոլոր մարզերի ներկայացուցիչները հավասարապես մասնակցեն այդ երկխոսությանը:

Երեկ Կիևում մեկնարկել է կլոր սեղան-քննարկումների առաջին փուլը: Հանդիպումը նախագահել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Սեղանի վրա ԵԱՀԿ-ի առաջարկած ճանապարհային քարտեզն է: Քննարկումները վարում է գերմանացի վետերան դիվանագետ Վոլֆգանգ Իշինգերը: Ներգրավված են կառավարության անդամներ, պատգամավորներ, մարզերի ղեկավարներ, նախկին առաջնորդներ, բայց ռուսամետ անջատողականների ներկայացուցիչներ չկան:

Մոսկվան աջակցություն է հայտնել ԵԱՀԿ-ի ծրագրին՝ միաժամանակ պահանջելով, որ Կիևը դադարեցնի ուժային գործողությունները արևելյան շրջաններում ու այդ շրջանների ներկայացուցիչների հետ երկխոսության մեջ մտնի մինչև մայիսի 25-ին նշանակված Ուկրաինայի նախագահական ընտրությունները:

Այդ ընտրությունները Ռուսաստանը լեգիտիմ չէր համարում, բայց վերջին շրջանում ընտրությունների նկատմամբ Մոսկվայի շեշտադրումներում որոշ փոփոխություն կա:

Երեկ ռուսական հեռուստաընկերության հարցազրույցում Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը ասել է, որ ավելի լավ է այդ ընտրությունները անցկացվեն: Նրա խոսքերով՝ չնայած ներկայիս իրավիճակում, ուժային գործողությունների պայմաններում ընտրությունները լեգիտիմության պակաս կունենան, բայց ընտրություններ չանցկացնելը ավելի վատ իրավիճակ կստեղծի: «Պետք է ընտրել չարյաց փոքրագույնը», - նշել է Նարիշկինը, ով համարվում է Ռուսաստանի նախագահի մերձավոր զինակիցներից մեկը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի նախագահական ընտրությունների անցկացումը ճիշտ ուղղությամբ քայլ էր համարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG