Մատչելիության հղումներ

ԵՏՀ պաշտոնյա․ «Եվրասիական միության սահմանը կանցնի ՀՀ ընդունված սահմաններով»


Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը Մինսկում, 29-ը ապրիլի, 2014թ․

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը Մինսկում, 29-ը ապրիլի, 2014թ․

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո միության ընդհանուր սահմանը կանցնի Հայաստանի Հանրապետության ընդունված սահմաններով, իսկ Եվրասիական միությանը Լեռնային Ղարաբաղի անդամակցության հարցը անգամ չի էլ քննարկվում:

Երևանի, Մոսկվայի, Աստանայի ու Մինսկի միջև լրագրողների համար այսօր կազմակերպված տեսակամուրջի ժամանակ այսպիսի ուշագրավ հայտարարություն արեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Զարգացման և ինտեգրացիայի դեպարտամենտի Միջազգային գործակցության բաժնի պետ Անտոն Ազարովը:

Լրագրողի հարցը հնչեց այսպես՝ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո որտեղո՞վ է անցնելու միության ընդհանուր սահմանը, արդյոք Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ լինելո՞ւ է, թե՞ Ղարաբաղը, փաստորեն, դառնալու է Եվրասիական միության անդամ:

«Պատասխանեմ միանշանակ. Մաքսային միությանը կամ մեր որևէ միությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անդամակցության հարցն անգամ չի էլ քննարկվում, [միության] սահմանները անցնելու են Հայաստանի Հանրապետության ներկայումս ընդունված սահմաններով», - ասաց Ազարովը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնյայի հայտարարությունն ուշագրավ է այն առումով, որ Հայաստանի իշխանության բարձրագույն ներկայացուցիչները նախկինում բազմիցս հայտարարել են, որ Մաքսային միությանը կամ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև սահման չի հաստատվի և մաքսակետ չի տեղադրվի, այդ հարցը լուծված է:

Հարցն արդիական էր դարձել հատկապես այն բանից հետո, երբ, լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների համաձայն, Ղազախստանն ու Բելառուսը դեմ էին հանդես եկել, որ Մաքսային միությունում Հայաստանի հետ միասին հայտնվի նաև Լեռնային Ղարաբաղը, ինչը նշանակում է, որ միությանը Երևանի անդամակցությունից հետո Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև պետք է մաքսակետ տեղադրվի:

Հայաստանի իշխանությունները նաև բազմիցս հավաստիացրել են, թե հարցը լուծված է, և միության անդամ դառնալուց հետո Արցախի հետ սահմանին մաքսակետ չի տեղադրվի, սակայն, այսօր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյան փաստորեն ճիշտ հակառակ հայտարարություն արեց:

Երևանից տեսակամուրջին մասնակցում էր Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Արտակ Զաքարյանը, ով արձագանքելով Ազարովի հայտարարությանը՝ միայն ասաց, թե Լեռնային Ղարաբաղը գտնվում է Եվրասիական տնտեսական միության աշխարհագրական տարածքում և, որ ղարաբաղյան հարցի քաղաքական լուծումից հետո Եվրասիական միությունում ինտեգրացիոն գործընթացները նոր ազդակ կստանան:

Տեսակամուրջից հետո միայն հայաստանցի լրագրողների հետ զրույցում Արտակ Զաքարյանը բացառեց, որ ՀՀ ու Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ կտեղադրվի:

«Ես կարծում եմ, որ այստեղ կա որոշակի թյուրիմացություն լրագրողի հարցը ընկալելու առումով: Այնուամենայնիվ մի բան հստակ է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսային սահման որևէ պայմաններում գոյություն ունենալ չի կարող», - ասաց նա:

Հայաստանի արտգործնախարարությունից այսօր հրաժարվեցին արձագանքել Անտոն Ազարովի խոսքերին:

Ցայսօր հայտնի չէ՝ Հայաստանը ե՞րբ է ստորագրելու


Ազարովը ուշագրավ ևս մեկ հայտարարություն արեց․ պաշտոնյան տեղեկացրեց, որ ցայսօր հայտնի չէ՝ ե՞րբ է Հայաստանը ստորագրելու Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու պայմանագիրը, և ներկայումս միայն խնդիր է դրված՝ մինչև հունիսի 1-ը նախապատրաստել այդ պայմանագրի նախագիծը:

«Մայիսի 29-ին Աստանայում կստորագրվի Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիր: Այդ փաստաթուղթը ազգային խորհրդարաններով կանցնի վավերացման գործընթաց և ուժի մեջ կմտնի 2015թ․ հունվարի 1-ից: Սա ասում եմ, որ պարզ լինի ընդհանուր առմամբ ինչ խնդիրներ են դրվում այս տարվա համար: Ինչ վերաբերում է Հայաստանի միացմանը, կրկնեմ, առայժմ խնդիր է դրված մինչև հունիսի 1-ի նախապատրաստել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի նախագիծը: Չեմ ասի, երբ տեղի կունենա այդ փաստաթղթի ստորագրումը, քանի որ այն կողմերի միջև բանակցությունների առարկա է», - ասաց նա:

Տեսակամուրջից հետո Արտակ Զաքարյանից հետաքրքրվեցինք՝ այնուամենայնիվ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Մաքսային միությունում առաջացած հակասությունների պատճառով է հետաձգվում Հայաստանի անդամակցությունը միությանը:

«Բոլոր երկրների միջև կան խնդիրներ համաձայնեցնելու, և դրանով իսկ պայմանավորված նույնիսկ դժվար է նշվում ժամկետները: Ինչպես տեսաք՝ և՛ ռուսական կողմը, և՛ ղազախական կողմը, և՛ բելառուսական կողմը ձեռնպահ են մնում ժամկետներ նշելուց: Հայաստանը պարագայում գործընթացը ընդամենը այս պահին գտնվում է համաձայնագրի փաստաթղթի նախապատրաստման փուլում, որը կներկայացվի պետությունների ղեկավարների քննարկմանը», - ասաց նա:
XS
SM
MD
LG