Մատչելիության հղումներ

Կուտակայինի հարցում խորհրդարանում տրամադրությունները գրեթե չեն փոխվել


«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող կառավարության նախաձեռնությունն առաջին ընթերցումից հետո շատ քիչ է փոփոխվել. անկախ աշխատակցի` համակարգին մասնակցել-չմասնակցելուց` պետությունը նրա օգտին պետական բյուջեից կշարունակի 5 տոկոսի չափով գումարներ կփոխանցել: Միայն ժամկետներ են հստակեցվել` մինչև սեպտեմբերի 30-ը։

Չնայած ստացված առաջարկությանը, կառավարությունը չի հրաժարվել իր նախնական տեսակետից․ եթե աշխատողը չի ցանկանում մասնակցել կուտակային կենսաթոշակային համակարգին, պետք է դիմում գրի։ Ոչ իշխանական քառյակը, նրանց հետ նաև «Օրինաց երկիր»-ը, կառավարությանն առաջարկում էր խնդրի լուծման միանգամայն հակառակ լուծում՝ քաղաքացին դիմում է գրում այն դեպքում, երբ ցանկանում է մասնակցել պարտադիր կուտակային համակարգին։

Խորհրդարանի ոչ իշխանական ուժերի որոշ ներկայացուցիչներ, նրանց թվում նաև ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը, կառավարության ընտրած տարբերակը հակասահմանադրական են համարում։

«Այս դրույթը…քաղաքացու դիմումը խուճուճացրել ենք. ինքը դիմում գրի «չէ»-ի՞ համար, թե՞ դիմում գրի «կողմ»-ի համար: Սա արդեն հակասահմանադրական է: Ի՞նչ է նշանակում մարդը դիմում գրի ինչ-որ բանի չմասնակցելու համար: Քաղաքականապես ակտիվը, համարձակը, ըմբոստը, որ ռիսկ է անում գնալ ադմինիստրացիայի դեմ, հարյուրից մեկն է, տասից մեկն է: Ո՞վ չի հասկանում, որ դուք այս խնդիրը դիմումի` դրական, թե բացասական, պոզիտիվ իրավունք, թե նեգատիվ իրավունք, այս խնդիրը լուծում եք, որ ձգեք մինչև սեպտեմբերի 30-ը, ձեր պլանը կատարեք», - ասաց Մանուկյանը:

ՀԱԿ-ից Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ ստեղծված իրավիճակի հիմնական մեղավորը «մեր փառապանծ» ՍԴ-ն է՝ իր որոշմամբ. - «Սահմանադրական դատարանը վիճարկվող հոդվածները ճանաչել է Սահմանադրությանը թե’ հակասող, և թե’ հայտարարել է դրանց անվավերության մասին: Այսինքն, եթե արդեն անվավեր ենք հայտարարում, այդ անվավեր հայտարարվածը չի կարող տարաժամկետվել: Բայց քանի որ նաև 7-րդ կետում գրել է, որ տարաժամկետում է, դրա համար այս ստեղծված իրավիճակի համար հիմա ինչքան էլ փորձեն տարբեր քաղաքական ուժեր տարբեր մարմինների մեղադրել, մեկը մյուսին մեղադրել, հիմնական մեղադրողը մեր փառապանծ Սահմանադրական դատարանն է, որը, իմ հայտնի մի ասացվածքի համաձայն, ցանկացել է հա’մ կույս մնալ, հա’մ հաճույք ստանալ»:

Հանրապետական Հակոբ Հակոբյանն արձագանքեց Ջհանգիրյանի հայտարարություններին. - «Ես միանում եմ Ձեզ, ասում եմ` Դուք ճիշտ եք, Սահմանադրական դատարանի Ձեր որոշումը բացարձակ ճիշտ է: Եվ կարդում Սահմանադրական դատարանի որոշման հետևյալ կետը` մինչև սեպտեմբերի 30-ը, երբ որ մենք չունենք հիմնական փոփոխությունը, Սահմանադրական դատարանի` Ձեր մեկնաբանությամբ որոշման վրա պարտադիրը մնում է… Կոչ եմ անում կոչ չանել»:

Խորհրդարանի ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներն այսօր ամբիոնից հայտարարեցին, որ Ճարտարագիտական համալսարանի 100 աշխատակիցներից նամակ են ստացել: Ինչպես Գագիկ Ջհանգիրյանն ասաց՝ նրանց ստիպում են, որ համաձայնեն պարտադիր համակարգին։

Ընդդիմադիրները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից երաշխիքներ պահանջեցին, որ պետական հիմնարկների աշխատակիցները ևս հնարավորություն կունենան ազատորեն դիմումներ գրել և չմասնակցել պարտադիր կուտակային համակարգին:

Արտեմ Ասատրյանը հավաստիացրեց. - «Պետական մարմինների առումով միանշանակ բացառում եմ հանձնարարականները, հրահանգները»:

Կառավարության առաջարկած փոփոխություններին առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց միայն Հանրապետական խմբակցությունը: Վաղը նախատեսված երկրորդ ընթերցման քվեարկությունից առաջ էլ խորհրդարանում տրամադրությունները չէին փոխվել։

Երեկ օրինագծին դեմ քվեարկած «Ժառանգություն»-ից Թևան Պողոսյանը միայն հետևյալ հայտարարությամբ հանդես եկավ. - «Նախկին կառավարության մեծագույն պրոբլեմը այս բարեփոխումը բացատրելու [հարցում] եղավ այն, որ անհնարին էր ամեն քաղաքացուն բացատրել իր օգուտը: Վստահ եմ, որ կար: Վստահ եմ, որ նախկին համակարգն էլ, եթե սկսեր աշխատել, կունենար դրական գաղափարներ: Մարդիկ կձևավորեին նոր վարքագիծ, կսկսեին կուտակելու սովորել… Դրա համար կոչ եմ անում ձեզ` եթե հնարավոր է, հոդված 3-ի փիլիսոփայությունը փոխեք: Փոխեք այն իմաստով, որ ոչ թե ես գամ դիմում գրեմ, ասեմ` խնդրում եմ ինձ չհաշվառել, այլ գամ դիմում գրեմ, ասեմ` խնդրում եմ ինձ հաշվառել»:

Ոչ իշխանական քառյակի տեսակետը նախագծի քվեարկության հարցում երեկ կիսվեց՝ պարտադիր համակարգի ընդդիմախոսներ Դաշնակցությունն ու «Բարգավաճ Հայաստան»-ը ձեռնպահ արտահայտվեցին, ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը՝ դեմ:

Դաշնակցական Արծվիկ Մինասյանն այսօր անգամ գովեց նախագիծը. - «Ուզում եմ վերահաստատեմ` այս նախագծի ընդունմամբ «պարտադիր կուտակային բաղադրիչ» հասկացությունը վերացվում է «կամավոր» հասկացությամբ: Կամ կարող ենք ձևակերպել հետևյալը`կամավորությունը դառնում է էական հիմք»:
XS
SM
MD
LG