Մատչելիության հղումներ

logo-print

Հայկական մեկ խաղաղապահ ստորաբաժանում կտեղակայվի Քաբուլում


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է Աֆղանստանում տեղակայված հայ խաղաղապահների հետ, արխիվ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է Աֆղանստանում տեղակայված հայ խաղաղապահների հետ, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորությամբ, մայիսի 12-13-ը Գերմանիայի Պոտսդամ քաղաքում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող ISAF առաքելության Հյուսիսային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների ռազմաքաղաքական պլանավորման համաժողովին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ համաժողովի ընթացքում քննարկվել են Աֆղանստանում 2015 թվականի հունվարից մեկնարկող ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության պլանավորմանն առնչվող հարցեր:

Համաժողովին մասնակցող 19 երկրների կողմից համաձայնեցվել է Աֆղանստանի հյուսիսում ստեղծվելիք հրամանատարության կառուցվածքի, զորային պլանավորման և ապահովման հայեցակարգը: Հայկական կողմը Հյուսիսային հրամանատարության ղեկավար պետություն հանդիսացող Գերմանիային վերահաստատել է «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցելու հանձնառությունը:

Համաժողովի շրջանակներում Լևոն Այվազյանը և Գերմանիայի պաշտպանության նախարարության ռազմավարության և գործողությունների դեպարտամենտի ղեկավար, դերծովակալ Թոմաս Յուգելը ստորագրել են հայկական մեկ խաղաղապահ ստորաբաժանումը Քաբուլի Քեմփ Քասաբա զինավանում վերատեղակայման և ապահովման խնդիրները կարգավորող միջգերատեսչական տեխնիկական համաձայնագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG