Մատչելիության հղումներ

Օլանդը Վրաստանի ղեկավարների հետ քննարկել է ղարաբաղյան հիմնախնդիրը


Ֆրանսիայի և Վրաստանի նախագահների համատեղ ասուլիսը Թբիլիսիում, 13-ը մայիսի, 2013թ․
Ֆրանսիայի և Վրաստանի նախագահների համատեղ ասուլիսը Թբիլիսիում, 13-ը մայիսի, 2013թ․

Ֆրանսիայի նախագահը ցանկություն է հայտնել, որ Վրաստանը ևս որպես գործընկեր ներգրավվի ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում:

Եվրատլանտյան ինտեգրացիա, երկկողմ տնտեսական և ռազմական կապերի ամրապնդում, Ուկրաինա և Լեռնային Ղարաբաղ` ահա այն հիմնական թեմաները, որ երեկ Թբիլիսիում կայացած բանակցությունների ընթացքում քննարկում էին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Այն մասին, որ հայ - ադրբեջանական հակամարտությունը ևս եղել է թբիլիսյան բանակցությունների օրակարգում, Վրաստանի նախագահի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Ֆրանսուա Օլանդը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտության լուծումը ևս այն հարցերից է, որի շուրջ մենք համագործակցում ենք Վրաստանի հետ: Դուք տեղյակ եք, որ [մինչև Թբիլիսի ժամանելը] ես այցելել եմ այդ երկրներ: Ֆրանսիան նաև Մինսկի խմբի համանախագահ պետություն է: Իմ ցանկությունն է, որ Վրաստանը ևս որպես գործընկեր ներգրավվի այս պրոցեսում», - նշում էր Օլանդը:

Ֆրանսիայի նախագահի գլխավոր ուղերձը, սակայն, վերաբերում էր Վրաստան - Եվրամիություն հարաբերություններին:

«Իմ այցը Վրաստանը նպատակ ունի մեկ անգամ ևս ընդգծել այն աջակցությունը, որ Ֆրանսիան ցուցաբերում է Վրաստանի եվրոպական ձգտումներին, երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Մենք այս այցով ցանկանում էինք ընդգծել, որ միանշանակորեն աջակցում ենք նաև այն ասոցացման համաձայնագրին, որ շուտով Վրաստանը կստորագրի Եվրամիության հետ», - հայտարարեց Օլանդը:

Ի դեպ, դիմելով լրագրողներին, Ֆրանսիայի ղեկավարը հատուկ հիշեցրեց, որ 2008 թվականի օգոստոսյան պատերազմը հնարավոր եղավ դադարեցնել հենց պաշտոնական Փարիզի ջանքերի շնորհիվ:

«Այն ժամանակ Ֆրանսիան որպես Եվրամիության նախագահությունը ստանձնած պետություն արեց ամեն ինչ ռազմական գործողությունները դադարեցնելու և հրադադարի մասին համաձայնագիր մշակելու համար», - ասել է Ֆրանսուա Օլանդը՝ շարունակելով․ - «Չնայած դրան, այսօր մենք տեսնում ենք, որ այդ համաձայնագրի ոչ բոլոր դրույթներն են կյանքի կոչվել: Ես նախկինում էլ վրացական իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ դա ասել եմ, այժմ էլ ստիպված եմ կրկնել` Վրաստանի տարածքային ամբողջականությունը ոտնահարված է և մինչ օրս չի վերականգնվել»:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի խոսքով էլ՝ ֆրանսիացի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ իրենք չեն շրջանցել նաև երկկողմ ռազմական համագործակցության հարցերը, ինչպես նաև Վրաստանի` ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալու ցանկությունը:

«Մենք խոսեցինք նաև սեպտեմբերին Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասին: Վրացական պատվիրակությունն այդ համաժողովին մեկնելու է մեծ հույսերով` ակնկալելով, որ դաշինքի մեր գործընկերները համարժեք աջակցություն կցուցաբերեն Վրաստանին», - հայտարարում էր Մարգվելաշվիլին:

Թբիլիսյան բանակցությունների ընթացքում երկու նախագահները բավական ակտիվորեն քննարկել են նաև Ուկրաինայում ստեղծված կացությունը: Ֆրանսիայի նախագահի խոսքով` Եվրամիությունը պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ, եթե մայիսի 25-ին Ուկրաինայում նախատեսված նախագահական ընտրությունները տապալվեն:

«Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ Ռուսաստանը կարծում է, թե կարող է ապակայունացնել իրավիճակը` հավելյալ տարածքների հանդեպ վերահսկողություն սահմանելու նպատակով: Մենք դատապարտում ենք նման քաղաքականությունը, և այժմ արդեն Եվրոպական միությունը կենտրոնացրել է իր ուժերը, որպեսզի մայիսի 25-ի ուկրաինական ընտրությունները հաջողությամբ ավարտվեն: Այդ ընտրությունները շատ հստակ արդյունքի կհանգեցնեն` երկրում կհաստատվի օրենքի գերակայությունը, կընտրվի նախագահ: Բայց եթե այդ ընտրությունները տապալվեն կամ շարունակվի իրավիճակի հետագա ապակայունացումը, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները կխստացվեն», - հայտարարեց Օլանդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG