Մատչելիության հղումներ

Երեկ Մաշտոցի պուրակից բերման ենթարկված երիտասարդները բարձրաձայնում են ոստիկանական բռնությունների մասին:

Գևորգ Սաֆարյանը այսօր դատաբժշկական փորձաքննության ենթարկվեց, ոստիկանական բաժանմունքում նրա համար երեկ երկու անգամ շտապ օգնություն են կանչել, բժիշկները ախտորոշել են ոտքի սալջարդ, Գևորգը դժվարությամբ տեղաշարժվելով եկավ փորձաքննության կենտրոն: Մեզ հետ զրույցում պատմում էր, որ բռնությունները սկսվել են դեռ այգում, երբ մարդաշատ հատվածից իրեն մեկուսացնելով ոստիկանները սկսել են հարվածներ հասցնել:

«Ոտքերով և ձեռքերով սկսեցին խփել, որից հետո ինձ ձեռքերից, ոտքերից վերցրած տարան ոստիկանական մեքենա, որտեղ ոստիկանները սեղմեցին ինձ երկու նստատեղի արանքում, հատակին, ու սկսեցին խփել բռունցքներով և ոտքերով: Իմանալով, որ ցավոտ տեղ է՝ խփում էին ծնկին, ծունկը դրել էր պարանոցիս շրջանում ու խեղդում էր: Ձեռքս բռնեց ոլորեց ջարդելու չափ: Երբ ես սկսեցի գոռալ, որ՝ դու ջարդում ես ձեռքս, ինքը ասաց լավ եմ անում, ես դիտավորյալ եմ քեզ ցավ պատճառում: Հայհոյանքներ՝ ձեր նման քաղաքացիները չպիտի ապրեն, ձեզ պետք է վերացնել», - պատմում էր ակտիվիստը:

Գևորգի պատմելով, իրավապահները ևս ծեծել են նաև ոստիկանական նույն մեքենայում գտնվող մեկ այլ ակտիվիստի՝ Դվին Իսայանին՝ փորձելով խեղդել: Ճանապարհին նա ուշագնաց է եղել: Իսկ հայհոյանքները, Գևորգի խոսքով, շարունակվել են նաև ոստիկանական բաժանմունքում, մինչև փաստաբանների ժամանելը:

Երիտասարդները երեկ այգի էին եկել պաստառներով՝ պահանջելով երևանյան այլ պուրակ անվանակոչել Միսաք Մանուշյանի անունով՝ Մաշտոցի այգին թողնելով որպես քաղաքացիական պայքարի խորհրդանիշ: Ֆրանսուա Օլանդը և Սերժ Սարգսյանը դեռ չէին ժամանել այգի, երբ իրավապահները, ուժի կիրառմամբ երիտասարդներին հրելով, քարշ տալով, գրկած հեռացրին տարածքից՝ ոստիկանական մեքենաներով տեղափոխելով բաժին։

Բռնությունների մասին պատմեց նաև մեկ այլ մեքենայով բերման ենթարկված Անի Խաչատրյանը․ - «Իմ մազերից քաշելով տարան ու կարելի է ասել՝ շպրտեցին մեքենայի մեջ: Մեքենայում բավականին լկտի պահվածք էին դրսևորում ոստիկանները: Երկու ոստիկան երկու կողմից կարելի է ասել նստել էին իմ գիրկը ու սեղմում էին ամբողջ ուժով: Երբ ես ասացի՝ օդ չկա շնչելու, ներկայացրեք ձեր օրինական հիմունքը, ներկայացրեք, թե ովքեր եք, նրանից մեկը ձեռքը դրեց վզիս ու ինձ խեղդում էր: Ամբողջ ընթացքում ինքը ինչքան ուժ ուներ սեղմում էր իմ փորին: Փորձեցի հեռախոսով զանգել, ուղղակի խլեցին իմ ձեռքից շատ կոպիտ հեռախոսս ու շպրտեցին դիմացի նստարանի վրա, շատ անպատիվ խոսքերով վիրավորում էին ինձ»:

Ոստիկանները, մինչդեռ, երեկվա միջադեպից հետո Գևորգ Սաֆարյանի նկատմամբ են քրեական գործ հարուցել 316-րդ հոդվածի առաջին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դրա սպառնալիքը։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում Սաֆարյանը կարող է ազատազրկվել մինչև 5 տարի ժամկետով: Նա ազատ է արձակվել քաղաքից չհեռանալու մասին ստորագրությամբ:

«Առհասարակ ծիծաղելի է, երբ որ քո վրա հարձակվում է մոտ 40 ոստիկան, քեզ սկսում է ծեծել, հետո քեզ մեղադրում են, որ դու այդ 40-ի վրա ուժ ես կիրառել», - ասում է ակտիվիստը, - «Քանի որ իմ և՛ դեմքի վրա ակնհայտ էր արդեն վնասվածքները, և՛ ծունկս լուրջ վնասվածքներ ունի, պարզ էր, որ ոստիկանությունը բռնություն է կիրառել, և որպեսզի կոծկվի ոստիկանության բռնությունը, ինչպես, օրինակ, Արգիշտի Կիվիրյանի պարագայում, իրենք են նախահարձակ լինում»:

Ավելին, Գևորգը վկայակոչում է տեսանյութեր, որտեղ լսվում է՝ ինչպես է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն անձամբ ցուցում տալիս իրեն բռնության ենթարկել, հարուցված քերական գործն էլ ակտիվիստը համարում է ոստիկանության վրեժը, քանի որ տարբեր ակցիաներից ինքը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում:

Բերման ենթարկված մյուս վեց ակտիվիստների նկատմամբ կիրառվելու է վարչական տույժ։ Անի Խաչատրյանը և Արսեն Օհանյանը մտադիր չեն վճարել տուգանքը, ասում են՝ սա ոստիկանության արդեն սովորական գործելաոճն է․ իրենց նախապես հեռացրել են տարածքից՝ փորձելով ցույց տալ, որ այգում բոլորը գոհ են:

«Մենք ուղղակի այգում կանգնած էինք: Մենք ոչ մի օրենք չենք խախտել, ոչ ոք մեզ օրինական պահանջ չի ներկայացրել: Այդ պահին ոչ մի պահանջ ընդհանրապես չի եղել՝ այսինքն իրենք ուղղակի եկան ու սկսեցին հրել: Պաստառ ունեինք՝ փոքրիկ A4 ֆորմատի թղթեր էին, որոնց վրա ուղղակի գրված էր, որ Մաշտոցի պուրակը քաղաքացիական պայքարի արդյունք է», - ասում է Անի Խաչատրյանը:

«Պարզապես ուզում էի հեռախոսովս տեսանկարահանել Շահնազարյան Աննային բերման ենթարկելու դրվագը, ու դեռ չհասցրեցի նկարահանել, ոստիկանությունից մի մայոր ասաց՝ սրան էլ տարեք: ․․․ինձ ճանաչելով որպես քիչ թե շատ ակտիվ քաղաքացի՝ զուտ դրա համար: Թե չէ այդ օրինական պահանջ կոչվածը, որ իրենք անընդհատ շեշտում են, բացարձակ չկարողացան ասել որն է», - պատմում է Արսեն Օհանյանը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը լուրջ մտահոգված է այս միջադեպով, ասում է՝ իրեն բարեփոխիչ հռչակած Վլադիմիր Գասպարյանի կառույցում բռնությունը դառնում է իշխող․ - «Չեմ հիշում այդ գերատեսչության որևէ ղեկավարության օրոք լինեին այսքան բռնություններ, ինչպես մենք տեսնում ենք անցած տարվանից քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ: Շատ կուզենայի, որ Վլադիմիր Գասպարյանը, ով ակնհայտորեն բռնության սիրահար է, կրթեր իր տգետ ոստիկաններին, և ոչ թե գրական որոշ բառեր գործածելով, հայտարարելով, հրեշտակ անվանելով, համարեր, որ ինչ-որ բան բարեփոխվել է, երբ մենք տեսնում ենք, թե ինչպես են այդ հրեշտակները խեղդում, ծեծում նենգաբար»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG